Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ

Նոյեմբեր 07,2001 00:00

ԾԻԾԱՂԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Աշոտ Ղազարյան- բարի է, հյուրընկալ, հյուրասեր ու հաճելի զրուցակից։ Ունի հրաշալի կին եւ երեխաներ։ Մարդկային փոխհարաբերություններում գնահատում է ազնվությունը, անկեղծ նվիրվածությունը, կամեցողությունն ու օգնելու պատրաստակամությունը։ Չի հանդուրժում կեղծիքը, անպատասխանատվությունն ու անճշտապահությունը։ Հոբբիներն են գեղանկարչությունն ու երգը։ Ըստ նրա՝ երգին նախ եւ առաջ պետք է հոգի ու սիրտ, հետո միայն ձայն։ Ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել տանը՝ ընտանիքի ու ընկերների ընկերակցությամբ։ Երբեւէ չի պատրաստվում հեռանալ Հայաստանից եւ համոզված է, որ գնացածների զգալի մասը վաղ թե ուշ վերադառնալու է։ – Վերջերս հյուրախաղերով մեկնել էիք ԱՄՆ։ Պատմեք այդ մասին։ – Ինչպես գիտեք, տարեսկզբին «Շարմ»-ի հետ մենք բեմադրեցինք «Բարեւ, ես մնում եմ» տրագիկոմեդիան, որի թեման արտագաղթն էր, եւ մենք որոշեցինք այն ներկայացնել նաեւ ԱՄՆ-ում։ Գնացինք ու շատ լավ անցավ։ Ներկայացումը երկու անգամ խաղացինք Լոս Անջելեսում, մեկ անգամ՝ Ֆրեզնոյում եւ յուրաքանչյուր ներկայացման ավարտին լեփ-լեցուն դահլիճը շատ երկար ժամանակ, մոտ 40 րոպե չէր դադարում հոտնկայս ծափահարել մեզ։ Եվ քանի որ ներկայացումը տրագիկոմեդիա էր, ինձ խնդրեցին նաեւ հանդես գալ իմ ոճի մեջ, ինչն, իհարկե, ես չմերժեցի եւ հումորային մեկ ծրագիր ներկայացնելուց հետո միայն վերադարձա Երեւան։ Մի քանի օր հետո կրկին մեկնեցի հյուրախաղերի, բայց այս անգամ Օդեսա, որտեղ հայ համայնքը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված քրիստոնեության 1700-ամյակին։ – «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 7-8-ին տեղի կունենան ձեր մենահամերգները, որ կրում է «Ծիծաղի ճանապարհով՝ երեկ, այսօր…» խորագիրը։ – Խորագիրը պատահական չի ընտրված։ Սա այն ճանապարհի մասին է, որով ես անցել եմ տարիների ընթացքում։ Մենահամերգները կառուցված են հերթականության սկզբունքով եւ դրանցում կներկայացվեն իմ բոլոր տարիների աշխատանքներից՝ սկսած իմ առաջին հումորից մինչեւ մեր օրերը։ Ինձ թվում է, որ ժողովուրդն այն կհավանի, որովհետեւ շատ անմիջական ու մտերմիկ երեկոներ են լինելու, որտեղ ես կներկայացնեմ իրական դեպքեր, հումորներ, պարոդիաներ, անեկդոտներ եւ, իհարկե, կենդանի հնչողությամբ մի քանի երգեր։ Ըստ իս, այդ երեկոները հաճելի հուշեր կարթնացնեն իմ սերնդակիցների մեջ, իսկ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ իմ անցած ստեղծագործական ուղուն։ – Գիտեմ, որ պատրաստվում եք թողարկել Ձեր երկրորդ ձայներիզը։ Ի՞նչ երգեր տեղ կգտնեն այնտեղ։ – Ձայներիզում կընդգրկվի 12 երգ, որ արդեն ընտրված է եւ դրանցից միայն 2-ն են լսված ու հին, իսկ մնացած տասը երգը բացառապես նոր է։ Հին երգերից մեկը «Մեր բակը» ֆիլմում հնչող «Չեմ կարող մոռանալ» երգն է, որը ժողովուրդը շատ սիրեց, եւ կարծում եմ, որ կուզենան նաեւ այդ երգն ունենալ։ Մյուս երգը իմ կողմից շատ սիրված «Ես ուզում եմ, որ անվերջ» երգն է, որը երգել եմ 50-ամյակիս նվիրված միջոցառման ժամանակ։ Ձայներիզը հավանաբար կկրի «Չեմ կարող մոռանալ» անվանումը եւ կթողարկվի գարնանը։ – Աշոտ Ղազարյանի ստեղծագործական ժառանգությունը։ – Ամեն տարի ես թողարկում եմ անեկդոտների նոր տեսաերիզ, որն ինքնին տրամադրություն է, եւ մեզնից հետո եկող սերունդները հնարավորություն կունենան նույնպես դրանք նայել եւ նրանց տրամադրությունը եւս կբարձրանա։ Իմ հիմնական նպատակն այն է, որ մեր անեկդոտները չկորչեն։ Տեղեկացնեմ, որ այս տարվա տեսաերիզի նկարահանումներն արդեն վերջացրել ենք եւ, ինչպես միշտ, ժողովրդին կմատուցենք ամանորի նախաշեմին։ Այս տեսաերիզը իրոք հաջող է ստացվել եւ նրանում ինձ հետ նկարահանվել են արվեստակից ընկերներիցս շատերը՝ Արամոն, Հրանտը, Հարութը եւ այլք։ Ի դեպ, ես ինչ անում եմ՝ իմ ընկերների հետ եմ անում։ – Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ հումորիստներին։ – Այժմ բավականին շատ են հումորիստները, որոնք նոր տեսաերիզներ, նոր ձայներիզներ, նոր ծրագրեր են անում եւ ես նրանց բոլորին համարում եմ ինձ կոլեգա եւ գտնում եմ, որ նրանք վատ բան չեն անում, այլ ուղղակի ուզում են մարդկանց ուրախացնել։ Նրանք շարունակում են իմ գործը եւ ես համոզված եմ, որ ոչ մեկը միանգամից գլուխգործոց չի արել։ Կատարելության հասնելու համար նրանք պետք է ձեռք բերեն տարիների փորձ, որը կլինի իրենց իսկ սխալների ու թերությունների արդյունքում։ Ես ուրախանում եմ եւ, օգտվելով առիթից, իմ արվեստագետ ընկերներին, ոչ միայն իմ ժանրում, մաղթում եմ միմիայն հաջողություններ։ Ու թող հաջողություններն ավելի շատ լինեն, քան սխալները։ – Մտադիր չե՞ք հումորի դպրոց բացել։ – Մենք հումորով ազգ ենք, բայց, ցավոք, այսօր հումորի դպրոց չունենք։ Մեր շուրջը կան շատ շնորհալի մարդիկ, բայց նրանց հետեւող եւ նրանցով զբաղվողներ չկան։ Կան նաեւ մեծ թվով սրամիտներ, որոնց եթե ուղղող ուսուցիչ լինի, նրանք սրամիտ շատ պատմություններ կկարողանան գրի առնել, եւ դրանք եւս անհետ չեն կորչի։ Հումորի դպրոց հիմնելն իմ ողջ տարիների երազանքն է եղել, բայց դրա իրականացման համար անհրաժեշտ է պետական հովանավորություն, թեկուզ մի կիսակառույց շենք, որն իմ ընկերների օգնությամբ կվերանորոգենք, եւ այն կծառայի իր նպատակին ու ապագայում կտա իր դրական արդյունքը։ – Խոսենք նաեւ առաջիկա ծրագրերից։ – Արվեստագետը երբեք չպետք է բավարարվի իր արածով եւ մշտապես պետք է ապագայի հետ կապված նոր ծրագրեր ու պլաններ ունենա։ Ես արդեն ունեմ նոր հրավերներ ԱՄՆ-ից ու Դուբայից։ Ֆրանսիայից եւս ստացել եմ ամանորյա հյուրախաղերի հրավեր, որին առայժմ վերջնական պատասխան չեմ տվել։ Առաջիկայում Վահրամ Սահակյանի հետ պլանավորել ենք մի նոր ներկայացում, որն իր բնույթով նորություն է լինելու եւ ավելի շատ նմանվելու է շոու ծրագրի։ Գարնանը թողարկվող ձայներիզից հետո կթողարկվի նաեւ իմ հաջորդ տարվա տեսաերիզը։ Բացի այդ, ես սիրով մասնակցում եմ տարբեր միջոցառում-համերգների, այդ թվում եւ բարեգործական, իսկ շուտով կսկսվեն ամանորյա նկարահանումները։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել