Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայրենիք

Նոյեմբեր 07,2001 00:00

Խոստանում են ցնցող բացահայտումներ «Հայրենիք ու պատիվ» միության ասուլիսին լրագրողների սակավ մասնակցությունը բոյկոտ ու դավադրություն որակվեց։ Իսկ Միության խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը հայտարարեց, որ շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում ասուլիսը. «ՆԳ նախարարության, ՊԱԿ-ի գաղտնի ծառայությունների ներկայացուցիչները վխտում են»։ «Հասել է ցինիզմի աստիճանի, երբ մոռանում են, որ մենք այդ ծառայություններում աշխատել ենք եւ ոչ միայն գիտենք նրանց դեմքով, այլեւ գիտենք եւ տակտիկական»,- ասաց նա։ Սակայն «Հայրենիք ու պատիվ» միությանը անդամակցած «ՆԳ մարմինների, ուժային կառույցների նախկին աշխատակիցները՝ շարքայիններ, սպաներ, գնդապետներ ու բարձրաստիճան ղեկավարներ», նման դժվարությունների առջեւ երկնչողներից չեն եւ սպառնացին բազմաթիվ բացահայտումներ անել, իհարկե, չմոռանալով պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը։ «Սպայի պատիվ», «Փառապանծ մարտիկներ», «ՄՀՕՋ-ի վետերանների միություն», «Պահեստի եւ պաշտոնաթող սպաների միություն» եւ «Լույս» կազմակերպությունները միավորվելով «Հայրենիք ու պատիվ» միության մեջ՝ ձեւակերպել էին իրենց «գաղափարաքաղաքական հիմնադրույթները», որոնք երեկ ցանկացան ներկայացնել հասարակությանը։ Դրանում, ներկայացնելով Հայաստանում «ստեղծված կացությունը», տեղեկացնում են. «Այլ ելք չտեսնելով, մղված ազգային եւ մասնագիտական պատվախնդրությունից, որոշում ենք ընդունել ինքներս մտնել ակտիվ քաղաքականության մեջ»։ «Հայրենիք ու պատիվը» պահանջում է «ՀՀ նախագահի ու նրա վարչակարգի իշխանությունից հեռանալը», հայտարարում, որ «արեւմտյան պարտադրված լիբերալիզմը եւ գլոբալիզմը» կործանարար է Հայաստանի համար, պնդում, որ «արտաքին քաղաքականությունում Հայաստանը հաջողություններ եւ հեռանկար կունենա միայն Ռուսաստանի եւ քաղաքակրթական ընդհանրություններ ունեցող պետությունների եւ հոգեհարազատ ժողովուրդների հետ սերտ, բարեկամական հարաբերություններ հաստատելու դեպքում» եւ նաեւ սպառնում՝ «մենք ջանք չենք խնայի երկրում կարգ ու կանոնի հաստատման համար եւ անողոք պայքար ենք մղելու անօրինականության ցանկացած դրսեւորումների դեմ»։ Գառնիկ Մարգարյանն իր մտահոգությունը հայտնեց, որ «հասարակությունում տիրում է բարոյալքված վիճակ, հանրապետությունում բնակվող մարդը պաշտպանված չէ պետության, օրենքի կողմից, սոցիալական խնդիրների մասին էլ չեմ ասում, դուք ավելի լավ գիտեք, եւ այս բոլորը բերել է նրան, որ 3,5 միլիոնանոց բնակչությունից, մեր մոտավոր հաշվարկներով, այսօր հանրապետությունում ապրում է 1 միլիոն 6-8 հարյուր հազար բնակիչ»։ Ըստ պրն Մարգարյանի՝ Հայաստանում առկա վիճակը «ազդում է մեր ազգային կերպարի վրա։ Մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Արեւմուտքի 60 թթ. աղբարկղ նետված պոռնոֆիլմեր, քարոզչական այլ նյութեր, որը հակադրված է հայ մարդու, հայ ընտանիքի, հայ բարոյականության, կերպարի հետ։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ վխտում են տասնյակ հակաքրիստոնեական կազմակերպություններ, որոնց հովանավորներն են Արեւմուտքի խոշոր քաղաքական գործիչներ»։ Գառնիկ Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք անցկացնելու են հասարակական ուսումնասիրություններ՝ մի շարք ծանր հանցագործությունների հետ կապված, «դրանց թվում՝ «Հոկտեմբերի 27», «Պապլավոկ-Պողոսյան», նախկին դատախազ եւ մի շարք այլ փաստերի մասին»։ Պրն Մարգարյանը հավաստիացրեց, որ «արդեն բավականին նյութեր ունեն» եւ մոտակա 10 օրերին կայանալիք Կլոր սեղանին խոստացավ անուններ հրապարակել՝ «կապված էներգետիկ համակարգի, տնտեսական համակարգում 10-15 տիտանների մասին, որոնց ձեռքում է գտնվում հանրապետության ամբողջ տնտեսությոնը»։ «Հայրենիք ու պատիվ» միության խորհրդի անդամ Գեորգի Սարգսյանը անդրադարձավ ՆԳ համակարգում տիրող «անօրինական պայմաններին», որին չդիմանալով հեռանում են համակարգի 20 տարվա աշխատողները, քանի որ պաշտպանված չեն իրենց նախարարի կողմից, իսկ «ՆԳՆ-ի ղեկավարությունը միայն մտածում է իր աստիճանները բարձրացնելու եւ շքանշան ստանալու մասին»։ Պրն Սարգսյանը անարդարացի համարեց, որ ՆԳ աշխատողները, ի տարբերություն ՊՆ աշխատողների, արտոնություններ չունեն՝ թեեւ նրանց աշխատանքն էլ մեր երկրի համար պակաս կարեւոր չէ։ Ու պատճառն այն է, որ «ՆԳ նախարարն այնքան թույլ է, որ չի կարողանում իր աշխատողների սոցիալական պաշտպանության հարցերը լուծել»։ Ըստ պրն Սարգսյանի տվյալների՝ միայն 1%-ն է կազմում ՆԳՆ ընդունվել ցանկացողների թիվը, իսկ հեռացողների թիվը՝ 10% է։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել