Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետաքննության փոխարեն

Նոյեմբեր 07,2001 00:00

ԿԱՐԵՆ ԱՍԼՈՅԱՆԻ ԳՈՐԾԸ Հետաքննության փոխարեն 1998թ. մարտի 1-ի գիշերը, ժամը 6-ի սահմաններում (ըստ նախաքննության մարմնի՝ ժամը 5։30-ի սահմաններում) ինքնաձիգի 2 կրակոցից սպանվեց զինվոր Արմեն Աղաջանյանը։ Այդ կապակցությամբ քրեական գործ հարուցվեց, սակայն այն կարճվեց։ Նախաքննության մարմինը կանգ առավ զինվորի ինքնասպան լինելու հանգամանքի վրա (թող ինձ ներվի, մեր շատ «ինքնասպաններ» իրենց վրա «կարողանում էին» մեկից ավելի գնդակներ արձակել)։ Մեկ տարի անց ամբաստանյալի աթոռին հայտնվեց սերժանտ Կարեն Ասլոյանը։ Նա Վանաձորից էր, միջնակարգ կրթությամբ։ Կալանքի տակ վերցվեց 16.02.99- ից։ Նախաքննական մարմինը մեղադրանքի պաշտպանության ժամանակ պնդում էր, որ «Կ. Ասլոյանը քաջ տեղյակ լինելով այն մասին, որ այդ ժամանակ Աղաջանյանը որպես պահակախմբի անդամ ծառայություն է կրում պահակակետում… իրեն թույլ է տվել մոտենալ ու զրույցի բռնվել նրա հետ, ժամը 5։30-ի սահմաններում վերջինիցս խլել է նրա ինքնաձիգը, լիցքավորել եւ մոտ տարածությունից ընդհուպ կրակահերթ է արձակել Աղաջանյանի կրծքին՝ սպանելու դիտավորությամբ, ինչի հետեւանքով Աղաջանյանը տեղում մահացել է»։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի) արձանագրել էր, որ նախ. Կ. Ասլոյանը տառապում է կարճատեսությամբ (վկա Կ. Գրիգորյանը տեսել էր այդ գիշեր՝ «ակնոցներն աչքերին չեն եղել»), իսկ նախաքննության մարմինն էլ, ինչպես հիշում եք, ակնարկել էր 2 կրակոցի մասին։ Առաջին ատյանի դատարանում Կ. Ասլոյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ պնդել էր, որ դեպքի գիշերը «չի բացակայել զորանոցից»։ Ի դեպ, ըստ դատաբժշկական եւ համալիր դատաձգաբանական փորձաքննության արձանագրությունների էլ Ա. Աղաջանյանի կրծքին արձակված 2 գնդակների առջեւից ետ ուղղությամբ պատճառվել էին 2 միջանցիկ վերքեր «որոնք խոցել էին Աղաջանյանի սիրտն ու ձախ թոքի վերին բլիթը»։ Դատարանը ձեռք բերված ապացույցների մեջ արձանագրել էր. «Ստացած հրազենային վերքերից Աղաջանյանը տեղում մահացել է»։ Եվ, «օգտվելով այն հանգամանքից, որ պահակակետում առկա կապի միջոցներ չեն եղել, կարողացել է զորանոց հասնել ավելի շուտ, քան այնտեղ կտեղեկանային կատարվածի մասին»։ Զորամասից թիվ 1 պահպանվող տարածք ամենակարճ ճանապարհը 6 կմ 800 մետր էր։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Կարենին դատապարտեց 10 տարի ազատազրկման։ Սակայն արտառոցն այն էր, որ դատարանը վճռել էր «դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի երկու պարկուճները ոչնչացնել» (1999թ. դեկտեմբերի 27-ի դռնբաց նիստ)։ Բայց չէ որ դատավճիռը կարող էր բողոքարկվել քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում 15 օրվա ընթացքում եւ, հետեւաբար, 2-րդ ատյանը զրկվում էր իրեղեն ապացույցը վերազննելու իրավունքից։ Ի դեպ, Ասլոյանները դիմեցին վերաքննիչ։ Ռ. Ափինյան, Ե. Դարբինյան եւ Ս. Ղազարյան կազմով 2000թ. դեկտեմբերի 26-ին (մեկ տարի մեկ օր հետո) Լոռու մարզի առաջին ատյանի դատավճիռը թողնվեց անփոփոխ, պաշտպանի բողոքն էլ առանց բավարարման։ Ինձ «գրավեց» 2-րդ ատյանի «քննության» արդյունքներն ու այն հետեւությունը, թե «համապատասխան պատիժ է նշանակել (առաջին ատյանը), ճիշտ է որոշել ուղղիչ-աշխատանքային հիմնարկության տեսակը, ռեժիմը, ճիշտ է լուծել քաղաքացիական հայցը, տնօրինել իրեղեն ապացույցները»։ Սակայն վերաքննիչը վկայակոչելով դատաբժշկական փորձագետի եզրակացությունը՝ այն, որ հաստատվել է. Ա. Աղաջանյանը մահացել է կրծքավանդակի վրա հայտնաբերված հրազենային վնասվածքների հետեւանքով, փաստում է նաեւ «Կրակոցը կատարվել է ընդհուպ, չի բացառվում ինքն իրեն պատճառելը…» Ի դեպ, նախադասության վերջում վերջակետ չի դրված եւ միտքը կարծես շարունակվում է… 2001թ. փետրվարի 8-ին վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերի պալատը (Մ. Խաչատրյան, Դ. Ավետիսյան, Ն. Ղուկասյան, Հ. Ղուկասյան, Մ. Սիմոնյան) քննեց դատապարտյալ Կ. Ասլոյանի պաշտպանի, փաստաբան Լեւոն Գոգինյանի վճռաբեկ բողոքը։ Դատավճիռը թողնվեց անփոփոխ, բողոքն էլ՝ առանց բավարարման։ Այս դատարանն էլ քննության ընթացքում պարզեց, որ «փաստորեն, վերաքննիչ դատարանն իր դատավճռով մեղադրանքի փոփոխություն չի կատարել եւ կոնկրետ դեպքում չէր էլ կարող կատարել, քանի որ ՀՀ Քրօրի 251 հոդվածը նախատեսում է ազատազրկում 6 ամսից մինչեւ 5 տարի, իսկ 252 հոդվածի ա կետը՝ ազատազրկում մինչեւ 2 տարի ժամանակով։ Այս տեսակետից էլ դատավճռում թույլ տված մեխանիկական սխալը՝ 251 հոդվածը պետք է փոխարինվի 252 հոդվածի ա կետով»։ Ի դեպ, պաշտպան Լ. Գոգինյանն իր կարծիքն ունի. «Սա զուտ մեխանիկական կամ մեքենագրական սխալ չէ»։ Հետաքրքիր է համածառայողների հայտարարությունները, որոնք անհրաժեշտ գնահատականի չեն արժանացել. «Ըստ համաձայն կարգի,- 21.06.99թ. գրում է համածառայող Արտյոմ Հովսեփյանը,- անհնար էր աննշան դուրս գալ զորանոցից, որովհետեւ այնտեղից մենակ չէր թույլատրվում դուրս գալ եւ ճանապարհին կար 3 հերթապահ»։ 26.05.99թ. Բագրատ Մուրադյանը դիմում է զ/մ հրամանատարին. «Իմ իմացած ճշմարտությունը ես պատմել եմ քննության ժամանակ, բայց ինձ չեն հավատացել։ Խնդրում եմ ձեզ աջակցել, որպեսզի համապատասխան մարդկանց դիմեք եւ իմ իմացածը գրավոր ընդունվի»։ Հետագայում նա գրում է. «Ես արթնացել եմ եւ Կ. Ասլոյանը եղել է իմ կողքին։ Ես պնդում եմ, որ նա չէր կարող այդ գիշեր աննկատ դուրս գալ», նաեւ հայտնում է, իրենք միշտ էլ մի քանի հոգով են գիշերները դուրս եկել։ Բենիամին Սարգսյանը դիմում է այն ժամանակվա ՊՆ նախարար Սամվել Բաբայանին. «1999թ. ապրիլին ինձ բերման են ենթարկել ռազմական ոստիկանություն եւ ստիպել են տալ կեղծ ցուցմունքներ ֆիզիկական սպառնալիքի միջոցով»։ Տիգրան Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ ծառայության ժամանակ ինքը որպես հրամանատար շարքային Աղաջանյանի կողմից դիմում, զեկուցագիր, բողոք Ասլոյանի դեմ չի ստացել։ Ուշագրավ է Ռուդիկ Դանիելյանի հայտարարությունը. «Ինքնասպանության կապակցությամբ ինձ բերման են ենթարկել զինդատախազություն, որտեղ կային մարդիկ, որոնք ֆիզիկական ուժի սպառնալիքով խոչընդոտում էին, որպեսզի ես տամ ստույգ ցուցմունքներ»։ Ի դեպ, Ռուդիկը դատարանում խնդրում էր իրեն անվտանգության երաշխիքներ տալ, դատավորը հավաստիացնում էր, թե «վկան օրենքով է պաշտպանվում»։ Ասլոյանի ծնողների 60 էջանոց բողոքն ուղղված մարդու իրավունքների հանձնաժողովին, կորել է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել