Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրերս

Նոյեմբեր 07,2001 00:00

Ադրբեջանը հզոր է ոչ փախստականների համար Օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվեց հայաստանցի, արցախցի եւ ադրբեջանցի լրագրողների հերթական հանդիպումը։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների կազմում Բաքու էր մեկնել հինգական լրագրող։ Այս տարվա մարտից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում Երեւանի, Բաքվի ու Ստեփանակերտի մամուլի ակումբների նախաձեռնությամբ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում սոցիոլոգիական հարցում է անցկացվել բնակչության եւ փորձագետների շրջանում, ճշտելու նրանց դիրքորոշումը, շոշափելու տրամադրությունը ղարաբաղյան հակամարտության, դրա լուծման ուղիների վերաբերյալ։ Հարցումներին զուգահեռ, բոլոր 3 հանրապետություններում անցկացվել է լրատվամիջոցների մոնիտորինգ։ Բաքվի ամփոփիչ հանդիպմանը նախորդել էին եւս երկու աշխատանքային հանդիպումներ՝ Երեւանում ու Ստեփանակերտում։ Մարտ ամսին Երեւանում մշակվել էր հարցումների ու մոնիտորինգի միասնական հարցաշար, իսկ հուլիսի վերջին Ստեփանակերտում կողմերը ներկայացրել էին աշխատանքների ընթացքը։ Ադրբեջանում անցկացված սոցիոլոգիական հարցումներով հակամարտության գլխավոր մեղավոր է ճանաչվել, բնականաբար, Հայաստանը։ Երկրորդ տեղում արտաքին ուժերն են։ Ամենաքիչը մեղավոր են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Հասարակական կարծիքը Ադրբեջանը համարում է տուժած կողմ եւ հակամարտության կարգավորում ասելով ենթադրում տարածքների ազատագրում, ինչպես նաեւ փախստականների վերադարձ բնակության նախկին վայրեր։ Ադրբեջանում հարցվածների մեկ երրորդը հանդես է գալիս բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Յուրաքանչյուր յոթերորդը թերահավատ է հակամարտության խաղաղ վերջաբանի նկատմամբ, եւ ռազմական ճանապարհը համարում է միակ հնարավորը։ Արցախցիների ավելի քան 70%-ը խաղաղ կարգավորման կողմնակից է, շուրջ 27%-ը՝ նույնպես, սակայն, «եթե չհաջողվի, ապա ուժով» ենթատեքստով։ Հարցվածների շուրջ 103%-ը կողմ է արտահայտվել Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորմանը կամ ԼՂՀ-ին՝ որպես անկախ պետություն։ Նրանցից որոշները, փաստորեն, ընդունելի են համարել երկու տարբերակներն էլ։ Հարցվածների մոտ 72%-ի կարծիքով հակամարտության մեղավորն Ադրբեջանն է, 36%-ը մեղադրում է արտաքին ուժերին, 6,5%-ը՝ ԽՍՀՄ-ին, Թուրքիային եւ Ռուսաստանին։ Ղարաբաղին մեղադրում է 4, իսկ Հայաստանին՝ 3,2%-ը։ Քաղաքացիների մի մասը, որպես մեղավոր, մի քանի կողմ է նշել։ Հետաքրքրական է, որ Հայաստանում անցկացված հարցումներով, որպես հակամարտության մեղավոր, Ադրբեջանը երկրորդ տեղում է. առաջինը զբաղեցրել են արտաքին ուժերը, մասնավորապես, ղարաբաղյան խնդիրը համարվում է տարածաշրջանում գերտերությունների վարած քաղաքականության արդյունք։ Զանգվածային լրատվամիջոցներում խնդիրը հրատապ է դառնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների նախապատրաստման ու անցկացման ընթացքում, երբ պաշտոնական անձանց տրամադրած տեղեկատվությունը դառնում է հասարակության սեփականությունը եւ խթանում խնդրի կարգավորման ուղիների մասին քննարկումները։ Բանակցությունների միջեւ ընկած ժամանակաընթացքում էլ հայաստանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց տեսադաշտում պահել ղարաբաղյան հակամարտությունը։ Տպագիր լրատվամիջոցները եւ հեռուստաալիքները («Ազգ», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «թՏսՏր ԸՐՎպվՌՌ», Հանրային հեռուստատեսություն եւ «Պրոմեթեւս») քաղաքական թեմաներով նյութերի 30-64%-ը հատկացրել են ղարաբաղյան խնդրին։ Չորս օր Բաքվում անցկացրած հայ լրագրողներին բնականաբար չէր կարող չհետաքրքրել Ադրբեջանի շարքայինների դիրքորոշումը։ Բաքվի փողոցներում պատահական ընտրությամբ հարցվածների մեծ մասը դեմ է պատերազմին, հակամարտության կարգավորումը պատկերացնում է խաղաղ ճանապարհով եւ գտնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ։ Իհարկե, հակառակ կարծիքն էլ կար։ Մասնավորապես, Բաքվի միջազգային օդակայանից մեզ տուրիստական «Գյանջլիկ» կենտրոն տարած միկրոավտոբուսի վարորդը, որին արդեն մեկնելիս պատահաբար նորից հանդիպեցինք օդակայանում, հարկ համարեց տեղեկացնել. «կՏՎվՌՑպ, ԽՈՐՈոՈւ րՍՏՐՏ ոցՊպՑ վՈՔ»։ Հեյդար Ալիեւի վերջնագիրը ԵԱՀԿ-ին բոլորովին էլ ռազմատենչ չգնահատեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայության փորձագետ Ֆուադ Ախունդովը. «Անբնական ոչինչ չկա այդ հայտարարության մեջ։ Եթե դատելու լինենք օբյեկտիվորեն, չէ՞ որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20%-ը»։ Փորձագետը երկար պատմում էր վրանային ճամբարներում փախստականների կրած տառապանքների եւ այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի, որպեսզի նրանք վերադառնան իրենց ծննդավայրերը։ Հետո Ֆուադ Ախունդովը կանգ առավ Ադրբեջանի տնտեսական հզոր պոտենցիալի վրա, շեշտելով, թե Ադրբեջանը հրաշալի կարող է յոլա գնալ առանց Ղարաբաղի՝ մոռանալով, որ տնտեսապես հզոր պետությունը 10 տարվա ընթացքում կարող էր գոնե լուծել փախստականների բնակարանային խնդիրը։ ԽԱՉԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել