Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ

Նոյեմբեր 07,2001 00:00

ԹԵ ԻՆՉՈՒ ՉՊԵՏՔ Է ՁԱԽՈՂՎԻ ԱՄՆ ՄԶԳ Բիզնեսլինքի ծրագիրը մտադիր է հայաստանյան ոսկեգործական ու ակնագործական ընկերություններին աջակցել միջազգային շուկաներ դուրս գալու հարցում։ Բայց եթե աջակցելու են այնպես, ինչպես երեկ ներկայացան մամուլի ասուլիսում, երեւի մեր ոսկերիչներն այդ օգնության կարիքը չզգան։ Ծրագրի ներկայացուցիչներն անպատասխան թողեցին մի շարք հարցեր։ Գործարար ծրագրերի զարգացման տնօրեն Արմեն Շահբազյանը նշեց, որ մտադիր են մեր ոսկեգործական ու ակնագործական ընկերությունների համար ԱՄՆ-ում շուկաներ գտնել, գործարար կապեր ստեղծել, ապահովել խոշորագույն ցուցահանդեսներին նրանց մասնակցությունը։ Նա նկատեց, որ ԱՄՆ-ը ոսկերչական իրերի սպառման ամենամեծ շուկան է եւ պետք է աշխատեն, որ մեծաքանակ պատվերների դեպքում խնդիրներ չառաջանան։ Մասնավորապես մեծաքանակ պատվերները չկատարելու մտավախությունն է պատճառը, որ անհատ ոսկերիչները չեն ընդգրկվել ծրագրում. «Խնդիրն այն է, որ ծավալ չեն կարող ապահովել»։ Բայց հարկ է նկատել, որ ԱՄՆ-ում ահաբեկչական ակտերից հետո նվազել են պերճանքի առարկաների ծավալները եւ, ընդհանրապես, լուրջ փոփոխություն է տեղի ունեցել միջազգային առեւտրի հաշվեկշռում։ Ա. Շահբազյանի կանխատեսմամբ, «վերջին դեպքերն անպայման անդրադառնալու են, բայց չմոռանանք, որ որքան էլ միտումները բացասական լինեն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը այս արտադրանքի խոշորագույն սպառողն է աշխարհում»։ Գլխավորն այն է, որ արտադրանքը մրցունակ լինի. «Չմոռանանք, որ շուկան հագեցած է, այդ պատճառով էլ փորձագետների հանձնաժողով է աշխատում։ Մենք բոլորս տհաճ իրավիճակի առջեւ կհայտնվենք, եթե չկարողանան (գործարանները) պատվեր իրականացնել»։ Բիզնեսլինքի տվյալներով, միջազգային շուկայում հայկական ոսկերչական իրերի «մրցակիցները» իսրայելական ընկերությունների արտադրանքն է։ Ոսկերչական ոլորտն առանց այն էլ բավականին զարգացած է Հայաստանում, արտահանման ծավալների առումով երկրորդն է: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հատկապես այս ոլորտը, Արմեն Շահբազյանը պատասխանեց. «Որովհետեւ զարգացման մեծ պոտենցիալ ունի, կան բավարար չափի մասնագետներ, սարքեր-սարքավորումներ եւ արտադրանքը մրցունակ է»։ Ոսկերչական ոլորտի զարգացման համար բավականին բարենպաստ հարկային դաշտ է ստեղծված, իսկ պետբյուջեն այս ոլորտի հաջողություններից օգտվում է նվազագույնս։ «Առավոտի» հարցին, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, որ ե՛ւ ոլորտը չտուժի, ե՛ւ պետբյուջեն շահի, ծրագրի ներկայացուցիչը պատասխանեց. «Կառաջարկեի պահել հարկային այն արտոնությունները, որոնք այսօր կան։ Եվ եթե կարողանանք ավելի զարգացնել ոլորտը, ապա զգալիորեն կավելանան նաեւ մեր ժողովրդի եկամուտները, որից էլ կշահի պետբյուջեն»։ Ընդհանրապես, հարցերի պատասխաններից պարզվեց, որ Բիզնեսլինքը մտադիր է սովորական միջնորդություն իրականացնել, գտնելով, որ «լավ միջնորդությունը զարգացնում է ոլորտը։ Եթե կարողանանք կապեր ապահովել, ապա ոսկերչական ընկերությունները հեշտությամբ վարկային ծրագրեր կհաստատեն»։ Ընդհանրապես, ոսկերչությունը գոնե այնքան զարգացած է մեր երկրում, որ կասկածելի կթվա, թե այսպիսի ծրագրերը կարող են ցուցահանդեսների կազմակերպման կամ գնորդների «հայտնաբերման» հարցում աջակցել մեր գործարաններին, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ հայաստանյան ոսկերչական ընկերությունները առանց որեւէ միջնորդի մասնակցում են ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսների։ Այսքանից եւ բազմաթիվ անպատասխան հարցերից հետո Բիզնեսլինքի ներկայացուցիչները պատասխանեցին նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ չպետք է ձախողվի ծրագիրը. «Փորձագետներն այն մարդիկ են, որոնք ԱՄՆ-ում զբաղվել են մարքեթինգային գործունեությամբ եւ որոնք կմշակեն առավել ռացիոնալ տարբերակներ»։ Ճիշտն ասած, չնայած չհրապարակվեց ծրագրի «արժեքը», բայց, միեւնույն է, ծրագիրը չի ձախողվի, որովհետեւ ոլորտն արդեն զարգացել է, իսկ ավել փողի աջակցությունից հրաժարվող՝ դժվար թե ճարվի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել