Ո՞Վ Է ՊԱՌԱԿՏՈՒՄ ՄՈՍԿՎԱՀԱՅԵՐԻՆ ՀԿԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանն օրերս է վերադարձել Մոսկվայից եւ «Առավոտին» հայտնեց իր տպավորությունները. «Իմ այցելությունների ընթացքում միշտ հանդիպել եմ համայնքի տարբեր ներկայացուցիչների։ Եթե առաջներում իրենց վիճակը միշտ համարում էին բարվոք եւ դժգոհություններ չկային համայնքի միասնականության վերաբերյալ՝ այս անգամ դարձա ահավոր տարաձայնությունների ականատեսը։ Ընդ որում, բոլորը պնդում էին, թե դրանց պատճառը Հայաստանի իշխանություններն են։ Համայնքը բաժանվել է երկու մասի։ Մեծամասնությունը գնում է համայնքի նախկին ղեկավար Նորիկի ետեւից, իսկ որոշ մասն էլ մի մեծահարուստ տղայի կողմնակիցն է։ Ինձ համար ամենացավալին այն էր, ինչին ականատես դարձա Մոսկվայի հայկական եկեղեցում։ Պատարագը մատուցում էր կարգալույծ արված Տիրան սրբազանը (այժմ՝ Ղազարոս Կյուրեղյանը- Ա. Ի.)։ Ժողովուրդը մեծ սիրով հավաքվել էր այդ մարդու շուրջ, երբ ավարտվել էր պատարագը։ Թեեւ առաջին անգամ էի հանդիպում՝ ես էլ խոսեցի նրա հետ։ Նա պատմեց, որ այս ամենը գալիս է Հայաստանի իշխանություններից, եւ վատն այն է, որ եկեղեցին էլ է մասնակցում այդ խարդավանքներին։ Պատճառն այն է, որ իրենց թեմը միշտ սերտ հարաբերությունների մեջ է եղել Ռուսաստանի իշխանությունների հետ։ Եվ սա դուր չի եկել որոշ ամերիկահայ հարուստների՝ Վահագն Հովնանյանին, Լուիզ Սիմոն-Մանուկյանին։ Նրանք, իր ասելով, հավաքվել են Վաշինգթոնում եւ որոշում կայացրել, թե պետք է անպայման փոխվի ե՛ւ Ռուսաստանի հայ համայնքի ղեկավարը, ե՛ւ եկեղեցու առաջնորդը։ Թեմի նոր առաջնորդը՝ Եզրաս սրբազանն, ասում են, առհասարակ չի մտնում եկեղեցի։ Հավաքվածներն ասում էին, թե թույլ էլ չեն տա, որ գա, քանի որ իրենց թեմի հովիվ համարում են Տիրան սրբազանին։ Նրանք չեն ընդունում, որ նա կարգալույծ է արվել։ Պնդում են, թե Վեհափառն իր այդ կարգադրությամբ խախտել է հաստատված կանոնները, ըստ որոնց այդ հարցը պիտի քննվեր եկեղեցական ժողովում։ Մինչդեռ նման բան չի արվել»։ Ա. Ի.