Հայտարարությունների տախտակ Ով՝ ում ձայնով Խորհրդարանական հայտարարությունների ժամին Հմայակ Հովհաննիսյանը թեպետ խնդրեց, որ իր «արդարացի մտահոգությունները» չմեկնաբանվեն «Լեւ Դավիդովիչ Տրոցկու ձայնով», սակայն երիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը չհարգեց խնդրանքը եւ հայտարարեց (չնշենք, թե հատկապես ինչպիսի կամ՝ ում ձայնով), որ ժողովրդավարության հիմնական չափանիշներից է նաեւ ամեն տեսակի փոքրամասնությունների պաշտպանությունը, եւ մարդկանց գլխաքանակով հաշվելը համարեց քաղաքատգիտություն։ Իսկ Հմ. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «կուսակցության կայացման չափանիշ են» ոչ թե մի շարք վեհ բաներ, այլ՝ «գլխաքանակի ստվարությունը»։ Ըստ Հմ. Հովհաննիսյանի, ԱԺ մեծամասնությունը «իր եռանկյունի գոյությամբ քաղաքական դաշտը վերածել է Սոդոմ-Գոմորի» եւ «ծանրագույն հարված» է հասցրել «հայոց պետականությանը»։ Պրն Հովհաննիսյանի վրդովմունքն ուղղված էր այն բանին, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ երեկ ընդունեց ՀԺԿ-ի ներկայացրած «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը։ Ինչեւէ, Հմ. Հովհաննիսյան-Զավեն Խաչիկյան դուետը երեկ կրկին մի կարճ «ճակատամարտ» տվեց, եւ Շարիկովի կերպարի ուրվականը կրկին առկայծեց խորհրդարանում։ Եթե հավատանք Հմ. Հովհաննիսյանին, քաղաքականությամբ զբաղվելը «հազարավոր մարդկանց համար դարձել է գործազրկությունից փախչելու եւ հանապազօրյա հաց հայթայթելու միակ միջոցը», ուրեմն տեղին է կասկածներ ունենալ, որ նախագահի 40 հազարանոց խոստումը կատարելուն օգնում են նաեւ քաղաքականությամբ զբաղվողները։ Հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր գլխավորած ԱԱ, ՆԳ եւ ՊՆ հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հետեւյալ խնդիրը. «Մի քանի օր առաջ, հոկտեմբերի 30-ին թիվ 70/179 զորամասում գլխին ատրճանակի կրակոցով սպանվել է մի դասակի հրամանատար՝ Արայիկ Աղասու Ավետիսյան»։ Ծնողները դիմել են հանձնաժողովին եւ նամակում հայտնել են, որ մեղադրում են գումարտակի հրամանատարին, կան ականատես-վկաներ, ովքեր տեսել են, թե ինչպես է գումարտակի հրամանատարը կատարել այդ սպանությունը։ Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց սպանվածի ծնողներին, որ հարցը անպատասխան չի մնա, եւ մեղավորը կպատժվի։ Սեփ. լր.