Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ

Նոյեմբեր 07,2001 00:00

«ՍԱԴՈՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ» Էներգետիկ խնդիրների շուրջ էին հեռակա բանավեճերը, որ ծավալվեցին Մանուկ Գասպարյանի եւ Արշակ Սադոյանի միջեւ կամ վերջինիս եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի միջեւ։ Առաջին հեռակա բանավեճի նախաձեռնողն «Առավոտն» էր։ Մենք ուղղակի պրն Սադոյանի մեկնաբանությունը խնդրեցինք մի քանի լրատվամիջոցներում Մանուկ Գասպարյանի արտահայտած այն տեսակետի վերաբերյալ, թե Գլխավոր դատախազությունը հարցաքննել է միայն Հրանտ Բագրատյանին, մինչդեռ երկու այլ վարչապետների՝ Գագիկ եւ Խոսրով Հարությունյաններին, որոնց օրոք մազութի թալանն ավելի շատ է եղել, դատախազությունը չի հանդգնել անհանգստացնել։ Նախկինում էներգետիկ չարաշահումների փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի փոխնախագահ Մանուկ Գասպարյանի այս բացահայտումը կարող էր լրջորեն սասանել երկար տարիներ Արշակ Սադոյանի տարփողած այն դիրքորոշումը, թե հենց Հրանտ Բագրատյանն է մազութի «լափման» գործընթացի անմիջական կազմակերպիչը։ Պարզվեց, որ այժմ էլ պրն Սադոյանը մտադիր չէ վերանայել իր տեսակետը. «Բնական է, որ հարցը բարձրացվում էր, առաջին հերթին, խավարի եւ ցրտի տարիների առումով։ Այդ տարիների վրա է ամենաշատը ծանրաբեռնված մազութի եւ գազի թալանը։ Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի վարչապետության շրջաններում իսկապես եղավ որոշ ծանրաբեռնվածություն, հովհարաձեւ անջատումները հասան բավական բարձր մակարդակի։ Բայց առաջին հերթին խնդիրը վերաբերում է Հրանտ Բագրատյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ես որեւէ կերպ չեմ կարող ներել այն մարդկանց, ովքեր պահելով ժողովրդին խավարի եւ ցրտի մեջ, փող էին աշխատում՝ դրսում մազութ եւ գազ վաճառելով»։ Փաստորեն, պրն Սադոյանը չի վստահում իր գործընկերոջ հավաստիացումներին։ Հաշվի չի առնում նաեւ Գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքը, ըստ որի՝ հիմնավոր չէ էներգետիկ ոլորտում շուրջ 200 մլն դոլարի չափով չարաշահումների վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը։ «Չունենալով որոշակի փաստաթղթեր՝ դատախազությունը չկարողացավ մինչեւ վերջ պարզել,- պնդեց պրն Սադոյանը։- Բայց դրանից չի հետեւում, որ դա չի եղել։ Հատուկ շեշտում եմ՝ այն, ինչ պատվերով համերգի շրջանակներում հաջողվում է պարզել, դրանից չի հետեւում, որ այն, ինչը որ դեռ պատվերի շրջանակներում չի պարզվել՝ չի էլ եղել»։ Հաջորդ հեռակա բանավեճը դրսեւորվեց փոխադարձ ասուլիսների միջոցով։ ԲԷՑ-երի մասնավորեցման օրինագծի ընդունման օրինականության խնդիրը ՍԴ-ում վիճարկելու արդեն երկրորդ տապալված փորձի առնչությամբ հրավիրված ասուլիսում Արշակ Սադոյանն առանձնակի անդրադարձավ ՀՅԴ խմբակցությանը, որի մեղքով այս անգամ ձախողվեց քննարկումը. «Տեղի է ունենում բացահա՛յտ կեղծիքի հովանավորչություն ՀՅԴ կողմից»։ Սադոյանը նաեւ կասկած հայտնեց, թե այսպես գործող կուսակցության ներկայացուցիչը՝ Վահան Հովհաննիսյանը, կարող է պայքարել կոռուպցիայի դեմ. «Բարոյահոգեբանական մթնոլորտի մաքրությունից խոսող մարդիկ հետո աչք են փակում, որովհետեւ նախարարական պոստ են ստացել։ Նույնիսկ սպանությա՛ն առջեւ են աչք փակում»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն էլ հանդես եկավ պատասխան ճեպազրույցով եւ որոշ «հարկադրված պարզաբանումներ» ներկայացրեց. «Ուզում եմ անկեղծորեն ասել, որ մեր որոշ քաղաքական գործիչների՝ խոսքն առաջին հերթին վերաբերում է Արշակ Սադոյանին, ասածներին, գնահատականներին լրջորեն վերաբերվելու հարկ չեմ զգում։ Քանի որ՝ երբ որ մարդն ուրիշ անելիք չի ունենում, աշխատանքով չի կարողանում զբաղվել եւ միայն շահարկումներով ու պարբերաբար նման իրավիճակներ ստեղծելով է զբաղված, ապա այդ մարդն արժանի չէ լուրջ վերաբերմունքի։ Եվ նա կամ նրա նմանները չէ, որ պիտի գնահատական տան Դաշնակցություն կուսակցությանը կամ խմբակցության գործունեությանը։ Մի պատգամավոր, որն ԱԺ բոլոր քվեարկությունների 99,9% ժամանակ քվեարկում է ձեռնպահ՝ այդ մարդն աշխատանքով զբաղվելու կարողությունից, կարծում եմ, լրիվ զուրկ է»։ Աղվան Վարդանյանը նաեւ բացատրություններ տվեց ՍԴ-ին ներկայացված իրենց ստորագրությունների առնչությամբ։ Հիշեցրեց իրենց բավական անհամոզիչ հիմնավորումը. «Երկրորդ անգամ նման խաղի չենք մասնակցի, քանի որ միշտ կլինեն պատգամավորներ, որոնք կհրաժարվեն»։ Փաստն այն է, որ հրաժարվողները գերազանցապես ՀՅԴ անդամներ էին։ Ինչ է, նրանք հերքո՞ւմ են, թե ԲԷՑ-երի մասնավորեցման օրինագիծն ընդունվել է խախտումներով։ Չէ որ հենց Վահան Հովհաննիսյանն էր այդ քվեարկությունը տեղում «մանկապարտեզ» որակել. «Վազում են, դուրս են գալիս, ներս գալիս, սեղմում ուրիշի կոճակը»։ Ինչո՞ւ են այժմ դեմ, որ այդ հարցը քննարկվի ՍԴ-ում՝ այս հարցին ի պատասխան Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք որեւէ տեղ չենք հայտարարել, չենք գրել, չենք դիմել, որ դեմ ենք հարցի քննմանը»։ Հուսահատվելով ՀՅԴ խաղերից (դեմ չըլլալով քննմանը՝ տապալեցինք այն) որեւէ բան հասկանալու փորձերից՝ ավելի պարզ մի հարց փորձեցինք պարզել։ Նորից դիմեցինք Արշակ Սադոյանին եւ հարցրինք, թե իրո՞ք օրինագծերի 99,9%-ին քվեարկում է ձեռնպահ. «Եթե Աղվան Վարդանյանը գոնե իր քվեարկություններին կարողանար ուշադրություն դարձնել եւ միաժամանակ էլ նայեր, թե ուրիշները ոնց են քվեարկում, ապա իր ասածները լուրջ կընդունեի։ Ինչ վերաբերում է «ձեռնպահ» քվեարկելուն՝ այո՛, ես օրենքների նախագծերի մեծ մասին, որոնք միտումնավոր ստեղծվում են կառավարության եւ որոշների կողմից, քվեարկում եմ ձեռնպահ, որովհետեւ, որպես կանոն, դրանք Հայաստանին օգուտ չբերող օրենքներ են»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել