Լրահոս
Օրվա լրահոսը

Օլեգ

Նոյեմբեր 07,2001 00:00

ՆԱԻՐԻՆ ԱՎԵԼԻՆ ՉԳԻՏԻ՞ Օլեգ Բաբայանին, թերեւս, շատերը գիտեն «Սասնա ծռեր» էպոսն ու նրա գլխավոր հերոսներին, որպես խորհրդանիշներ ներկայացնողի, եւ դրանց յուրատեսակ կոդավորմամբ՝ ներկա աշխարհաքաղաքական եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերլուծողի: «27»-ից հետո կարծիքներ կային, թե նա որոշակի ներազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա: – Պարոն Բաբայան, իբրեւ հասարակության մի մասնիկ, ինչպե՞ս եք գնահատում «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունն ու, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են այսօր դրա հետեւանքները: – «Հոկտեմբերի 27»-ը պատահականություն չէր: Թեեւ պատերազմում 94-ից հրադադար է, այդուհանդերձ, «27»-ն ինքնին պատերազմական գործողություն էր անմիջապես զորքի, սպարապետության շտաբում, երկրի ղեկավարման օղակում՝ թիկունքից: Փաստն այն է, որ մեր պաշտպանական համակարգը, ուժային կառույցը չի կարողացել 4-5 ինքնաձիգավորների դեմն առնել եւ մեր ժողովրդի 13 տարվա զոհողությամբ ստեղծված պաշտպանական համակարգը չի գործել: Այդ չարչարանքն, ըստ էության, ջուրն է ընկել: Ռազմական օրենք գոյություն ունի՝ այն զորամասը, որը չի կարողանում պաշտպանել իր դրոշը՝ որպես այդպիսին կազմալուծվում է: Հայ ժողովուրդն այսօր պարտավոր չէ պահել պաշտպանական այն համակարգը, որն իր հրամանատարին չի կարողանում պաշտպանել: Շատերը չգիտեն, թե իրականում «27»-ին ինչ է տեղի ունեցել: Մենք այսօր գիտենք ընդամենը մեկ փաստ՝ քրեական գործը բաժանված է. դրա մի մասը դատարանում շոուի է վերածվել, մյուսով՝ նախաքննություն է ընթանում: Բացի դրանով զբաղվող մարդկանցից, ուրիշ ոչ ոք չգիտի, թե անջատված մասում ինչ կա: Ես որպես հայ, ժամանակին մամուլով անձամբ եմ համապատասխան մարմիններից պահանջել, որ «27»-ի բուն գործը մեյդան չհանվի, քանի որ լրացուցիչ դիակներ պետք չեն: Այդ գործը պետական մարմինների ուժերից, կոմպիտենցիայից վեր է: Եթե վեր չէ, ուրեմն «27»-ը պետք է տեղի չունենար եւ հրամանատարին էլ պետք է պահեին: – Դուք անձամբ ճանաչել եք Նաիրի Հունանյանին: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը նրա մասին: – Նաիրի Հունանյանին 88-ից անձամբ եմ ճանաչում եւ գիտեմ, որ նա 4 հոգու հետ նման բան անողը չի: Գիտեմ էլի մի բան. «27»-ի լույս 28-ի գիշերը, երբ համապատասխան մարմիններին խնդրել էի միջանցք բացել, որ Հունանյանին ու նրա խմբին զինաթափենք ու դուրս բերենք՝ նրանք դա այդպես էլ չարեցին: Հետաքրքիրն այն է, որ 4-5 ժամ սպասեցրին, թե իբր զբաղվում են այդ հարցով, հետո ասացին, թե էնտեղ կրակում են: Այդ առիթով մեր հարգելի սրբազաններից մեկն էլ, որ դարձյալ իր կամքով նույն խնդրանքով դիմել էր՝ անհանգստանալով, որ հանկարծ գլխավոր հրամանատար Ռոբերտին էլ մի բան չպատահի, իրեն էլ էին պատասխանել, թե կրակում են: Նաիրին 92-ից հիասթափված խեղճուկրակ տղա է, որի հոգեբանական վիճակը մարդիկ շատ հաջող կերպով օգտագործել են: Բայց այդ հոգեբանական վիճակը լավ չեն հաշվի առել, քանի որ դա նրան ընդամենը 10 րոպե է հերիքել: Հիմա չի հերիքում: Դա ընդամենը հուսահատության նշան է: Իսկ Նաիրին, որքան էլ հետաքրքիր է, այնքան էլ շատ բան չգիտի: Նա չի էլ կարող շատ բան իմանալ: – Այսօր շատերն են կարծիք հայտնում, թե ահաբեկիչների թիկունքում ոչ ոք չի եղել, կամ հակառակը՝ նրանք ուղղորդվել են դրսից՝ Արեւմուտքից, Ռուսաստանից եւ այլն: Դո՞ւք ինչպես եք մտածում: – Լ.Տեր-Պետրոսյանին եմ մեջբերում՝ մեր ախոյանը միջազգային հանրությունն է: Արդեն մի քանի հարյուր տարի համաշխարհային քաղաքականության մեջ չգրված կարգ կա: Բոլոր գործերը Վրաստանում որոշվում է Բեռլինում, Ադրբեջանինը՝ Լոնդոնում, Հայաստանինը՝ Փարիզում: Դա աշխարհաքաղաքական իրականություն է, ավանդույթ է: Թե Փարիզին ով է հրաման տալիս՝ էական չէ: Ինձ համար նա մի անուն ունի՝ միջազգային հանրություն: Եվս մի պատմական փաստ ասեմ: Հայկական լեռնաշխարհում հայկական իշխանության վրա ներազդելու օրինաչափություն գոյություն ունի՝ եթե մեզ մոտ պետական քաղաքական իշխանության մեջ առաջին դեմքին հաջողվել է վերացնել, դրանից առաջ հաջողվել է վերացնել նրա պաշտպանական համակարգը: Թագավորին վերացնելուց առաջ վերացնում են նրա Մախազին: Այն օրը, երբ սպանել են փոխնախարարներ Խոռխոռունուն, Ա.Մարգարյանին՝ բոլորն էլ ուժային կառույցներից, Վ.Սարգսյանին կոտրելու ուղղությամբ գործողություն է կատարվել: – «27»-ից հետո կարծիք կար, թե Ն.Հունանյանը ոճրագործությունն արել է Ձեզ հետ շփումներ ունենալուց հետո, Ձեր ազդեցության տակ ընկնելով: Դուք «27»-ից առաջ նրան հանդիպե՞լ եք: – Եթե նա ասում է,թե ինքը Սասունցի Դավիթն է եւ սպանել է Մսրա Մելիքին՝ «Ար» հեռուստաընկերությամբ «Հմայիլ» հաղորդաշարով դիտած «Սասնա ծռեր. վերջն ինչ է լինելու» 2 ժամանոց հաղորդումը նայելով է ասել: Նա այդ ֆիլմը նայելուց հետո կարծիք էր հայտնել, թե եւս մեկ անգամ է պետք նայել: Իսկ, որ ես Նաիրիի հետ հանդիպել եմ, չեմ թաքցնում: 99-ի հուլիսին է եղել: Խոսակցությունը գնացել է ամենատարբեր բաների մասին, կամ խնդիր է եղել, երբ ինքը շատ էքսպրեսիվ վիճակում էր ու իրեն պետք էր հանգստացնել եւ հասկացնել, որ չարով բարի չես արարի, բայց կոնկրետ ոչ մի անգամ ինչ-որ գործողություն նախապատրաստելու մասին նա ոչ մի ակնարկ չի արել: Նա պարզապես հոգեբանորեն դրան պատրաստ է եղել եւ օգտագործվել է: Նա արարքը կատարելուց հետո է երեւի հասկացել, որ ինքն ընդամենը գործիք է եղել: Զրույցը վարեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել