Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»

Նոյեմբեր 06,2001 00:00

«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» Երիտասարդ նկարիչ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանը նկարել սկսել է 4 տարեկանից։ Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը, սովորել է Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում՝ Մանվել, Սամվել Բաղդասարյանների կուրսում, որոնք էլ, ինչպես նշեց նա, մեծ դեր են խաղացել իր՝ որպես նկարիչ ձեւավորման հարցում։ Այժմ Հայկ Բիանջյանն աշխատում է Ակադեմիա պատկերասրահում՝ որպես լուսանկարիչ-դիզայներ։ Նոյեմբերի 3-ին նույն պատկերասրահում բացվեց նրա առաջին անհատական ֆոտոցուցահանդեսը։ Որքան էլ զարմանալի էր, Հայկի հասցեին բարձրաձայն չհնչեցին ողջույնի, գովեստի խոսքեր։ Ցուցահանդեսի բացումը պարզապես ազդարարեցին սրահի պատերից խնամքով կախված ֆոտոնկարները, կարմիր գինին եւ հավաքված հոծ բազմությունը։ Հայկ Բիանջյանի խոսքերով. «Շատ անգամ եմ մասնակցել տարբեր խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, արտերկրում։ Մասնակցել եմ նաեւ Կարմիր խաչի կազմակերպած մրցույթ-ցուցահանդեսին, որտեղ իմ ֆոտոնկարներից 2-ը մրցանակային տեղ են զբաղեցրել եւ ուղարկվել են Նյու Յորք՝ միջազգային ցուցահանդեսի։ Անհատական ցուցահանդես ունենալու միտքը վաղուց էի հղացել։ Սրահում ներկայացված է 9 մեծ եւ 32 փոքր գործ։ Ֆոտոնկարների թեման հայկական, ինչպես նաեւ համամարդկային կենցաղից դրվագներ են։ Վերցված է հասարակ մարդու կերպարը՝ նոր դիտակետից։ Որպես դիտակետ ընտրել եմ եկեղեցու դուռը, եւ պատահական չէ, որ հենց եկեղեցու դուռը, քանի որ այս պարագայում այն նույնացվել է յուրաքանչյուր դիտորդի ներաշխարհի հետ, այսինքն եկեղեցին հանդես է եկել որպես մաքրություն, իսկ դիտորդին խորհուրդ է տրվել այս նկարներին նայել իր ներաշխարհի մաքուր մնացած դիտակետից»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել