Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրիտանական խորհուրդ՝ Հայաստանում

Նոյեմբեր 06,2001 00:00

Բրիտանական խորհուրդ՝ Հայաստանում 2001թ. հունիսից Հայաստանում գործում է Միացյալ Թագավորության Բրիտանական խորհուրդը, որի նպատակը Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ արվեստի, կրթության, գիտության եւ կառավարման ասպարեզներում տեւական համագործակցության հաստատումն է։ Այն տրամադրելու է տեղեկատվություն բրիտանական մշակութային կազմակերպությունների եւ ծառայությունների վերաբերյալ, համագործակցելու է հայ երիտասարդ արվեստագետների հետ՝ իրականացնելով վերապատրաստման ծրագրեր՝ արվեստի բնագավառում կառավարման գործընթացներին աջակցելու նպատակով, համակարգելու է կրթական փոխանակման ծրագրեր, ընձեռելու է հնարավորություններ հայ հանրությանը հանձնելու միջազգայնորեն ընդունված բրիտանական քննություններ եւ օժանդակելու է կրթօջախներում անգլերենի դասավանդման որակի բարձրացմանը։ Հայաստանում Բրիտանական խորհրդի հիմնադրումից հետո կայացել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բրիտանացի թավջութակահար Ստեֆան Իսերլիսի համերգը, իսկ նոյեմբերի 4-6-ը կայացան բրիտանական ֆիլմերի օրերը՝ նվիրված նորին թագավորական մեծություն դուքս եւ դքսուհի Գլոսթերներին։ Վերջին միջոցառումը ներառում է 3 ֆիլմ՝ «Սիրո ապարդյուն ճիգեր» (ռեժիսոր՝ Քենեթ Բրանաղ), «Արեւելքը մնում է Արեւելք» (ռեժիսոր՝ Դամիեն Օ8217Դոննել), «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» (ռեժիսոր՝ Շարոն Մագուայր)։ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաեւ երիտասարդ մոդեռնիստ նկարիչների եւ բրիտանացի երեխաների նկարների ցուցահանդեսներ։ Հայաստանի Բրիտանական խորհուրդը փորձում է պարզել, թե ինչ գիտելիքներ ունեն հայերը Միացյալ Թագավորության մասին, ինչպես նաեւ մտածում է Մեծ Բրիտանիայի՝ որպես ավանդական երկրի մասին հնացած ստերեոտիպները փոխելու եւ լայն տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։ Նույն ծրագրի շրջանակներում էլ Օշականի մանկական ամառային ճամբարում կայացել է «Պատկերներ Մեծ Բրիտանիայից» ցուցադրությունը, կազմակերպվել դասախոսություններ, մանկական արվեստի մրցույթ եւ ցուցահանդես՝ նվիրված Միացյալ Թագավորությանը։ Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերից է Ջոն Սմիթի կրթաթոշակի ծրագիրը, որի շրջանակներում կկազմակերպվեն վեցշաբաթյա դասընթացներ Միացյալ Թագավորությունում, կլինեն նաեւ փոխայցելություններ։ Հայաստանի Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները կարեւորում են հատկապես խաղաղության պահպանման անգլերեն լեզվի ծրագիրը, որն ուղղված է երկու երկրների համագործակցության զարգացմանը եւ նպատակ ունի խթանելու ՄԱԿ-ի գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ Զինված ուժերում անգլերենի ուսուցման ու կատարելագործման միջոցով։ 2000թ. նոյեմբերի 1-ից ՀՀ Ռազմական ակադեմիայում բացվել է անգլերենի ուսուցման կենտրոն ՊՆ աշխատակիցների համար, որը ղեկավարում է մայոր Սերգեյ Միրզոյանը։ Կենտրոնի բացմանը նպաստել են Հարավային Կովկասի Միացյալ Թագավորության պաշտպանության կցորդ Անդրյու Քերը, Բրիտանական խորհրդի Անդրկովկասյան ռազմական անգլերենի ծրագրի ղեկավար Ռեյ Բրաունը եւ ծրագրի խորհրդական Մարկ Ռայզենը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել