Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուշադրությունից դուրս

Նոյեմբեր 06,2001 00:00

Ուշադրությունից դուրս Երեւանի քաղաքապետի սկզբնական գործելակերպը, հիրավի, գովելի էր։ Մեկը՝ ես, ուրախացա, վերջապես գտնվեց մարդ, որ իր թիվ 1 գործը դարձրեց մայրաքաղաքի մաքրությունը, թափառող շների վերացումը, բակերի քունջ ու պուճախներում դիզված մեքենաների կմախքների տեղափոխումը, վերջապես մաքրել տվեց Թումանյանի եւ Սպենդիարյանի անդրիների պատվանդանների խզբզոցները եւ նման շատ գործեր։ Սակայն, չգիտես ինչու, ուշադրություն չդարձրեց (գուցե ինձ է թվում) որոշ երեւույթների, որ պակաս բացասական չեն մեր քաղաքի համար եւ որի վերացումով քաղաքը նախկին «նախահեղափոխական» տեսքը կընդուներ։ Ցանկանում եմ թվել դրանցից մի քանիսը, որոնց վերացման համար պետք չէ ո՛չ բենզին, ո՛չ գումար եւ ո՛չ էլ հոսանք։ Անհրաժեշտ է ընդամենը ցանկություն։ Ուղղակի քաղաքապետը պետք է խստագույնս պատժի իր ենթակա հիմնարկի համապատասխան հաստիքը զբաղեցնող անձին, որը ծուլանում է իր գործը կատարել։ Առաջին. Քաղաքի մայթերով ազատ շարժվում են մեքենաներ, նույնիսկ ժամերով, օրերով կայանում։ Իսկ մենք լավ գիտենք, որ մայթը մարդու համար է եւ ոչ թե որոշ «խարոշի» տիպերի։ Դեռ դա բավական չէ, անհարկի սուլոցներով խանգարում են մարդկանց հանգիստը։ Երկրորդ. Մայթերն ու զբոսայգիները դարձել են առանձին մարդկանց սեփականություն։ Հարց է ծագում. բա քաղաքաբնակը որտեղ պետք է զբոսնի, իր փոքրիկ մանչուկին մաքուր օդի հանի… Երրորդ. Սա ամենակարեւորն է, որն էլ ստիպեց ինձ գրիչ վերցնել։ Երեւան քաղաքի ստորգետնյա բոլոր անցումները, որոնք զբաղեցված չեն որպես առեւտրական կետեր, վերածվել են հասարակական պետքարանների, մի՞թե չի կարելի ավելի մարդաշատ վայրերում մեկական պետքարաններ թողնել՝ առանց վճարի։ Տասնմեկ տարվա ընթացքում մի՞թե մեզ չի հաջողվում այս մանրուք թվացող հարցը կարգավորել։ Մարդիկ խուսափում են անցնել ստորգետնյա անցումով։ Իսկ ով ցանկություն ունի անցնելու, խորհուրդ կտայի հետը հակագազ վերցնել, այլապես կուշաթափվի «ֆրանսիական» օծանելիքի բույրից եւ մթության մեջ կսառչի, օրերով նրա դին չեն գտնի… Ապացույց։ Խնդրեմ, մտեք նախկին Սովետականի գործկոմի առջեւի գետնանցումը, եթե ողջ-առողջ դուրս գաք՝ «հերոս» եք։ ՌԱՖԻԿ ԽԱԼԱԹՅԱՆ Վերջերս Երեւան այցելած ադրբեջանցի լրագրողները մեր մայրաքաղաքին մաղթեցին ունենալ բաքվինի պես քաղաքագլուխ, որի առավելություններից է ոչ միայն Հեյդար Ալիեւի ազգականը, այլեւ սեփական խոսքին տեր լինելը։ Ըստ մեր կոլեգաների, նա մանր կրպակներն ու սեղանիկները մաքրեց քաղաքից՝ եւ մեկընդմիշտ։ Մեկ-երկու ամիս հետո դրանք շքամուտքերից եւ հետնաբակերից նորից քաղաք դուրս չեկան։ «Այս ի՞նչ է ձեր մայրաքաղաքը. կարծես բազար լինի»,- ասում էր մեր ադրբեջանցի գործընկեր Մուրադը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել