Նվաճողական արշավանքներ Այսօր ուշ գիշերին Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմեկնի Նյու Յորք՝ Lincoln Center-ի Alice Hall-ում նոյեմբերի 10-ին կկայանա նվագախմբի մենահամերգը, որի ընթացքում կներկայացվեն Էդվարդ Գրիգի, Ռուբեն Ալթունյանի եւ Էդուարդ Միրզոյանի ստեղծագործություններից։ Նյու Յորքում ներկայացվելիք ծրագիրը նվագախումբը երեկ կատարեց երեւանյան ունկնդրի առջեւ՝ փորձ-համերգի ձեւով։ Սա արդեն ավանդույթ է դարձել, որով Կամերային նվագախումբը հարգանք է մատուցում իր ունկնդրին՝ կարեւորագույն համերգներից առաջ մի յուրօրինակ քննություն հանձնելով։ Ի դեպ, Lincoln Center-ում կայանալիք համերգը նվագախմբի դեբյուտը կլինի Նյու Յորքում։ Եվ եթե Նյու Յորքի նվաճումը դեռ առջեւում է, ապա՝ հոկտեմբերին Կամերային նվագախումբը հասցրել է «կապիտուլյացիայի ենթարկել» Լիբանանը (Բեյրութի ամերիկյան համալսարանը), Մեծ Բրիտանիան (Քենթրբերիի տաճարը՝ Քենթրբերյան փառատոնի ընթացքում) եւ Շվեյցարիան (Ժնեւի Victoria Hall-ում՝ ՄԱԿ-ի հայտարարած քաղաքակրթությունների երկխոսության տարվա շրջանակներում կատարած համերգի ժամանակ)։ Բոլոր համերգներն էլ, ըստ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի, անցել են բացառիկ հաջողությամբ՝ «հոտնկայս ծափողջույնների տարափի ներքո, յուրաքանչյուր համերգից հետո 4-6 ստեղծագործության ծրագրից դուրս կատարումով՝ որպես «բիս»։ Պրն Ղարաբեկյանն իրենց հոկտեմբերյան հյուրախաղերին մանրամասն անդրադառնալուց հետո պատմեց նաեւ վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում տված համերգների մասին, նշելով, որ հրաշալի եւ պատրաստված ունկնդիր ունենք մարզերում. «Մեր երեխաները հոյակապ են, հպարտանալ է պետք մեր սերունդով։ 1,5 ժամ Այրիվանքում ոտքի վրա կանգնած դասական երաժշտություն էին լսում։ Նյու Յորքում կամ Բեռլինում 10-15 րոպե հետո երեխաները կձանձրանային, կսկսեին վազվզել»։ Նոյեմբերի 14-ին Կամերային նվագախումբը կվերադառնա Նյու Յորքից՝ հուսով ենք, նույնպիսի հաջողություններով, ինչպիսիք ունեցավ Բեյրութում, Ժնեւում եւ Քենթրբերիում։ Քենթրբերիի փառատոնի տնօրենը վերջում պրն Ղարաբեկյանին ասել է. «Չգիտեմ, թե ինչեր եք անում դուք, բայց եւ այսքան տարվա մեջ չեմ տեսել, որ այս պահպանողական անգլիացիները թողնեն իրենց աթոռներն ու ծափահարեն»։ Ի դեպ, Ժնեւի եւ Քենթրբերիի ուղեւորությունները (ճանապարհածախսը) հովանավորել էր Բելլա Քոչարյանը։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ