Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջերս

Նոյեմբեր 06,2001 00:00

Նա դեմ չեղավ անհամաձայնությանը Վերջերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանն առավել հաճախակի է դարձել լրագրողների եւ իր նախկին ուսանողների քննադատության թիրախը։ Որպես այդ ֆակուլտետի (նախկինում՝ բաժնի) 1997 թվականի շրջանավարտ եւ Գ. Անանյանի նախկին ուսանողուհի, չեմ կարող չնկատել, որ այդ քննադատությունների զգալի մասը, իմ կարծիքով, կամ չի համապատասխանում իրականությանը, կամ չափազանցված է, կամ սուբյեկտիվ մոտեցման հետեւանք, միաժամանակ չբացառելով, որ քննադատության տեղ, իրոք, կա, ինչպես եւ յուրաքանչյուր ակտիվ կառույցում։ Չեմ կարող համաձայնել ֆակուլտետի 2001թ. շրջանավարտ Մարինե Սադյանի այն պնդման հետ («Առավոտ», 23.10.2001թ.), թե «Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տիրող արատավոր մթնոլորտը ավելի շատ խստանում է դիպլոմային աշխատանքների պաշտպանության օրերին»։ Վերապահում ունենալով ընդհանրապես «արատավոր մթնոլորտի» վերաբերյալ, համաձայն չեմ հիշյալ հրապարակման մեջ ներկայացվածի հետ, թեպետ՝ Գ. Անանյանի մոտեցումներից կարող էր այդպիսի տպավորություն ստեղծվել։ Իհարկե, ցանկալի չէ, բայց ստիպված եմ սեփական օրինակի մեջբերմամբ ցույց տալ հակառակը։ Այսպիսով, իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը, ինչպես Մ. Սադյանն է որակում, Գ. Անանյանի (այն ժամանակ՝ ամբիոնի վարիչ) սիրելիներից չէր, ավելին, ըստ լուրերի, լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջեւ։ Թեման էլ ընկեր Անանյանին դուր չեկավ, որովհետեւ Իրինա Պետրոսյանն արդեն բավականին սպառիչ ու հետաքրքիր գիրք էր տպագրել. «Էդ ի՞նչ պիտի ավելացնես գրքին»։ Ավելին, դիպլոմի նախապաշտպանության ողջ ընթացքում բազմիցս օգտագործեցի «ես համաձայն չեմ», «ես այլ կարծիքի եմ», «դուք սխալվում եք» եւ, նախկին շրջանավարտների ներկայացմամբ, այլ սարսափելի արտահայտություններ։ Ավելին, ամբիոնի վարիչի բարձր ձայնին ոչ տոնայնությամբ, ոչ էլ տեմբրով չէր զիջում իմը (չեմ ասում, թե սա խոսում է բանավիճելու բարձր կուլտուրայի մասին)։ Շա՞տ անսպասելի կլինի, եթե ասեմ, որ Գ. Անանյանը դիմեց ամբիոնի դասախոսներին, թե՝ «ինչո՞ւ եք լռում, խոսեք, ես մասնագետ չեմ (այդ ժամանակ նա միայն գրականագետ էր)»։ Միայն այն, որ հակառակ համակուրսեցիներիս անհանգստությանը, թե՞ այս ամենից հետո գնահատականը կլինի «երկուս», Գառնիկ Անանյանն ասաց. «Կեցցես, ես այսպես եմ պատկերացնում դիպլոմայինի պաշտպանությունը», հավելելով մի շարք գովասանական խոսքեր, միանշանակորեն հերքում է այս առնչությամբ Մ. Սադյանի հակառակի վերաբերյալ պնդումները։ Ճիշտ չեն նաեւ հրապարակումներում եղած այն պնդումները, թե դեկանը քննադատություն, նոր առաջարկ հաշվի չի առնում։ Դեպքեր են եղել, երբ ուսանողների բողոքներից հետո, այսպես ասած, կարգի են հրավիրվել որոշ դասախոսներ, պատահել է նաեւ, որ նոր առարկաներ են մտցվել դասացուցակ, իսկ որ առավել ուշագրավ է, փոփոխություններ են կատարվել պետական քննությունների ցանկում։ Իհարկե, լավ չէ, որ ֆակուլտետի դեկանը չկարողացավ ամեն ինչ անել, որ Իրինա Պետրոսյանի, Արա Շիրինյանի նման դասախոսները մնան ֆակուլտետում եւ շարունակեն դասավանդել։ Իհարկե, ինձ՝ որպես «Առավոտի» լրագրողի, շատ տհաճ է, երբ ուսանողները կամ շրջանավարտները պնդում են, թե ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը չի սիրում ըստ իս՝ Հայաստանի ամենաանկախ թերթը՝ «Առավոտը», եւ ամենահետաքրքիր թերթը՝ «Հայկական ժամանակը»։ Բայց միայն այն, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ամենաշատն է քննադատվում, վկայում է այն մասին, որ այստեղ ամենեւին էլ 30-ական թվականները չեն։ Եվ հակառակը, եթե հարյուրավոր մասնավոր բուհերի այդ ֆակուլտետների մասին քար լռություն է պահպանվում, չի նշանակում, թե լույսի արագությամբ են զարգանում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հավատարիմ «Առավոտի» սկզբունքներին՝ հրապարակում ենք այս առնչությամբ տարբեր կարծիքներ. յուրաքանչյուրը գրում է իր անունից եւ իր սեփական փորձի հիման վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել