Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի

Նոյեմբեր 06,2001 00:00

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ, ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԵՎ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը ապագայում կուսումնասիրվի, կտրվեն ավելի սթափ եւ հավասարակշռված գնահատականներ, կբացվեն ողբերգության բոլոր մութ էջերը եւ դեմքերը։ Սակայն մեր խորհրդարանական ուժերի անհավասարակշիռ, գուցե եւ եսամետ, նպատակային գործունեության շնորհիվ «Հոկտեմբերի 27»-ը կարող է Հայաստանի այսօրվա կլանային կառավարումը վերափոխել ցեղախմբային կառավարման, եւ մենք կհայտնվենք քաղաքակիրթ-ստրկատիրական նախադեպը չունեցող հասարակարգում։ «Հոկտեմբերի 27»-ից 2 ամիս անց, մեր երկրի քաղաքական ուժերը իրենց ստորագրություններով համաձայնել են Եվրախորհրդի առաջարկած պայմաններին, այդ թվում նաեւ մահապատժի վերացմանը, իսկ այսօր նույն ուժերը հանկարծ ըմբոստանում են եւ հայտարարում՝ սկզբունքորեն դեմ չենք մահապատժի վերացմանը, բայց այն չպետք է վերաբերի «Հոկտեմբերի 27»-ի դեպքերին։ Ինչո՞վ բացատրել նույն հարցի նկատմամբ այս կարճ ժամանակահատվածում իրար բացառող վերաբերմունքների (այն տեսակետ չի կարող համարվել) ի հայտ գալը, մի՞թե այդ ուժերը Եվրախորհրդի հանդեպ երկրին առաջարկված պարտականությունների ստանձման համաձայնությունը տվել էին «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի ազդեցությամբ առաջացած հոգեկան խիստ հուզմունքի կամ ժամանակավոր անմեղսունակ վիճակում։ Իհարկե՝ ոչ։ Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ այսօր նրանք գործում են իշխանությունը ցանկացած գնով բռնազավթելուն նպատակաուղղված գործողություններով։ «Հոկտեմբերի 27»-ից անմիջապես հետո եւ հաջորդ մի քանի ամիսներին այդ ուժերն ավելի քան համոզված են եղել, որ իրենք են դառնալու իշխանության տերերը եւ Եվրախորհրդին առաջադրված պայմաններին միաձայն համաձայնելը հետապնդել է հնարավոր գլխացավանքներից խուսափելու եւ իշխանությունը բռնազավթելուց հետո այդ կազմակերպության հնարավոր աջակցությունը հայցելու իրավունք ունենալու նպատակ։ Բայց հետագայում պարզվեց, որ այդ իշխանատենչների շարքերում առկա էին բազմաթիվ «ծանրակշիռ» կարիերիստներ, որոնք ստանալով պաշտոններ՝ մոռացան ե՛ւ իրենց պաշտոն տվողների հրաժարականի օրառաջ պահանջները, ե՛ւ երկրի ու ժողովրդի վիճակը, ե՛ւ ամեն ինչը՝ պաշտոնական բազկաթոռի, սպասվելիք «կանաչների» ստվերներն առայսօր մթության խիստ շղարշով են պատել նորաթուխ իշխանավորների քաղաքական ռոմանտիկ անցյալը։ Սակայն դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ այդ ուժերին հակակշռող իշխանատերերը արհեստավարժ ձեւով տիրապետում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքին, որի արդյունքում իշխանությունից, ժամանակավոր օգտագործման համար՝ մի «պստլիկ» փայ հանվեց «շեֆ-հակառակորդներին» եւ ամեն ինչ ժամանակավորապես հանդարտվեց։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այսօր այդ նույն ուժերը, որոնք դեմ են մահապատժի վերացմանը։ Բազմիցս Եվրախորհրդի բարձրագույն ղեկավարության մակարդակով ասվել է՝ եթե Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում իր ստանձնած պարտականությունները չկատարի, կկասեցվի նրա անդամակցությունը Եվրախորհրդին։ Մի՞թե քաղաքական այդ ուժերը չեն գիտակցում, որ երկրի անդամակցությունը Եվրախորհրդին կասեցնելու հետեւանքով մենք կհայտնվենք Ռոբինզոն Կրուզոյի վիճակում՝ մեկուսացված ամենքից եւ ամեն ինչից, որ ողջ աշխարհը Հայաստանին կվերաբերվի որպես բորոտի, որ այս դեպքում մեզ համար շատ ավելի շահեկան կլիներ այդ կազմակերպությանն ընդհանրապես չանդամակցելը, քան անդամակցությունից հետո տարած-ետ բերածի, վտարվածի կարգավիճակում հայտնվելը։ Իհարկե՛, գիտակցում են։ Մեր կարծիքով, այս դեպքում իրենց պահվածքով նրանք կամ ձգտում են երկիրը մեկուսացնելու, սոցիալ-քաղաքական հզոր պայթյուն առաջացնելու գնով ողջ իշխանության անպատիժ զավթմանը կամ «Հոկտեմբերի 27»-ի հետ ունեն այնպիսի առնչություն, որի չբացահայտման միակ երաշխիքը այն իմացողների ֆիզիկական ոչնչացումն է, որին եւ ձգտում են՝ ոչնչի առջեւ կանգ չառնելով։ Սակայն պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ շատ ավելի խոր գաղտնիքներ են հանկարծակի լույս աշխարհ եկել եւ այսօր մահապատժի իրականացումը չի կարող ինչ-ինչ գաղտնիքների հավերժ թաղման երաշխիք լինել։ Վերոհիշյալ այս խաղը կազմակերպվում եւ ուղղորդվում է ՀՀ Ազգային ժողովի պատերի ներսից եւ, հանուն ժողովրդի, երկրի, պետության համար առավել ծանրագույն հետեւանքներ առաջացնող այս ազգադավ խաղի հաղթանակի, արվում է ամեն ինչ՝ սկսած ԱԺ կանոնակարգի ոտնահարումից, վերջացրած ցանկացած արժեքի կոխկրտումով։ Ասածի ապացույց է նաեւ այն, որ չնայած 1998թ. շրջանառության մեջ գտնվող ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի առկայությանը, որի ընդհանուր մասն արդեն 2 տարի է, ինչ ընդունվել է 3-րդ ընթերցումով, ՀՀ ԱԺ 2001թ. հոկտեմբերի 8-10-ի եռօրյա նիստի օրակարգում ներառված է դեռեւս ոչ մի ընթերցում չանցած մեկ այլ նախագիծ, որը հեղինակվել է Վ. Դալլաքյանի եւ 8 այլ պատգամավորների կողմից (կետ 35) եւ գրեթե բառացի արտագրված է առաջին նախագծից, բայց եւ այնպես՝ քննարկման չարժանացավ։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել