Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերից է Չորաթանը, որը այսօր,

Նոյեմբեր 06,2001 00:00

Գյուղացու մեջքը ջարդեցին Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերից է Չորաթանը, որը այսօր, գյուղացիների խոսքերով, գտնվում է կործանման եզրին եւ ոչ ոք հավատ չունի վաղվա օրվա հանդեպ։ Գյուղի տարածքի նախկինում էլ ոչ այնքան բերրի հողերը հոգնել են, սպառվել, գյուղացին էլ ի վիճակի չէ «կրակի» գնով պարարտանյութ գնել։ Վերջին երկու տարիների աննախադեպ երաշտն էլ մի նոր երկնային պատուհաս է ու քանի որ արդեն 4-5 տարի ոռոգման համակարգն էլ չի գործում, ուստի «Աստծո երեսը պահած»՝ գյուղացին «դառը դատում է ու դատարկ նստում»՝ չկարողանալով ապահովել գոնե ձմեռվա հացը։ Ու օրվա հացի փնտրտուքով էլ լքում են հողն ու գյուղը եւ բռնում արտագաղթի ճանապարհը։ Գյուղապետարանի տվյալներով, միայն վերջին 4-5 տարում գյուղը լքել են 129 հոգի՝ հիմնականում երիտասարդներ, որոնցից միայն 30-ը՝ վերջին 5-6 ամսվա ընթացքում։ Գյուղում տասնյակ «կողպած» տներ կան, երիտասարդ ընտանիքներին մատների վրա կարելի է հաշվել, հիմնականում մնացել են ծեր, անօգնական թոշակառուները։ 10 ամսվա տվյալներով ընդամենը 5 ծնունդ է գրանցվել։ Գյուղացի Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով, պետք է վերականգնել նախկին շրջանի կարգավիճակը, քանի որ մարզպետարանների ստեղծմամբ «գյուղի արտադրության մեջքը ջարդեցին, գյուղացունն էլ հետը»։ Մի չնչին հարց լուծելու համար գյուղապետը պետք է 30 լիտր վառելիք ծախսի, հասնի Իջեւան, իսկ հասարակ գյուղացու համար դա նույնն է, թե «հավքն իր թեւով…»։ Մինչդեռ, եթե միջոցները ներեին եւ կարողանային գնալ, իրենց խոսքը կհասցնեին վերադասին ու կհարցնեին. վազը որ տարիներով չջրվի, բերք կտա՞, իսկ եթե պտղատու ծառերը չորացել են, ցորեն չկա, գյուղացին ինչո՞վ հարկ վճարի։ Կամ, եթե գյուղում քանի՜ տարի է ոռոգման ջուր չկա, ինչո՞ւ վարձավճարների չափերը չեն վերանայվում, գոնե դարձնեն անջրդի հողի, եթե որպես սահմանամերձ գոտի հնարավոր չէ մի արդյունավետ որոշում ընդունել՝ հօգուտ գյուղացու։ Դեռեւս անցյալ տարի 2 մլն դրամ է հատկացվել ոռոգման ջրի խողովակաշարի նորոգման համար, սակայն, ինչպես տեղեկացրին գյուղացիները, արած գործը չի երեւում, իսկ գումարն արդեն սպառվել է։ Գեղջկուհի Ալվարդի խոսքերով, գյուղապետի արածն էլ այն է, որ նախկին ոռոգման համակարգի տրուբաները հանել տվեց, ծախեց չինարվեցունց ու այգեձորցունց։ Երաշտի հետեւանքով բարակել են նաեւ խմելու ջրի աղբյուրները, անմխիթար վիճակում են ջրավազանները, որոնցից մեկի ծածկը փլվել է՝ 32 ընտանիքի զրկելով ջրից։ Ու մինչ գյուղապետը դժգոհում է այդ ընտանիքներից, որ գումար չեն հավաքում օժանդակելու ջրավազանի վերանորոգմանը, գյուղացիներն էլ իրենց հերթին են բողոքում, թե մի երկու ամիս առաջ «Պարեն՝ աշխատանքի դիմաց» ծրագրով մի «Կամազ» ալյուր ու ձեթ է հատկացվել գյուղապետարանին, սակայն ոչ մի աշխատանք էլ չի կատարվել, իսկ մթերքը գյուղապետը «իր մի քանի մոտիկների հետ մեջմեջ են արել»։ Վերահսկողության բացակայության պարագայում գյուղապետը «վերեւից» եկողին մի լավ պատիվ է տալիս, ճանապարհում, հավաստում են գյուղացիները։ Իսկ համայնքի բնակիչներին էլ հաշվետու չէ։ Տնտեսավարման 10 երկար ու ձիգ տարիներին ոչ մի անգամ ժողով չի եղել։ Ժողովուրդը ինֆորմացված չէ ոչ գյուղի ծխի, ոչ հողի բաժանման քանակի վերաբերյալ։ Ոչ ոքի հաշվետու չէ, որ տրակտորը կամ կոմբայնը որքան վար ու ցանք արեց, ինչքան հնձեց, ում եւ ինչքան հարկ վճարեց, եւ, որ ամենակարեւորն է, այդ գումարը իրականում ինչի համար ծախսվեց (ոչ թե ինչ փաստաթղթով ձեւակերպվեց)։ Ինչպես տեղեկացրին հողագործները, միայն 300 հեկտար արտ է հնձվել, որի մեկ հեկտարի համար պարտադիր վճարվել է 10 հազար դրամ։ Մինչդեռ գյուղապետի հավաստմամբ, այդ գումարները չեն կարողանում հավաքել, հավաքածն էլ հազիվ կոմբայնի վերանորոգման համար պահեստամասերի ձեռքբերմանն է հերիքել։ Արդյունքում գյուղապետարանը գումար չունի ճանապարհ նորոգելու կամ ջրի հարց լուծելու։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ Հ. Գ. «Ով է արդար, ով՝ մեղավոր, մենք չդատենք», սակայն օրինակն ակնհայտ է՝ հարեւանությամբ գտնվող գյուղերում վիճակը շատ-շատ ավելի մխիթարական է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել