Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի»

Նոյեմբեր 06,2001 00:00

ԱՄՈՒՐ ՊԱՀԵԱ ԶՀԱՎԱՏ «ԱրմենՏելի» եւ րոպեավճարի թեմաների շուրջ հանգիստ կարելի է խաղալ «Հավատում եմ-չեմ հավատում» թղթախաղը։ Ասենք, «ԱրմենՏելը» «խոդ է անում»՝ սեպտեմբերի մեկից րոպեավճար կկիրառի, հավատալ-չհավատալու հերթը ժողովրդինն է։ Մինչեւ պարզվի՝ ժողովուրդը իր հավատի մեջ խաբված է, թե ոչ, ՀՀ կառավարությունն է «խոդ անում»՝ չի կիրառի։ Ինչպես հասկացանք, ժողովրդին այլ բան չի մնում, քան հավատալ դրան, կամ ոչ։ Ընդ որում, այս խաղը այն դեպքերից է, երբ մասնակիցներից յուրաքանչյուրն իր խաղաքարտերը կրծքին սեղմած, բազմանշանակ, միանգամայն համոզիչ եւ հաղթական տոնով հայտարարում է, որ ձեռքին առնվազն չորս «տուզ» ունի։ Ում հավատան, ում՝ չէ, մարդիկ, այդ երկու ընտրությունից բացի, մեկն էլ ունեն՝ դուրս գալ խաղից։ Իսկ «ԱրմենՏել»-կառավարություն խաղից ժողովուրդը դուրս գալ չի կարող, եթե, իհարկե, չհանեն։ Իսկ դա կարող է լինել մոտավորապես այսպես։ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ րոպեավճար չմուծելու պատճառով հեռախոսակապից զրկված ամեն քաղաքացի կարող է դիմել անձամբ նախարարին եւ իրեն պաշտպանված զգալ։ Պրն Մանուկյանն այդ օրը նաեւ տարակուսանք հայտնեց «ԱրմենՏելի» կողմից քաղաքացիներին ուղարկված հաշիվների առնչությամբ, քանի որ դրանցում հստակեցված չէին, թե ընդհանուր գումարի որ մասն է ներքաղաքային խոսակցությունների դիմաց վճարման ենթակա րոպեավճարը, որը՝ միջքաղաքայինների, որը՝ բջջային հեռախոսների հետ կապի։ Հաջորդ իսկ օրն արդեն ուղարկված հաշիվները սկսեցին հետ վերցնել։ Ժողովուրդը քիչ էր մնում բացականչեր՝ չեմ հավատում, պարզվեց, գործը դրան չի հասնում։ Հաշիվները նորից ուղարկվեցին՝ այս անգամ վերը նշված բաժանումով։ Միայն թե դրանք ուղարկվեցին ոչ փոստային բաժանմունքներ, ուր քաղաքացիներն այցելում են վճարներ կատարելու։ Այդ առանձնացված հաշիվները, այսպես կոչված, «ATC»-ներում են, իսկ փոստային բաժանմունքներում բաժանորդներին դեմ են անում մեկ ընդհանուր գումար։ Րոպեավճար մուծելու մտադրություն չունեցողներին ուղարկում են «ATC»՝ այնտեղ ճշտելու՝ ինչի համար՝ ինչքան։ Այսինքն, կապի որակը «միջազգային ստանդարտների» հասցնելուն զուգահեռ, «ԱրմենՏելը» «միջազգայնացրել» է նաեւ սպասարկման որակը՝ հնարավորինս «կրճատելով» բաժանորդի անցնելիք ճանապարհը՝ իր վճարումների չափը պարզելու նպատակով։ Այսինքն, այս ճանապարհը չանցած եւ րոպեավճարի հետ խառնված «միջքաղաքայինները» չվճարած բաժանորդին հեռախոսային կապից կարելի կլինի հանգիստ զրկել եւ այս դեպքում վերջինս թող չհավատա, թե կապի նախարարությունը նրան տեր կկանգնի։ Չէ՞ որ նա պաշտպանն է րոպեավճարի համար հանիրավի լլկվածների։ «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Հասմիկ Չութիլյանից ճշտեցինք, որ փոստային բաժանմունքներում հաշվի միասնական լինելն օրինական է։ Դրանք առանձնացված են «ԱրմենՏելի» սպասարկման բաժիններում։ Ըստ Հ. Չութիլյանի, փոստային բաժանմունքներում տեխնիկապես դժվար է մի քանի հաշիվներն առանձնացնել։ Երբ դա հնարավոր լինի, բաժանմունքի պետի հավաստիացմամբ, դրանք առանձին-առանձին կտպագրվեն եւ փոստով կուղարկվեն բաժանորդների բնակարանները։ Իսկ առայժմ առանձնացված հաշիվ ներկայացնելու համար այդ սպասարկման բաժիններում պահանջում են բաժանորդի անձնագիրը։ Նպատակը միանգամայն հասկանալի եւ արդարացված է. որպեսզի ով ասես՝ քիթը չխոթի ուրիշի հեռախոսազանգերի մեջ։ Իսկ եթե բաժանորդը հանրապետությունից բացակայո՞ւմ է եւ նրա բնակարանում ապրում եւ, բնականաբար, հեռախոսից օգտվում է ուրի՞շը։ Երեւի մնում է սպասարկման բաժինների աշխատակիցների հետ պայմանավորվելը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել