Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԻԱՑԻՈՆ ԳՐԱՔՆՆԻՉԸ

Նոյեմբեր 06,2001 00:00

ԱՎԻԱՑԻՈՆ ԳՐԱՔՆՆԻՉԸ Մեր ժամանակը միայն արտաքուստ է գորշ ու անհետաքրքիր: Իրականում հիմա էլ մեզանում տեղ կա սխրանքների համար: Եվ այդ սխրանքներն, իհարկե, կատարվում են պետականամետ պաշտոնյաների կողմից, որոնք ոչ մի պահ չեն կարող ապրել առանց իշխող դուետի նկատմամբ առատորեն օճառ օգտագործելու: Այդպիսի օճառասեր հերոսներից է, անշուշտ, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը: Թվում է թե, ի՞նչ կապ ունի այդ պաշտոնյան քաղաքականության հետ՝ թող զբաղվի իր ավիացիայով: Բայց ոչ՝ ավիացիայում գործերն այնքան էլ լավ չեն գնում, ստիպված ես փառաբանել Սեդրակովիչին ու Ազատովիչին՝ գործնական ապաշնորհությունդ թաքցնելով քծնանքի փրփուրների տակ: Բայց դա քիչ է. պետք է նաեւ պաշտպանել այդ երկուսին ներքին թշնամուց: Այդ վեհ առաքելությամբ հոկտեմբերի 30-ին սույն պաշտոնյան խորհրդակցություն է հրավիրում եւ թիվ 37 (արի ու մի հավատա թվերի մագիային) արձանագրություն է կազմում: Մեջբերենք այդ արձանագրության 3-րդ կետը առանց խմբագրական միջամտության. «3.ՔԱԳՎ պետի ԱԱ գծով տեղակալ Ա.Պողոսյանին. 3.1 Ուսումնասիրել եւ ՔԱԳՎ պետին զեկուցել թե ինչպե՞ս են շրջանցելով ռեժիմային գոտիները օդանավի ներսում հայտնվում պարբերական մամուլի այն թերթերն ու ամսագրերը, որոնք խեղաթյուրված նյութեր են տպագրում իշխանության մասին: Անհրաժեշտ է պարզել նաեւ, թե որ ծառայությունների թույլ աշխատանքներն են նպաստում վերը նշված փաստին: Ժամկետ՝ 7 օր»: Դժվար է ասել, արդյոք նման հանձնարարականը ծնվել է պրն Երիցյանի կողմից նախագահական աշխատակազմում խիստ նկատողություն ստանալուց հետո՞, թե՞ դա իր անձնական նախաձեռնությունն է (հակված եմ ենթադրել՝ առաջինը): Առավել հետաքրքիր է սակայն, թե ինչպես է վարվելու ավիացիայի գլխավոր չեկիստ Ա.Պողոսյանը: Հուշելու կարգով կարող եմ խորհուրդ տալ. ներքին հրահանգով հավասարեցնել «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերը պայթուցիկ նյութերին եւ զենքին: Նախաթռիչքային ստուգման ժամանակ այդ պարբերականները ուղեւորների մոտ հայտնաբերելու դեպքում առգրավել դրանք եւ քրեական գործ հարուցել: Ազգային անվտանգությունը կարեւոր խնդիր է՝ դրան չի կարելի մատների արանքով նայել։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել