Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ԱՄՆ-ից բերել էր նախագահ Քոչարյանի նախկին խորհրդականը

Նոյեմբեր 06,2001 00:00

Թարմ քամի Որ ԱՄՆ-ից բերել էր նախագահ Քոչարյանի նախկին խորհրդականը Մոտ երկու տարի առաջ, հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ կալանավորվել էին ոչ միայն Ազգային հեռուստատեսության տնօրեն Հարություն Հարությունյանն ու նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, լուրեր կային, թե նախաքննական մարմինը կատարված ոճրագործության համատեքստում որոշակի կասկածներ ունի նաեւ նախագահի խորհրդական Կասյա Աբգարյանի նկատմամբ: Այն ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթը նաեւ դիմել էր գործը վարող նախաքննական մարմնին՝ ճշտելու, թե արդյոք իրականությանը համապատասխանում են Կասյա Աբգարյանին պաշտոնապես հարցաքննության հրավիրելու եւ նրան կասկածյալների թվին դասելու մասին շրջանառվող տեղեկությունները: Նախաքննական մարմնի պատասխանատուներից մեկը հաստատել էր, թե Կ.Աբգարյանին, այո, հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկված՝ բայց վկայի կարգավիճակում: Ավելի ուշ պարզվեց, որ Կ.Աբգարյանն, այդուհանդերձ, այդպես էլ չի հարցաքննվել՝ ԱՄՆ-ում ֆիզարձակուրդի մեջ լինելու պատճառաբանությամբ: Մինչդեռ մամուլում տված Կ.Աբգարյանի հարցազրույցից պարզվում է, որ ինքն այդ մասին նույնիսկ տեղյակ էլ չի եղել (՞): Միայն օրերս Հայաստան այցելած Կ.Աբգարյանը իր հարցազրույցում մասամբ պատասխանեց այն հարցերին, որոնք, թերեւս, կարող էին հետաքրքիր լինել գործի նախաքննությունը վարած եւ անջատված մասով նախաքննությունը դեռ շարունակող խմբի համար: Բայց, ինչպես պարզվում է, Կ.Աբգարյանը նախաքննությանն այլեւս չի էլ հատաքրքրում, թեեւ նրա հայտարարություններից շատ նոր հարցեր են ծագում: Մասնավորապես, թե կատարված ոճրագործությունից ընդամենը մի քանի ժամ հետո, երբ իր իսկ խոստովանությամբ ոչ ոք դեռ չգիտեր որն է կատարվածի պատճառը, երբ Հունանյանն ու նրա խումբը ԱԺ-ում օժանդակ ուժերի էին սպասում, երբ հեռուստատեսության գործադիր տնօրեն Տ.Նաղդալյանը հեռուստատեսության շենքի վրա հարձակում էր սպասում, տիկին Աբգարյանին ո՞վ էր հավաստիացրել եւ որտեղի՞ց էր նա տեղեկացել, թե Հունանյանի թիկունքին ոչ ոք կանգնած չէ, եւ, որ կատարվածն ընդամենը «տեռորի նման մի բան է»՝ ոչ թե քաղաքական հեղաշրջում կամ քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն: Ինչո՞ւ է նա համոզված դրանում եւ որտեղի՞ց կարող էր նման տեղեկություն ստանալ, երբ այդ պահին ինքն էր համարվում բարձրագույն իշխանությանը՝ երկրի նախագահին, մոտ կանգնած աղբյուր: Կամ արդյո՞ք լեզվի սայթաքում էր, երբ ողբերգությունից հետո ՍՆՆ-ին տված իր մեկնաբանության մեջ տիկին Աբգարյանը, որպես հանցախմբի պարագլուխ, նշել էր ոչ թե Նաիրի Հունանյանի, այլ Նաիրի Բադալյանի անունը: Ինչ վերաբերում է «27»-ի հնարավոր կազմակերպիչների մասին փաստերի բացակայությանը, որոնք վկայակոչել էր տիկին Աբգարյանը, ապա հարկ է նկատել, որ, այո, այսօր կազմակերպիչների մասին որեւէ ապացույց տակավին չկա, համենայն դեպս, պաշտոնապես: Այդ ապացույցների ձեռքբերման հույսերը հօդս ցնդեցին հենց այն պահից, երբ ներիշխանական հակամարտության արդյունքում իր դիրքերն ամրապնդած Քոչարյանի ռեժիմն ամեն ինչ արեց մեկուսարաններից ազատ արձակելու ոճրագործության կազմակերպիչների ու դրդողների գոյության փաստն արձանագրող նախկին մեղադրյալներին: Ավելին, նրանք, ովքեր համարձակվեցին կասկած հայտնել կոնկրետ եւ հնարավոր կազմակերպիչների մասին՝ անմիջապես հայտնվեցին մեկուսարանում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել