«ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է» Պնդում է նրա պաշտպանը՝ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, որը մինչ այժմ ձեռնպահ էր մնում նման որակումից։ -Ազատ Արշակյանի գործի նախաքննության ավարտից քիչ առաջ փոխվեց նրան առաջադրված մեղադրանքի ծավալը։ Ինչո՞վ էր թելադրված այս քայլը։ – Մեղադրանքի ծավալի փոփոխությունը պայմանավորված էր իբր թե նրա կողմից պահված զենքի քանակության պակասեցմամբ, փոփոխմամբ. փորձաքննությամբ պարզվեց, որ դրա մի մասը զինամթերք ու զենք չի կարող համարվել եւ, բնականաբար, չէր կարելի դրա համար մարդուն մեղադրանք առաջադրել։ ՔՕ 232 հոդվածը մնաց անփոփոխ, քանի որ, որակական իմաստով, այդ հանցագործության համար ծավալը նշանակություն չունի։ – Ձեզ համար ինչո՞վ է բացատրելի Ազատ Արշակյանի ցուցմունքների հակասականությունը։ Օրինակ, իր առաջին ցուցմունքում նա մեկ ասել է, որ այդ բոլոր զենքերը «Անկախության բանակը» ձեռք է բերել մարտադաշտում, հետո ասել, թե դրանց մի մասը հատկացրել են Հայաստանի զինվորական մարմինները։ – Նրա ցուցմունքների մեջ հակասություններ չկան։ Դրանք փո՛րձ է արվում ներկայացնել որպես հակասություն։ Այդ առաջին ցուցմունքը, որ այժմ վկայակոչեցիք, նա տվել է որպես վկա։ Իսկ երբ վկայի հարցաքննության բովանդակության մեջ պարունակվում են հարցեր, որոնց պատասխանները կարող են հարցաքննվողին կամ նրա մերձավոր բարեկամներին, ազգականներին մերկացնել հանցագործության կատարման մեջ՝ արդեն օրենքի պահանջի խախտում է։ Պետք էր նրան բացատրել, որ նա կարող է ցուցմունք չտալ, բայց նրան առաջադրվել են այնպիսի հարցեր, որոնց պատասխանելով ինքն իր դեմ ցուցմունք է տվել։ Կարող է՝ զրպարտել է ինքն իրեն, Քրեական իրավունքում կա՛ նման հասկացություն՝ ինքնազրպարտում, երբ մարդը տարբեր շարժառիթներով կարող է ինքն իրեն զրպարտել կատարված հանցագործության մեջ։ – Իսկ այս դեպքում կարծես ակնհայտ է, թե ինչու է ինքն իր դեմ ցուցմունք տվել՝ հաշվի առնելով իր 20 ձերբակալված ընկերների առկայությունը, որոնց բաց թողեցին Ազատ Արշակյանի խոստովանությունից հետո։ – Այո։ Սակայն, եթե անգամ համոզված էին, որ նա ինքն իրեն չի զրպարտում՝ պիտի հարցաքննեին ոչ որպես վկայի, այլ՝ կասկածյալի։ Բայց ես անտեսում եմ այդ ամենը։ Ընդունենք՝ ցանկացել է եւ ցուցմունք է տվել։ Ի՞նչ է հայտնել նա։ Ազատ Արշակյանն ասել է, որ այդ զենքի ձեռքբերման, հայթայթման մասին տեղյակ է։ Այն է, որ դրանք ձեռք են բերվել 1990-94 թթ. պատերազմական գործողությունների ժամանակ՝ ռուսական բանակից եւ այլն։ Այսինքն, ձեռքբերումն այն ժամանակ օրինական կարգով սահմանված գործընթաց չի եղել. ով, որտեղից, ինչ եւ ինչպես կարողացել՝ հայթայթել է։ Եվ դա այն ժամանակ ընդունված էր ու համարվում էր անհրաժեշտ գործողություն, քանի որ Հայրենիքն էր վտանգի մեջ, Ղարաբաղն էր հարկավոր պաշտպանել, ու նպատակն արդարացնում էր միջոցները։ Դրանց մի մասը գրանցվել է որպես այդ մարտական ջոկատի զենք։ Եվ դա Ազատ Արշակյանի՛ պահանջով է կատարվել։ Այս հանգամանքը չի ստուգվել քննությամբ, չնայած դրա մասին նա տվել է ցուցմունքներ։ Բացի այդ՝ ե՛ւ ՀՀ ՊՆ-ից, ե՛ւ Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեից «Անկախության բանակը» ստացել է զենք ու զինամթերք։ – Եվ այդ փաստաթղթերը կա՞ն քրեական գործում։ – Այո՛, կան բոլոր հիմնավոր փաստաթղթերը։ Եվ նախաքննությամբ ընդունված, հաստատված է, որ զենքերի մի մասը ձեռք է բերվել օրինական կարգով։ Բացի այդ՝ նրանք տարբեր զինատեսակներ են ձեռք բերել նաեւ ռազմավարի ձեւով՝ թշնամուց։ Այս ամբողջն օգտագործվել է պատերազմական գործողությունների ժամանակ եւ պետք է վերադարձվեր հրադադարից հետո։ Քանի որ զենքը ՊՆ-ից եւ ՊՊԿ-ից պաշտոնապես ստացել էին միավորման ջոկատների հրամանատարները եւ բաժանել մարտիկներին՝ նրանք էլ պարտավոր էին ռազմամթերքը հավաքել ու վերադարձնել։ (Նշենք, որ Ազատ Արշակյանն «Անկախության բանակի» ջոկատներից եւ ոչ մեկի հրամանատարը չի եղել.- Ա. Ի.)։ Նախաքննությամբ պարզված չէ, թե զինատեսակները ինչո՞ւ չեն վերադարձվել կամ դրանք ո՞ր զինվորի մոտ են եղել։ Այսինքն՝ եթե մարտական ջոկատների անդամներին հարցաքննեին, թե իրենց զենքն ո՞ւմ են հանձնել եւ ընդհանրապես՝ հանձնման մասին խոսք եղե՞լ է, արդեն պարզ կլիներ, թե ում մոտ է հավաքվել զենքը եւ ինչ նպատակով։ – Բայց քրեական գործի նյութերից կարծես ակնհայտ չէ՞, որ այդ զենքը հավաքված է եղել «Անկախության բանակի», այժմ արդեն հանգուցյալ, հրամանատար Արթուր Մալխասյանի մոտ։ – Այո, նման համոզմունք ես էլ ունեմ, որը բխում է գործի տվյալներից։ Բայց ես կցանկանայի, որ դա լիներ ոչ թե համոզմունք եւ կիսաենթադրություն, այլ քրեական գործով բացահայտված եւ անվիճելիորեն ապացուցված հանգամանք։ Իսկ դա դժվար չէր կատարել։ Չէ՞ որ կա այդ միավորման անդամների ամբողջական ցուցակը, հայտնի է, թե ովքեր են եղել հրամանատարները։ Եվ 1994-ի զինադադարից հետո, երբ զենքերի մի մասը հանձնվել է, մյուս մասը՝ ոչ, Ազատ Արշակյանը չէ, որ պարտականություն ուներ բոլոր մարտիկներից հավաքել զենքը։ Դա հրամանատարների գործն էր։ – Այն, որ Արթուր Մալխասյանի տան խորդանոցից վերջերս էլի զինամթերք հայտնաբերվեց, չի՞ ամրապնդում այն համոզմունքը, որ նա է զենքերը կուտակել եւ պահել։ – Իհարկե՛։ Պետք էր քննությամբ պարզել, թե այս զենքերը, որ տարբեր տեղերից հայտնաբերվել են՝ սրանք մի ամբողջությո՞ւն չեն կազմում։ Այս հարցը մնացել է անպատասխան։ Ստացվում է, որ Արթուր Մալխասյանի տան նկուղում հայտնաբերվում են պայթուցիկ նյութեր, նրա տնօրինության տակ գտնվող պահեստում, որ իր հիմնած հասարակական կազմակերպության գրասենյակն է, հայտնաբերվում է իր մարտական ջոկատի զենքի մի մասը եւ, չգիտես ինչու, մեղադրվում է Ազատ Արշակյանը։ – Չնայած այս բոլոր փաստերին՝ Դուք հոռետեսություն էիք արտահայտել, թե դատարանն Ազատ Արշակյանի արդարացման վճիռ կկայացնի։ Ինչո՞ւ: – Ես, իհարկե, պարտավոր եմ լավատես լինել։ Եվ եթե չունենայի բավարար իրավական հիմքեր ասելու, որ Ազատ Արշակյանն անմեղ է իրեն առաջադրված այս մեղադրանքում, երեւի այդ մասին չասեի, կընտրեի այլ, ավելի զգույշ բառեր ու արտահայտություններ։ Բայց խնդիրն այն է, որ Ազատ Արշակյանը, որպես քաղաքական գործիչ, տեւական ժամանակ զուսպ մնալուց հետո տված իր հարցազրույցներում կամ նրա անդամակցած կազմակերպություններն արել են այնպիսի հայտարարություններ, որոնցից հետո է հանկարծ մեջտեղ եկել այս քրեական գործը։ Եվ ես չեմ կարծում, որ այդ զինամթերքն անսպասելիորեն էր ընկել իրավապահ մարմինների աչքովը։ Դա վաղուց կար, հայտնի էր, ուղղակի ընտրվել է հարմար պահ։ Զուգադիպություններ, գուցեեւ լինում են՝ չեմ ժխտում, բայց այս ամենը պատահական չի թվում։ Եվ երբ նաեւ մերժվում է այլընտրանքային խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, չի թույլատրվում անգամ գրավ կիրառել, երբ 17 պատգամավորներ երաշխավորում են, որ պատրաստ են Ազատ Արշակյանի համար ստանձնել պատասխանատվություն եւ դա էլ է ժխտվում, ես ստիպված եմ մտածել, որ ուրեմն Ազատ Արշակյանը պե՛տք է նստեր։ Տարածքը նրա անվամբ չի եղել։ Ազատ Արշակյանն այն երկու տարի առաջ հանձնել էր հասարակական կազմակերպությանը, որի նախագահը ինքը չէ։ Եվ հանկարծ այդ տարածքում հայտնաբերված զենքերը վերագրում են Ազատ Արշակյանին։ Չտեսնելու տալով՝ ստիպված են լինում տեսնել այս ու այնտեղ հայտնաբերված զենքերը եւ էլի միայն վկայակոչում են որպես վկա հարցաքննության ընթացքում Ազատ Արշակյանի խոստովանությունը։ Նա ինքն իրեն զրպարտել է։ Ստուգվե՞լ է նրա խոստովանական ցուցմունքը, այլ, կողմնակի ապացույցների հիման վրա համոզվե՞լ են, որ դրանք ճիշտ են։ Թե՝ եթե մի անգամ ասել է, ուրեմն՝ վե՛րջ, ինքնախոստովանական ցուցմունքը թագուհին է ապացույցների։ Վիշինսկու ժամանակները չեն, որ մարդուց խոստովանություն կորզեն ու ասեն՝ եթե հետո հրաժարվել է, դա արվել է ինքնապաշտպանական նպատակներով։ Այսքանից հետո ստիպված եմ վկայակոչել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների չափանիշները, ըստ որոնց՝ քրեական գործը կարող է համարվել քաղաքական շարժառիթներով հարուցված, եթե մարդը կա՛մ անհիմն է կալանավորվել, կա՛մ անհիմն է ենթարկվել քրեական պատասխանատվության, կա՛մ էլ նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ընտրողաբար։ Ազատ Արշակյանի նկատմամբ հարուցված գործը համապատասխանում է այդ չափանիշներից առնվազն երկուսին։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ