Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Նոյեմբեր 06,2001 00:00

«Ի՞ՆՉ ԷՐ ԳՐԵԼ ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ» Եվ ինչո՞ւ ոչ ոք այն չհասկացավ Պատգամավոր Աղասի Արշակյանի հետ հարցազրույցը սկսեցինք Վրաստանում ընթացող գործընթացների վերլուծությամբ եւ հասանք հայաստանյան ներքաղաքական գործընթացներին։ Ինչպե՞ս կարող է վրացական գործընթացն ազդել Հայաստանի վրա. «Անշուշտ, կարող է ազդել, բայց միեւնույն ժամանակ, առիթն օգտագործելով, ասեմ հետեւյալը. այն, ինչ հիմա կատարվում է Վրաստանում, պարզապես կանխատեսելի էր»։ Մի փոքր կոպիտ համեմատություն անելով, հարցրի պրն Արշակյանին, արդյո՞ք կարելի է զուգահեռ անցկացնել Վրաստանում այսօր կատարվող իրադարձությունների եւ մոտ երկու տարի առաջ Հայաստանում կատարվածի միջեւ։ Ճիշտ է, ոչ պաշտոնապես, բայց եւ հայտնի էր, որ նախագահ Քոչարյանը եւս ցանկություն էր հայտնել հրաժարական տալու, սակայն անմիջապես այդ ցանկությունը մոռացվեց եւ հետեւեցին դիրքերն ամրացնելու գործողություններ, ինչպես որ վարվում է Շեւարդնաձեն։ Պրն Արշակյանի ասելով. «Չէ, ցավոք սրտի՝ չէ, կամ՝ բարեբախտաբար, չէ, որովհետեւ ինչի մեղսակցության մեջ մեղադրենք մեր նախագահին, այն, ինչ որ այսօր լավ էլ կոփվել է մեր հասարակության մեջ, ես դրան հավատալ չեմ կարող։ Ոչ թե նրա համար, որ չեմ ուզում հավատալ, թե մեր նախագահը մեղսակից է այդ ամենին։ Ինքը մեղսակից չի։ Դա ինձ համար այնքան պարզ է, ինչքան մենք հիմա նստած ենք երեքով»։ Աղասի Արշակյանը վստահ է, որ հասարակության մեծ մասին ապակողմնորոշել են։ Աղասի Արշակյանը հոկտեմբերի 8-ին հրավիրվել էր Գլխավոր դատախազություն՝ 1996-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ որպես վկա հարցաքննվելու։ Պրն Արշակյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց, պատճառաբանելով, որ ցանկություն չունի այդ հարցի վերաբերյալ ցուցմունք տալու. «քանի դեռ ընթացք չի տրված իմ դիմում-բողոքներին, որ ես այն ժամանակ ԱԱՆ մեկուսարանից ուղարկում էի ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանին»։ Պրն Արշակյանն այս հայտարարությունից մոտ մեկ ամիս անց եւս շարունակում է նույն կարծիքին մնալ։ Երեկ մեզ հետ զրույցում իր եւ ՆԳՆ Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի հետ առերեսման մանրամասները ներկայացնելով, պրն Արշակյանն ասաց. «Մուշեղ Սաղաթելյանը, պաշտպանվելով, ասում է, որ իրեն այդ ծակը կոխել են նրա համար, որովհետեւ ինքը հոկտեմբերի 27-ի հետ կապված բաներ գիտեր»։ Փորձեցինք առարկել պրն Արշակյանին, ասելով, որ, իրոք, քանի դեռ Մուշեղ Սաղաթելյանը չէր խոսել հոկտեմբերի 27-ի մասին, նրան ոչ ոք «այդ ծակը չէր կոխել»։ Աղասի Արշակյանն էլ իր հերթին առարկեց. «Ոչ, բոլորովին էլ այդպես չի։ Մեր առերեսման ժամանակ էլ ես Մուշեղ Սաղաթելյանին ասացի. «Քո մեղադրանքի մասով, որեւէ ցուցմունք ես չեմ տա, որովհետեւ քեզ դատում են ընտրովի»։ Ես սա արձանագրել եմ տվել, ինքս իմ ձեռքով գրել եմ նաեւ, որտեղ որ պետք է։ Այո, Մուշեղ Սաղաթելյանին այսօր դատում են ընտրովի, բայց, դա չի նշանակում, որ ինքը չի գործել այն ստորությունները, ինչի համար պետք է դատվի։ Հանդիպման ժամանակ, ես Մուշեղին այդպես էլ ասացի՝ «Քեզ այս վիճակին դատապարտեցին նրանք, ովքեր քեզ ուզում էին խցկել հոկտեմբերի 27-ի հանձնաժողով, նրանք, ովքեր քեզ խաբելով բերեցին, ինչ-որ ելույթներ սկսեցիր ունենալ»։ Ըստ Աղասի Արշակյանի, իր պատասխանի մեջ ուսանելի շատ բան կար, բայց «ո՛չ ինքը, ո՛չ էլ իրեն առաջ մղողները չասացին. «այ մարդ, էն Արշակյան Աղասին ի՞նչ է գրել»։ Պրն Արշակյանի գնահատմամբ «դարիս ամենակլյաուզնի» հարցը հետեւյալն է՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի գնահատականը, կա՞, թե՞ չկա ընդդիմություն։ Դե, քանի որ հարցն արդեն հնչեցրել էինք, լսենք պատասխանը. «Կա, իհարկե, ընդդիմություն կա, ինչքան սրտովս չի իշխանությունը, այնքան սրտովս չի ընդդիմությունը։ Իշխանությունը շատ հարցերում ավելի քան կոշտ է, որ պիտի լինի։ Ընդդիմություն էլ կա, որը անհամեմատ ավելի քաղաքակիրթ գործելու ե՛ւ հնարավորություն, ե՛ւ տեսանելի դաշտ ունի։ Միշտ չէ, որ իմ դուրը կգան նույնիսկ իմ ընկերների առանձին գործողություններ։ Ես իրենց մղումներն էլ եմ հասկանում, իրենք, գուցե ոմանց համար անընդունելի ճանապարհով, բայց ուզում են վիճակը շտկել, բայց ես էլ ունեմ այդ ծարավը՝ իրենց հետ քննարկելու։ Ինչո՞ւ, օրինակ, սրա հետ միանալ եւ ոչ թե նրա, կամ ինչո՞ւ չփորձել ինքնուրույն առաջ գնալ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել