Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի հայտնի ծաղկի խանութի շենքը բազմիցս

Նոյեմբեր 03,2001 00:00

ԱՉՔ ՎԱՐԺԵՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՕԲՅԵԿՏ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի հայտնի ծաղկի խանութի շենքը բազմիցս է եղել քաշքշուկների առարկա։ Խանութը գտնվում է քաղաքի կենտրոնում, ամենաակտիվ հատվածում։ Դեռ մի քանի տարի առաջ խոսվում էր այդ խանութի նոր նախագծով վերակառուցման մասին։ Այդպիսով, կան երկու նախագծեր՝ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետներ Արթուր Մեսչյանի եւ ապա՝ Համլետ Խաչատրյանի հաստատումներով։ 1999թ. Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որոշմամբ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ծաղկի խանութը վերակառուցելու եւ ընդլայնելու թույլտվությունը տրվում է «Հրաչ-5» ՍՊԸ-ին։ Նույն որոշմամբ «Հրաչ-5» ՍՊԸ-ին այդ նպատակով երկարաժամկետ վարձակալությամբ (99 տարի ժամկետով) հատկացվել է 50 քմ մակերեսով հողամաս, տարեկան վարձավճարը սահմանելով հողի կադաստրային արժեքի 30%-ը։ Հողամասի կադաստրային արժեքը պայմանագրի կնքման պահին կազմել է 1 հեկտարը՝ 25846200 դրամ։ Ծաղկի խանութի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքներն արդեն քանի ամիս ընթացքի մեջ են։ Մեկ հարկանի նախկին ծաղկի խանութի փոխարեն երկհարկանի կառույց է բարձրանում։ Շատ ճարտարապետների կարծիքով, անթույլատրելի է այդ հատվածում երկհարկանի կառույցի գոյությունը, որը իր առկայությամբ կարող է փակել շրջապատող գեղեցիկ կառույցներից մեկը՝ ճարտարապետ Գ. Թամանյանի հեղինակած շենքի ճակատը։ Հասկանալի է ճարտարապետների անհանգստությունը՝ հաշվի առնելով ծաղկի խանութի տեղի կարեւորությունը։ Նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հաստատմամբ, նախագիծը ենթադրում է թեթեւ կոնստրուկցիաներով, մեծ ապակեպատ հարթություններով, պարկային կառույցի կերպարով, երկհարկանի հարթ տանիքով օբյեկտ։ Իբրեւ ծաղկի խանութի տիրոջ անուն շոշափվում է գործարար Արայիկ Հայրապետյանի անունը (Լավանդայի Արայիկի), որը մոտ երկու տարի առաջ Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու էր։ Ա. Հայրապետյանը հանդիպման ողջ ընթացքում փորձում էր համոզել, թե օբյեկտի տերերը պարզապես իր մոտ ընկերներն են, որոնք ի սկզբանե եւ այսօր էլ հանդիսանում են խանութի երկարաժամկետ վարձակալողները։ Ա. Հայրապետյանի միջնորդությամբ զրուցեցինք նաեւ վարձակալ «Հրաչիկ-5» ՍՊԸ-ի տնօրինության հետ։ Վերջիններս պատմեցին, թե որքան մարդիկ են փորձել իրենց ձեռքից խլել այս խանութը, խանգարել շինարարությանը։ Իսկ շինարարության այսքան ձգձգվելու պատճառը քաղաքային միջոցառումներն են ու պետական պատվիրակությունների այցերը, որոնց այցի առթիվ քաղաքապետարանը կարճատեւ արգելել է շինարարական աշխատանքները։ Արայիկ Հայրապետյանը բարեխղճորեն ցուցադրեց շենքը տարբեր կողմերից՝ ընդդեմ ճարտարապետների բողոքների, թե ինչո՞վ է տեսադաշտը փակում մյուս շենքի եւ թե որքա՜ն գեղեցիկ կառույց է լինելու։ Առաջին հարկում ծաղկի խանութն է գործելու, երկրորդում՝ սրճարան։ Այնուամենայնիվ, Արայիկ Հայրապետյանը չէր կարող ո՛չ հերքել, ո՛չ թաքցնել իր ակնհայտ շահագրգռությունն այդ կառույցի նախագծային, շինարարական եւ ապագա տեսքի ու բովանդակության առնչությամբ։ Ճարտարապետների անհանգստությունը անտարբերության է մատնվում գուցե նաեւ անվանի հովանավորի պատճառով։ Փաստ է այն, որ քաղաքի այդ հատվածում, նման կարեւորագույն տեղում ամեն ինչ չէ, որ կարելի է թույլատրել։ Մի քանի ճարտարապետներ էլ այս հարցի առնչությամբ երկիմաստ պատասխաններ են տալիս, թե ընդհանրապես կարելի է նման երկհարկանի շենք, բայց որակյալ կատարմամբ, կամ՝ ի՞նչ է, որ… Ինչ խոսք, որոշ ժամանակ անց աչքներս դրա գոյությանն էլ կսովորի, սակայն դա չի նշանակում, թե ճիշտ է։ Որքա՜ն նման կառույցների ստիպված վարժվեցինք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել