Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինչհեղափոխական Ռուսաստանի այդ բոհեմական «հիմնը» ապրում է նույնիսկ անճանաչելի ու մշուշապատ անցյալի

Նոյեմբեր 03,2001 00:00

«թցրՈՐրՍՈ255 ՐցսպՑՍՈ ՋպրՑՏՍՈ255 ՌչՐՈ» Մինչհեղափոխական Ռուսաստանի այդ բոհեմական «հիմնը» ապրում է նույնիսկ անճանաչելի ու մշուշապատ անցյալի վերհուշ դառնալուց հետո: Չկան սպաներ, գեղեցկուհիներ, գինարբուքներ ու թղթախաղ, բայց կա երգը՝ կյանքի անբեկանելի դրվածքի մասին: Մարդն ինքն է գիտակցաբար կամ անգիտակից խճճվում փորձությունների սարդոստայնում, որտեղ վերապրելը ճակատագրի ողորմածություն է: Գուցե հաճոյախոսություն է նախագահ Քոչարյանին ցարական սպայի հետ համեմատելը, բայց նրան վիճակվող քաղաքական փորձաքարերը այնքա՜ն նման են սեփական քունքին ուղղված ինքնաձիգի փամփուշտների, որոնցից մեկը կարող է ճակատագրական լինել: Վրաստանի ներկա իրադարձությունները, ժողովրդական անհնազանդության ալիքն ու թավշյա հեղաշրջումը սցենար է, որի հաջորդ խաղարկումը կարող է լինել Հայաստանում: 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում չափազանց հաճախ էր խոսվում նոր իրականության մասին: Հայտնաբերվել էր ընդհանուր չարիք՝ ի դեմս միջազգային ահաբեկչության, եւ քաղաքակիրթ ժողովուրդները պետք է միավորվեին այն դիմագրավելու։ Բայց, ինչպես ցույց տվեց անցնող ժամանակը, կյանքը ավելի բազմաշերտ ու բազմադեմ երեւույթ է։ Հետզհետե աֆղանական պատերազմը վերածվում է լոկ ամերիկացիների մտահոգության, իսկ մնացյալները, «չարիքի դեմ պայքարի» քողի տակ, սեփական խնդիրներն են կարգավորում։ Հնդկաստանը եւ Պակիստանը Քաշմիրի ճակատագիրն են որոշում, Իսրայելը եւ Պաղեստինը նպաստավոր ժամանակ են գտել դիրքորոշումներ կոշտացնելու, Ռուսաստանն էլ՝ կենտրոնախույս տարրերին ռուսական պետության ուղեծիր վերադարձնելու։ Անշուշտ, առաջին հակապետական եւ ծայրահեղական տարրը չեչեններն են, որոնց սաստելը պետական անհրաժեշտություն է եւ փայլուն կերպով գործադրվում է Վլադիմիր Պուտինի կողմից։ Չեչնիան մաս է կազմում Ռուսաստանի Դաշնությանը, նրա անջատումը կարող է երկրի շղթայական քայքայման սկիզբ դնել, հետեւաբար, ռուսական պետության ինքնապահպանմանն ուղղված քայլերը, այդ դեպքում, հասկանալի են։ Սակայն, թվում է, Ռուսաստանը շատ է առաջանում: Աբխազիայի ռուսամետ, ինչ-որ տեղ ցուցադրական կեցվածքները, Վրաստանը չեչեն գրոհայինների ապաստան դարձնելու մեղադրանքները, այժմ էլ՝ Վրաստանի ներքաղաքական իրադրության լարումը նույնպես կարող են Ռուսաստանի կողմից ուղղորդված լինել: Մինչդեռ Վրաստանը անկախ պետություն է եւ այնտեղ Ռուսաստանի նույնիսկ հնարավոր անդրկուլիսային դերակատարությունը ընդվզում է առաջացնում: Բայց այն, ինչ կատարվում է Վրաստանում, շատ ավելի պետք է մտահոգի Հայաստանին եւ Ադրբեջանին։ Շեւարդնաձեի պաշտոնակալությունը երբեւէ լեգիտիմ-ոչ լեգիտիմի խնդիր չի հարուցել, Վրաստանում ահաբեկչություններ չեն կատարվել, եւ Վրաստանը տարածքներ չի կորցրել։ Այդուհանդերձ, դեռ խորհրդային ժամանակներից շատ ավելի սովորական, քան արտառոց մի օրինազանցություն՝ ՊԱԿ-ի ամենաթողությունը, բավական էր, որ հարաբերականորեն խաղաղ այդ երկիրը ցնցվի հանրահավաքներից, կառավարության կազմալուծումից եւ պետական ողջ իշխանության կաթվածահարումից։ Հայաստանում եւ Ադրբեջանում բավական է միայն արտաքին ուժերի ցանկությունը, եւ նախագահները կհեռացվեն իշխանությունից։ Ադրբեջանի դեպքում, գուցեեւ փոքր-ինչ հապաղեն, քանի որ Ալիեւ կրտսերից բացի նախագահության այլ թեկնածուներ ասպարեզում չեն երեւում։ Իսկ Հայաստանում առանց Արեւմուտքի կամ Արեւելքի էլ տասնյակ հազարավոր ցուցարարներ են մասնակցում հանրահավաքների՝ պահանջելով նախագահ Քոչարյանի հրաժարականը։ Նախագահը հանրահավաքներում մեղադրվում է ծանրագույն քրեական հանցանքների մեջ, այն է՝ իր գործողությամբ կամ անգործությամբ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը նպաստելը, «27»-ի հանցագործների հանդեպ համաներում կիրառելը, վերջապես, թիկնապահների ձեռամբ հրապարակային մարդասպանություն կատարելը։ Եթե այս կարգի հայտարարությունները տասնյակ հազարավոր մարդիկ են հանում հրապարակներ, այդ նախագահի դեմ համաժողովրդական ալիք բարձրացնելը ընդամենը տեխնիկայի գործ է։ Մի փոքր «այլ կարգի» աջակցություն հասարակական ակտիվիստներին, կազմակերպվածության եւ կոորդինացման որոշ տարրեր, պատգամավորների հետ դիրքորոշումներ պարզաբանող մի քանի զրույցներ եւ Քոչարյանի պաշտոնանկման հարցը կկանգնի խորհրդարանի օրակարգում։ Թե նախագահի պաշտոնանկման հարցում ինչ եզրակացություն կտա ՍԴ-ն, գրեթե միեւնույն է: Հազիվ թե որեւէ քաղաքական կամ դիվանագիտական կառույց հարաբերություններ զարգացնի իշխանության հետ, որը քրեական հանցանքների մեջ է մեղադրվում։ Քոչարյանը կարո՞ղ է ունենալ երաշխիքներ, թե ինչ-որ մեկին Արեւելքում կամ Արեւմուտքում ցանկալի չի թվա իր հեռացումը իշխանությունից։ Հազիվ թե։ Առավել հավանական է, որ Քոչարյանի դեմ ստորագրահավաքը եւ խորհրդարանի դեմարշերը ստանան արտերկրի աջակցությունը: Քաղաքացիները կարող են լայնախոհ գտնվել՝ պետությունը չընկալել Քոչարյանի պրիզմայով, Վրաստանի զարգացումներին ականատես՝ գիտակցել, որ նախագահին պաշտոնանկ անելով կարող ենք արտերկրի որեւէ ուժի պատանդը դառնալ։ Սակայն, խնդիրն այն է, որ Քոչարյանը այս հասարակությունում գրեթե նույնքան օտար եւ անընդունելի է, եւ քաղաքացին հազիվ թե երկու չարիքների միջեւ ցանկանա ընտրություն կատարել։ Իսկ Քոչարյանը հազիվ թե կարողանա սեփական անձը այս երկրում ավելի ընդունելի դարձնել։ Մնում է միայն հուսալ, թե արտաքին ուժերը պիտի չցանկանան Հայաստանով զբաղվել։ Թեեւ նման հույսը գրեթե փրփուրից կառչել է նշանակում։ Քոչարյանին վիճակված քաղաքական փորձաքարերը, ինչպես հուսարական ինքնաձիգի փամփուշտներ, շարունակում են արձակվել: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել