Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի երկրորդ կեսին Իտալիայի Գարդոնե Ռիվիերա քաղաքում անցկացվեց բազկամարտի աշխարհի 22-րդ առաջնո

Նոյեմբեր 03,2001 00:00

Արդյունքը գոհացնող է Հոկտեմբերի երկրորդ կեսին Իտալիայի Գարդոնե Ռիվիերա քաղաքում անցկացվեց բազկամարտի աշխարհի 22-րդ առաջնությունը։ Իրենց բազկի զորությունը ցուցադրելու համար մրցավայր էին ժամանել աշխարհի մոտ 22 երկրների 402 ասպետներ, որոնց մեջ էին նաեւ Հայաստանի չորս պատվիրակներ՝ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Սողոյանը, Դավիթ Ներսիսյանը (70 կգ), Նարեկ Անտոնյանը (80 կգ) եւ Արսեն Գաբրիելյանը (110 կգ)։ Հայ բազկամարտիկները բավականաչափ ճանաչում եւ հեղինակություն են վայելում միջազգային ասպարեզում եւ վերջին տարիներին, որպես կանոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից առանց մեդալների տուն չեն վերադառնում։ Ուրախալի է, որ այս սովորույթը չխախտվեց նաեւ այս անգամ։ Մեր բազկամարտիկներից Իտալիայում առավել հաջող հանդես եկավ Դավիթ Ներսիսյանը, որը պայքարում էր իր սովորականից ավելի ցածր քաշային կարգում։ Ձախ ձեռքով Դավիթը նախնական փուլում տարավ երեք հաղթանակ՝ ճապոնացի, ամերիկացի եւ բրազիլացի մրցակիցների նկատմամբ եւ մտավ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջեց հանրահռչակ Ալգեոլային (ԱՄՆ) եւ արժանացավ արծաթե մեդալի։ Աջ ձեռքով պայքարում հայ բազկամարտիկը նույնպես հաջող հաղթահարեց մեկնարկային փուլը՝ միմյանց ետեւից առավելության հասնելով Իտալիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի երկու ներկայացուցչի նկատմամբ եւ իրավունք ստացավ այս մրցաձեւում էլ պայքարելու մեդալի համար, ճիշտ է, այս անգամ՝ «բրոնզի»։ Ու պատվով դուրս եկավ փորձությունից՝ բարձրանալով պատվանդանի երրորդ աստիճանին։ Այս նվաճումները Դավիթին թույլ տվեցին լրացնել միջազգային կարգի սպորտի վարպետի նորման, ու նա հիմա սպասում է միջազգային ֆեդերացիայի կողմից այդ կոչումը վավերացնելուն։ Հայաստանի հաշվարկին միավորներ բերեց նաեւ մեր փորձառու ծանր քաշային, հավաքական թիմի ավագ Արսեն Գաբրիելյանը։ Նա թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով հանդես եկավ հավասարաչափ ու կայուն՝ երկու դեպքում էլ ճանաչվելով 5-րդը։ Արսենն ու Դավիթն արժանացան նաեւ մրցանակակիրների համար սահմանված հատուկ գավաթների։ Ակնկալիքներ կային նաեւ 80 կգ քաշային Նարեկ Անտոնյանից, որին մարզաձեւի ներկայացուցիչներն աշխարհում գիտեն եւ սիրում են ոչ միայն հզոր բազուկներ ունենալու համար, որի ուժին ու պոռթկումին շատերը չեն դիմացել ամենաբարձր մակարդակի միջազգային բազմաթիվ մրցումներում, այլեւ, որ Նարեկը միակ բազկամարտիկն է աշխարհում, որի ամուր մատները քնքշանում են, երբ ձեռքն է վերցնում ջութակը։ Սակայն այս անգամ երաժիշտ-մարզիկը ձեռնունայն վերադարձավ տուն։ Եվ եթե վիճակահանությունը հենց սկզբից նրա դեմ չհաներ ուժեղագույն մրցակիցների՝ աշխարհի տարբեր տարիների չեմպիոնների, ապա անկասկած Նարեկը իր կուրծքը կզարդարեր մեդալներով։ Երկու հաղթանակ տարավ եւ նույնքան անգամ էլ պարտվեց Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը՝ 60 կգ քաշային Վազգեն Սողոյանը։ Ու դա բավական չեղավ թիմային հաշվարկում մեր հավաքականին միավորներ բերելու համար։ Դավիթ Ներսիսյանը, մեր զրույցի ժամանակ պատմելով իր թիմակցի մրցելույթների մասին, ասաց, որ Վազգենի մրցակիցներն էին անհարմար։ Նրանք հաղթել կարողացան ոչ թե ավելի ուժեղ լինելու կամ տեխնիկայի շնորհիվ, այլ երկար բազուկներ ունենալու պատճառով։ Թիմային պայքարում Հայաստանը 16 միավորով տեղ զբաղեցրեց ուժեղագույն տասնյակում։ Դավիթ Ներսիսյանից տեղեկացանք նաեւ մի հետաքրքիր մանրամասն։ Մեր հարեւաններից Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները մուտքի վիզան մերժելու պատճառով (գուցե կապված ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ) հնարավորություն չէին ունեցել մեկնելու մրցավայր։ Մոտավորապես նույն վտանգն է սպառնացել նաեւ Հայաստանին։ Սակայն բոլոր հարցերը կարգավորվել են, երբ խնդրին միջամտել է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը։ Միայն դրանից հետո է մեր հավաքականին իրավունք տրվել մեկնելու Իտալիա։ Աշխարհի այս առաջնությունով հայ բազկամարտիկները, փաստորեն, ավարտեցին մրցաշրջանը։ Սակայն նրանք մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Սարգսյանի ղեկավարությամբ (ի դեպ, հենց նա էլ ղեկավարել էր աշխարհի առաջնությանը նախապատրաստելու փուլը) այժմվանից արդեն նախապատրաստվելու են եկող տարի հունիսին Չեխիայում՝ Եվրոպայի եւ հոկտեմբերին Եգիպտոսում՝ աշխարհի առաջնություններին։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել