Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 03,2001 00:00

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ Իսպանիայում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում (10-18 տարեկան տղաներ եւ աղջիկներ) 9-րդ տուրից հետո հայտարարված մեկօրյա հանգիստը, ըստ ամենայնի, բարենպաստ եղավ Հայաստանի ներկայացուցիչների ճնշող մեծամասնության համար։ Դատելով գրանցված արդյունքներից, դա բավական էր, որպեսզի հայ պատանիներն ու աղջնակները թոթափեն պայքարի լարվածության բեռը, վերականգնեն ուժերը եւ իրենց պատշաճ մակարդակով վերջնագծում ներգրավվել պայքարի մեջ։ Աղջիկներից Հայկուհի Ալեքսանյանը (10 տարեկաններ) սեւերով ուժերը չափեց Ավստրիայի ներկայացուցիչ Թ. Օլիվերի հետ ու շատ կարեւոր հաղթանակ տարավ։ Այժմ նա 4,0 միավորով 50-րդ տեղում է։ Թիմակցից հետ չմնաց նաեւ Աննա Հայրապետյանը (12 տարեկաններ)։ Նա սպիտակ խաղաքարերով իր առավելությունն ապացուցեց պորտուգալուհի Ս. Աֆոնսոյի նկատմամբ ու վաստակած միավորների գումարը հասցնելով 4,5-ի, ամրապնդվեց 52-րդ հորիզոնականում։ 16 տարեկանների մրցակցությանը մասնակցող Լիանա Աղաբեկյանը նույնպես բարելավեց իր տեղը մրցաշարային աղյուսակում։ Դրա համար նրանից պահանջվեց սեւերով առավելության հասնել Մեքսիկայի ներկայացուցիչ Լիլիանա Պինեյրա Սանդովալի նկատմամբ։ 11-րդ տուրից առաջ Լիանան 47-րդ տեղում է (4,5 միավորով)։ Աղջիկների բարձր արդյունքների պայմաններում մի տեսակ ամոթ կլիներ, եթե տղաները հաղթանակներ չտոնեին։ Եվ ի պատիվ նրանց, պետք է ասել, որ դա ընդհանուր առմամբ հաջողվեց։ Այսպես, Հրայր Սիմոնյանը, որ բավականին հաջող է հանդես գալիս 10 տարեկանների պայքարում, սպիտակներով հաղթեց մոլդովացի Վլադիմիր Խամիտեւիչիին ու կրկին տեղ զբաղեցրեց առաջատարների շարքում (11-րդ տեղ, 6,5 միավոր)։ Վերելքով հանդես եկավ նաեւ 12-ամյա Զավեն Անդրիասյանը։ Նրա առջեւ զենքերը վայր դրեց լիտվացի Էմիլիս Պիլեսկիսը։ Այս հաղթանակից հետո Զավենը 6,5 միավորով բարձրացավ 23-րդ հորիզոնական։ 10-րդ տուրում մեր թիմին վերջին հաղթանակը պարգեւեց Վարդան Մովսիսյանը։ Սեւերով նա պարտության մատնեց ղազախստանցի Ռուան Մանկեեւին ու վերջնագծի մատույցներում 6,5 միավորով եզրափակում է 20 ուժեղների ցուցակը։ Միավորի միակ կորուստ այդ օրն ունեցավ Տիգրան Գարամյանը, որը սեւերով տանուլ տվեց իսպանացի Էնրիկե Կուարրերոյին։ Սակայն, կարծում ենք, չպետք է անտեսել, որ 18 տարեկանների մրցապայքարում հանդես են գալիս անհամեմատ ավելի բարձրակարգ շախմատիստներ, որոնց մեջ կան նույնիսկ միջազգային վարպետի մակարդակի խաղացողներ։ Տիգրանը 4,5 միավորով 47-րդ տեղում է։ Երեկ կայանալիք 11-րդ տուրով աշխարհի առաջնությունը հատելու էր վերջնագիծը։ Այնպես որ, յուրաքանչյուր միավոր, որ ձեռք կբերվեր կամ կկորցվեր, մեծ դեր էր խաղալու մեր շախմատիստների՝ մրցաշարային ամփոփիչ աղյուսակում վերջնական տեղը զբաղեցնելու հարցում։ Բոլոր խմբերում էլ այնպիսի նեղվածք է, որ միանգամից 10-15 մասնակիցներ ունեն հավասար միավոր, կամ ավելի բարձր կամ ցածր տեղեր զբաղեցնող խմբերի մեջ տարբերությունն աննշան է։ Հուսանք, որ մեր պատանիները վերջին տուրում նույնպես հաջող հանդես կգան։ Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձան եզրափակիչ տուրի պարտիաների արդյունքները. Հայկուհի Ալեքսանյան-Կատարինա Կիրպիչենկո (Բելառուս)՝ 0։1, Անյա Սուն Կորկե (Հոնկոնգ)-Աննա Հայրապետյան՝ 1։0, Լիաննա Աղաբեկյան-Սանյա Դեդիջեր՝ 1։0, Մոդվալ Սանկհալվի (Հնդկաստան)-Հրայր Սիմոնյան՝ 0։1, Զավեն Անդրիասյան-Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 1/2, Վարդան Մովսիսյան-Գիգա Կուպարարաձե (Վրաստան)՝ 1/2, Տիգրան Գարամյան-Էռնանդո Ֆերնանդես Ռոմերո (Իսպանիա)՝ 1։0։ Այսպիսով, Հայաստանի պատվիրակներն իրենց տարիքային խմբերում գրավեցին հետեւյալ տեղերը. Աղջիկներ 56. Հայկուհի Ալեքսանյան՝ 4,0 միավոր 56. Աննա Հայրապետյան՝ 4,5 40. Լիաննա Աղաբեկյան՝ 5,5 Տղաներ 9. Հրայր Սիմոնյան՝ 7,5 միավոր 23. Զավեն Անդրիասյան՝ 7,0 19. Վարդան Մովսիսյան՝ 7,0 38. Տիգրան Գարամյան՝ 5,5: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել