Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդկությանը

Նոյեմբեր 03,2001 00:00

Տարիքը եւ ստեղծագործական ակտիվությունը Մարդկությանը հայտնի են խոր ծերության ժամանակ կատարվող ոգեշունչ եւ լարված ստեղծագործական աշխատանքի բազմաթիվ օրինակներ։ Աշխատունակության նվազումը տարբեր մարդկանց, տարբեր մասնագիտությունների մոտ սկսվում է տարբեր տարիքում։ Պատմությանը հայտնի է, որ շատ գրողներ, փիլիսոփաներ, գիտնականներ, դերասաններ, շախմատիստներ, նկարիչներ եւ արվեստի այլ գործիչներ պահպանել են ստեղծագործական ուժերի ծաղկումը մինչեւ խոր ծերություն։ Օրինակներ՝ որքան ուզեք։ Տիցիանը նկարում էր անգամ մահից մի քանի օր առաջ եւ մահացել է 99 տարեկանում, այն էլ ժանտախտից։ 80-ամյա Գյոթեն ավարտեց իր հռչակավոր «Ֆաուստը», իսկ Միքելանջելոն միայն 90 տարեկանում կերտեց իր լավագույն քանդակներից մեկի գլուխը, 81-ամյա Պլատոնը մահացավ գրիչը ձեռքին։ 1999թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ն. Անենկովը իր 100-ամյա հոբելյանը նշեց բեմի վրա (պրեմիերայով) եւ մի քանի օր անց վախճանվեց։ Երկարակյացները ցավալիորեն քիչ թիվ են կազմում երկրագնդի վրա։ Հատկապես երկարակյաց են գիտնականները, արվեստագետները։ Տարածված է այն թյուր կարծիքը, որ առողջության համար օգտակար է ֆիզիկական աշխատանքը, մինչդեռ մտավորը վաղ ծերություն է առաջ բերում. «Շատ բան իմանաս՝ շուտ կծերանաս»։ Մեր կողմից ուսումնասիրություն է կատարվել մտավոր եւ ֆիզիկական ոլորտների աշխատողների կյանքի միջին տեւողության շուրջ։ Մասնավորապես ուսումնասիրություններ իրականացվեցին կոնկրետ մասնագիտությունների գծով եւ… Պարզվեց, որ մարդու առողջության համար ամենանպաստավոր մասնագիտություններից մեկը դիրիժորությունն է։ Մասնագետները պնդում են, որ դիրիժորի, խմբավարի ֆիզիկական վարժությունները, զուգակցվելով մտավոր լարվածության հետ, նպաստում են օրգանիզմի համաչափ, ներդաշնակ գործունեությանը եւ թույլ տալիս երկար ժամանակ լավ վիճակում պահպանել տեսքն ու կազմվածքը։ Անշուշտ, այստեղ մեծ է դասական երաժշտության բարերար դերը։ Իսկ որքան են ապրել (ապրում), ստեղծագործել (ստեղծագործում) մեզ հայտնի դիրիժորները. Ա. Տոսկանինի՝ 90, Պ. Կասալս՝ 97, Հ. ֆոն Կարայան՝ 81, Կ. Սարաջեւ՝ 77, Օ. Դուրյան՝ 79, Ա. Տեր-Հովհաննիսյան՝ 84, Լ. Ստոկովսկի՝ 95, Գ. Էռնեսաքս՝ 86, Ա. Նիկիշ՝ 77, Ֆ. ֆոն Վեյնհարտներ՝ 79, Օ. Դիմիտրիադի՝ 93, Իգ. Ստրավինսկի՝ 89, Թ. Բիչեմ՝ 82, Մ. Ռոստրոպովիչ՝ 74, Հ. Չեքիջյան՝ 73, Ռ. Վագներ՝ 70, Ռ. Շտրաուս՝ 85, Բ. Վալտեր՝ 86, Գ. Ռոժդեստվենսկի՝ 70, Ս. Սամոսուդ՝ 80, Ա. Ասլանով՝ 86, Գ. Բուդաղյան՝ 79, Ռ. Ստեփանյան՝ 82, Եվ. Մրավինսկի՝ 85, Նիյազի՝ 72, Ռ. Գլիեր՝ 82, Էդ. Գրիկուրով՝ 75, Հ. Ոսկանյան՝ 76, Եվ. Սվետլանով՝ 73, Ֆ. Էրկել՝ 83, Մ. Բալակիրեւ՝ 74, Ալ. Մելիք-Փաշաեւ՝ 59, Ս. Չարեքյան՝ 78, Ս. Սոնդեցկիս՝ 73, Ալ. Գաուկ՝ 70, Բ. Խայկին՝ 74, Մ. Իպոլիտով-Իվանով՝ 76, Լ. Ճգնավորյան՝ 64, Ջ. Ջորջեսկու՝ 77, Ջ. Էնեսկու՝ 74, Բ. Պաումհարտներ՝ 84։ Դիրիժորից պահանջվում է երաժշտատեսական պատրաստականություն, նուրբ լսողություն, երաժշտական լավ հիշողություն, ինչպես եւ մեծ կամք։ Դիրիժորի, խմբավարի տեխնիկան հիմնված է ձեռքերի շարժումների հատուկ մշակված համակարգի վրա, էական է նաեւ նրա հայացքը, դիմախաղը։ Միաժամանակ ղեկավարել, ներդաշնակել երաժշտական ստեղծագործության կոլեկտիվ կատարումը (բեմադրիչ, նվագախումբ, երգչախումբ, օպերային եւ բալետային խմբեր, մենակատարներ…)՝ անչափ դժվարին գործ է։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ «կախարդական փայտիկով» մարդկանց մոտ կենսականորեն կարեւոր մտավոր ունակությունների կտրուկ անկում տեղի չի ունենում։ Իսկ փաստերի լեզուն վիճարկման ենթակա չէ։ Հենց մեր աչքի առաջ բուռն ստեղծագործական եւ անձնական կյանքով են ապրում մեծանուն արվեստագետներ Օ. Դուրյանը եւ Հ. Չեքիջյանը։ Չմոռանանք, որ մաեստրո Դուրյանի «խոսող ձեռքերը» արդեն 80 տարեկան են։ Իսկ հայ երգի նավավար Հ. Չեքիջյանը նույն երիտասարդական եռանդով շուրջ 40 տարի անփոփոխ շլացուցիչ հաջողությամբ ղեկավարում է ՀՀ Ակադեմիական երգչախումբը։ Այսպես թե այնպես, երկարակեցության հիմնահարցում վճռականը բժշկության հաջողությունները չեն։ Հավանաբար, երկարակեցության գաղտնիքը մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի զուգակցումն ու ներդաշնակումն է։ ԱԼԲԵՐՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել