ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 1997թ. նոյեմբերի 3-ին դադարեց բաբախել Հայ-հայրենիքի կրծքի տակ մշտաբար տրոփող Աշոտ Նավասարդյանի սիրտը։ Զոհողությունը իր հայ ապրելու կերպն էր լինելու՝ իր ապրած 47 տարիներին։ Շարունակական զոհաբերությունների ասպարեզ էր Աշոտ Նավասարդյանի կյանքը։ Զարմանալիորեն՝ խորին գիտակցմամբ, մանավանդ այն ժամանակ, երբ տակավին պատանի՝ զինվորագրյալ Ազգային միացյալ կուսակցությանը։ Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ հանդգնություն՝ անկախության գաղափարի կոչնակ հնչեցնել խորհրդակայսրության վարչակարգի ժամանակ։ Հայաստան-հայրենիքի ապագայի կերտման նվիրյալները հավատում էին հայ մարդու մեջ տեւապես նիրհող ազատության եւ պետականության ոգու արթնացմանը։ Հայ հոգին եւ միտքը ինքնակերպ պիտի հորդեր ամենակուլ ստրկամտածողության դեմ։ Այդ տենչն իբրեւ իրականություն տեսնող-ընկալող հազվադեպ նվիրյալներից էր Աշոտ Նավասարդյանը։ Ոգու տենչը խորհրդավորող-խորհրդանշողներից։ Ժամանակի պետապաշտոնական մտավորականության հայացքի ներքո էին տեղի ունենում այն օրերի համար չափազանց անսովոր քաղաքական դատավարությունները։ «Ի պաշտպանություն հայ ապրելու», նաեւ այսպես կարելի է բնութագրել Աշոտ Նավասարդյանի ապրած կյանքը։ Ակամա հիշում եմ մեծանուն Սերգեյ Փարաջանովին, որը հարցազրույցներից մեկում նշում է. «Խորհրդային Միության կալանավայրերում մեկուսացմանը դժվար է դիմանալ։ Բայց իրական ողբերգությունն այն է, որ կարող ես կործանվել եւ կորցնել մասնագիտությունդ։ Ինձ արվեստը փրկեց հանցագործների միջավայրում կործանվելուց»։ Աշոտ Նավասարդյանի պարագայում դժվարին, բայց հուսահատալից չէին կարող լինել կալանավայրերում անցկացրած տարիները, քանզի հայադավանությունն էր իր միտքն ու ոգին կոփել։ Անկոտրում ոգու տեր մտավորական ազգային գործչի կերպարը այդ տարիներին օրինակելի կամայնություն ստացավ, որ հետագային եւ հատկապես 88-ի ազատամարտի օրերին պետք է դրսեւորումներ ունենար։ Բոլորովին այլ էր ազգի ընկալումն ըստ Աշոտ Նավասարդյանի, իր մեջ ներառնելով նժդեհյան «զինու եւ բարոյական ուժերի» զորության ողջ խորքային նշանառությունը. «Ազգն ինքնին գաղափարախոսություն է։ Իր տեսակով, բնավորությամբ, պատմությամբ։ Որեւէ ազգի մասին դատողություններ անելուց առաջ պետք է ուսումնասիրվի նրա հետագիծը։ Մեր ազգի հետագծի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասելու, որ հայ լինելն արժեք է։ Պարզապես մենք դեռեւս նորագույն պատմության մեջ մեր ամբողջական դրսեւորումը չենք ունեցել։ Դրա համար անհրաժեշտ էր, որ նախ վերականգնենք, ապա ամրապնդենք մեր պետականությունը»։ Մեկ այլ ելույթում Ա. Նավասարդյանը առավելս է կարեւորում. «Ազգերն ստեղծված են Աստծո կողմից եւ ամեն ազգ ունի իր առաքելությունը։ Այդ առաքելությունը կատարելու համար նա պետք է իր գոյության ամենանպաստավոր պայմանները ստեղծի»։ «Ժողովուրդը ազգ չէ։ Ժողովուրդը պատմության հորիզոնական կերտվածքն է։ Ուղղահայացը չէ, որ գալիս է արմատներից ու շարունակվում մինչեւ մեր օրերը… Ազգը դա է՝ միջուկը, կենտրոնը, եւ ամեն մի պատմական ժամանակահատվածում, այսինքն՝ հորիզոնականում, հայ ժողովուրդը կամ մոտեցած է լինում այդ միջուկին, կամ հեռացած»։ Այսպիսի հայաշունչ եւ հզոր գիտակցականությամբ Աշոտ Նավասարդյանը ազատամարտի օրերին վերստին պայքարի առաջնային շարքերում էր, ազգային բանակի ստեղծման ակունքներում։ Քաղաքական պայքարի բովով անցած եւ համակողմանի թրծված, քաղաքական վայրիվերումները խորքով գիտակցող, ուրույն գործելակերպով արձագանքող Աշոտ Նավասարդյանը ստեղծեց մերօրյա իրականության մեջ առաջին քաղաքական մարմինը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի խորհրդի նախագահն էր մինչեւ իր վաղաժամ մահը։ Մի հանգամանք, որ կարեւորվում է այդ շրջանի հայաստանյան քաղաքական կյանքում։ Կոմունիստական վարչահրամայական եւ օտարաշունչ գաղափարախոսության անհաղթահարելիությունը դեռեւս չհաղթահարած մի երկրի կյանքում անհրաժեշտ էր հայամտած, հայադավան մի գաղափարաբանություն՝ տոգորված Գարեգին Նժդեհի հայախոհության ամենասկզբունքային դրույթներով։ Հայկականությունն իբրեւ ելման կետ ու սկզբունք դավանած եւ իր զինակիցների հետ այդ ոգու անհրաժեշտությունը պատառ սուրբ հացի պես կիսած Աշոտ Նավասարդյանը գիտակցեց Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորման ստեղծման անհրաժեշտությունը։ Ավելին, նա միակն էր հայաստանյան կուսակցությունների առաջնորդներից, որ զենք ի ձեռ մարտնչեց, իր զինակիցների հետ լինելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում եւ Արցախում։ Հանրապետական կուսակցության եւ Անկախության բանակի կատարած դերն ու նշանակությունը մեր պետականության կայացման գործում, հավատացած ենք, ապագա պատմաբանների համար կլինեն խիստ արժեւոր, իսկ Աշոտ Նավասարդյանի աներդմնազանց կյանքն ու պայքարը՝ չափազանց ընդգծելի։ Այսօր, արդեն մի քանի տարիների հեռավորությունից Աշոտ Նավասարդյանի անցած երկրային, հայրենանպաստ ուղին պետք է ամենալայն առումով ավանդվի, կարեւորելի դառնա սերունդների համար։ Ինչպես որ անցյալի բազում «անձինք նվիրյալք» են կերպավորում, շնչառու դարձնում մեր այսօրը, մեր իրականությունը՝ իրենց ամենօրյա, արթուն գոյությամբ, դրանով իսկ, ինչո՞ւ չէ, մեր լինելիությունը ապահովող դրոշակակրի իրենց ներկայությամբ։ Աշոտ Նավասարդյանը այդ վաստակյալներից էր. իր կյանքը, զոհողությունը՝ իր տեսակի պանծացումը պետք է լինի մեզանում։ Վաստակը արժեւորողը մենք ենք. լինել անառարկայական, նշանակում է գալոց չհաղորդակցել վերջին տարիների, ասել է թե՝ ժամանակաշրջանի ազգային հպարտանքի անխամրելի գույներից մեկին։ Նման բացառիկ անհատներին, ինչպիսին Աշոտ Նավասարդյանն էր՝ հայրենի հողը իր մեջ սրբորեն առնելով, ինքն էլ է արցունք թափում՝ սգալով ազգավնաս կորուստը, քանզի հոգու պարտքն իր ի ծնե էր արարվել՝ Իր եւ Հայրենիքի ծննդյամբ… ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ