Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի կրթության վարչության հրահանգով Երեւանի դպրոցները պետք է ջեռուցվեն դեկտեմբերի 1-ից։

Նոյեմբեր 03,2001 00:00

Դրսում ավելի տաք է, քան դպրոցում Քաղաքապետարանի կրթության վարչության հրահանգով Երեւանի դպրոցները պետք է ջեռուցվեն դեկտեմբերի 1-ից։ Սակայն եղանակներն արդեն այնքան են ցրտել, որ, ծնողների ահազանգերից դատելով, դպրոցներում բավականին ցուրտ է։ Երեխաները դասերին նստում են բաճկոններով ու վերարկուներով։ Մինչդեռ, ինչպես մեր երեկվա հարցումները ցույց տվեցին, քաղաքապետարանի կրթության վարչությունը դեռ իրական որեւէ քայլ չի արել՝ դպրոցները ձմռանը նախապատրաստելու համար։ Նախորդ շաբաթ կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ ճշտել են, թե դպրոցներն ինչի կարիք ունեն, որպեսզի հնարավորության սահմաններում ապահովեն անհրաժեշտ միջոցներով։ Սակայն մեր հարցմանը մասնակցած դպրոցներից եւ ոչ մեկին կրթության վարչությունը դեռ ոչնչով չէր օգնել։ Թիվ 24 դպրոցի տնօրեն Սվետլանա Հեքիմբաշյանը նկատեց, որ դրսում ավելի տաք է, քան դասասենյակներում։ Սակայն դասասենյակները ջեռուցել չեն կարող, քանի որ «գերածախս կտան»։ Պետությունը էլեկտրաէներգիայի որոշակի չափաբաժին է հատկացրել դպրոցներին եւ դրա սահմաններից դուրս դպրոցն ինքը պիտի փակի էլեկտրաէներգիայի պարտքը։ Տիկին Հեքիմբաշյանը նկատեց, որ տրված չափաբաժինը բավարար չէ, եթե ուզում ենք, որ դասասենյակներում նորմալ ջերմաստիճան լինի, երեխաները վերարկուներով ու գլխարկներով դասասենյակներում չնստեն։ Սակայն էլեկտրաէներգիայի դիմաց պարտքեր կուտակելու հեռանկարն ավելի սարսափելի է։ Դպրոցը ջերմամեկուսացրել են իրենց ուժերով։ Կրթության վարչությունն այս հարցում ոչնչով չի օգնել։ Էլեկտրական տէներ, ըստ տնօրենի, բոլոր սենյակներում էլ կան եւ նոր տէներ այս տարի չեն ստացել։ Թիվ 110 դպրոցի փոխտնօրենը եւս վկայեց, որ դպրոցի ջերմամեկուսացումը կատարել են դպրոցի ֆոնդի միջոցներով եւ տէները չեն նորացվել։ Տիկին Սուքիասյանն ասաց, որ նախորդ տարիների հին տէները վերանորոգել են եւ հույս ունեին, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը նոր տէներ կհատկացնեն։ Համենայնդեպս, կրթության վարչությունից պահանջել էին ներկայացնել դասասենյակների թիվը եւ թե քանի տէնի կարիք ունեն։ Իսկ դասասենյակներում արդեն ցուրտ է, սակայն ջեռուցել չեն կարող եւ, ըստ հրահանգի, պիտի սպասեն մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Թեեւ թիվ 173 դպրոցում վիճակը նույնն էր, սակայն տնօրեն Արմեն Մարտիրոսյանը աշխատում էր հնարավորինս չնեղացնել կրթության վարչությանը։ Ջերմամեկուսացումը արվել է դպրոցի ուժերով, բայց պարոն Մարտիրոսյանը վստահ էր, որ կրթության վարչությունը «որոշ բաներ կտրամադրի»։ Էլեկտրաէներգիայի հատկացված չափաբաժինը եւս պարոն Մարտիրոսյանը բավարար է համարում եւ գտնում է, որ դրա սահմաններում կկարողանան դասասենյակներում նորմալ ջերմություն ապահովել։ Թիվ 194 դպրոցի փոխտնօրեն Ջավահիր Մանուկյանից տեղեկացանք, որ դպրոցը ջերմամեկուսացվել է դպրոցի ֆոնդի, այսինքն՝ ծնողներից հավաքած գումարների հաշվին։ Երեկ եղանակը բավականին տաք էր եւ, ըստ տիկին Մանուկյանի, արեւկող դասասենյակներում նորմալ ջերմաստիճան է։ Միակ խնդիրը ֆիզկուլտուրայի դահլիճը տաքացնելն է։ Ջ. Մանուկյանն ասաց, որ եթե կարողանան տէներով դահլիճը տաքացնել, ֆիզկուլտուրայի դասերը չեն ընդհատվի, ինչպես միշտ լինում է վերջին տարիներին։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել