Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Չայկովսկու անվան դպրոցի, Երեւանի երաժշտական դպրոցները

Նոյեմբեր 03,2001 00:00

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԱՎԵՃ Ի տարբերություն Չայկովսկու անվան դպրոցի, Երեւանի երաժշտական դպրոցները գործում են կա՛մ քաղաքապետարանի, կա՛մ թաղապետարանների ենթակայությամբ։ Եւ նրանց տնօրենների նշանակմամբ ու աշխատանքից ազատմամբ զբաղվում են քաղաքապետարանի արվեստի, երիտասարդության եւ սպորտի վարչությունը կամ թաղապետարանի կրթության բաժինը։ Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ Գագիկ Մանասյանի հաստատ համոզմամբ՝ հանրապետությունն այնքան «հագեցած» է երաժշտական բարձրագույն կրթությամբ, մասնագետներով, որ ցանկալի չէ մայրաքաղաքում ունենալ երաժշտական դպրոցի տնօրեն՝ միջնակարգ մասնագիտական կրթությամբ, ինչը գուցե արդարացվում է հեռավոր շրջաններում։ Թիվ 17 երաժշտական դպրոցում շիկացած կրքերը հենց այս հարցին էին վերաբերում, եւ գուցե իրավիճակն ավելի բարդանար, եթե չլիներ Կենտրոն թաղապետարանի միջամտությունը։ Իսկ «մեղավորը» դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանն էր, որ 97-ից սկսած, ժամանակ առ ժամանակ, ԱՄՆ-ում կնքած աշխատանքային պայմանագրի պատճառով, բացակայում էր հանրապետությունից, իսկ նրան փոխարինում էր ուսմասվարը՝ Արմինե Բադեյանը։ Սեպտեմբերի 1-ից Աշոտ Երիցյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, իսկ դպրոցի կոլեկտիվը գրավոր դիմել է թաղապետարան՝ Արմինե Բադեյանին նույն դպրոցի տնօրեն նշանակելու խնդրանքով՝ հաշվի առնելով վերջինիս 25 տարվա աշխատանքային փորձը, մարդկային հատկանիշները, նաեւ վստահ լինելով, որ բարձրագույն կրթության բացակայությունը բացասաբար չի անդրադառնա նրա աշխատանքի արդյունավետության վրա։ Դպրոցի մանկավարժների մի խումբ էլ, սակայն, դեմ է Ա. Բադեյանի տնօրեն նշանակվելուն. հիմնական պատճառաբանությունը նրա՝ բարձրագույն կրթություն չունենալն է (Բադեյանն ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը)։ Նույն դպրոցի ուսուցչուհի Արուսյակ Հակոբյանը պնդում է, որ դպրոցը ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական կառույց է, ուր պիտի կարեւորվեն բարձրագույն կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը, քանի որ այդպիսով ուսուցիչը նաեւ սիմվոլիկ հաշվետվություն է տալիս աշակերտների առաջ։ «Մենք պետք է ընտրենք ոչ թե լավ աղջիկ ու լավ ընկերուհի, այլ պրոֆեսիոնալ տնօրեն, որովհետեւ «լավ ընկերուհի» մասնագիտություն չկա»,- ասում է նա։ Իսկ Մարիետա Զաքարյանը կարծում է, թե պարտադիր չէ, որ ղեկավարը ասպիրանտուրա ավարտած լինի, կարեւորը մարդկանց հետ ճիշտ աշխատելու շնորհքն է, մանավանդ որ «բոլորն էլ հասարակ մահկանացուներ են, եւ իրենց դպրոցում չկան ո՛չ հանճարեղ ուսուցիչներ, ո՛չ էլ հանճարեղ աշակերտներ»։ Արմինե Մուրադյանն էլ Ա. Բադեյանին մեղադրում է, որ նա տարբերակված մոտեցում ունի ուսուցիչների նկատմամբ եւ պնդում է, որ աշակերտներին անհավասար է բաշխում ուսուցիչների միջեւ։ Տնօրենի հավանական թեկնածուի հանդեպ դրական էր տրամադրված նաեւ Ռիտա Մշեցյանը, որը գտնում է, որ ադմինիստրատիվ աշխատանքի համար ամենեւին էլ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, մանավանդ որ «Բադեյանն արդեն փայլել է՝ որպես արհկոմի նախագահ եւ ուսմասվար»։ Ինչեւէ, ամեն ինչում բեկում մտցրեց վիճելի հարցը փակ գաղտնի քվեարկությամբ լուծելու Կենտրոնի թաղապետարանի որոշումը։ Կրթության բաժնի պետ Արամ Մանուկյանը մանկավարժներին տեղեկացրեց, որ հակառակ դեպքում կհայտարարվի բաց մրցույթ՝ թիվ 17 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար։ Անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն՝ երկու փուլով։ Առաջին փուլում 49 «կողմ», 5 «դեմ» արդյունքով որոշվեց դպրոցի տնօրեն ընտրել կոլեկտիվից։ Երկրորդ փուլում պայքարը ծավալվեց երկու հիմնական թեկնածուների՝ ուսմասվար Արմինե Բադեյանի եւ Նարինե Կուլիկյանի միջեւ, իսկ Նինա Ստեփանյանը հանեց իր թեկնածությունը։ Ա. Բադեյանի օգտին քվեարկեց կոլեկտիվի 49-ը, Ն. Կուլիկյանի օգտին՝ 5 անդամ։ Քվեարկության խաղաղ գործընթացից բավարարված թաղապետարանի կրթության բաժնի պետը հայտարարեց, որ դպրոցական քվեարկության արդյունքները, որպես կոլեկտիվի ժողովի արձանագրություն, կներկայացվի թաղապետին։ Վերջնական խոսքը նրանը կլինի։ Նա նաեւ կոլեկտիվին հավաստիացրեց, որ անկախ տնօրենի ընտրության արդյունքներից, դպրոցում ոչ մի «խմբակցության» ներկայացուցիչ չի տուժելու ժողովի ժամանակ արտահայտած կարծիքի պատճառով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտը» երեկ զրուցեց նաեւ դպրոցից հեռացած մի քանի մասնագետների հետ, որոնք հանրապետության երաժշտական աշխարհում բավականին հայտնի դեմքեր են։ Նրանց կարծիքով, Արմինե Բադեյանը չի կարող ղեկավարել երաժշտական դպրոցը, եւ շատ լավ մասնագետներ վերջին տարիներին հեռացել են դպրոցից, քանի որ նա անկարող է լավ մասնագետների ինքնադրսեւորման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել։ Մնում է հուսալ, որ Կենտրոնի համայնքապետը ճիշտ որոշում կկայացնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել