Լրահոս
Օրվա լրահոսը

1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում

Նոյեմբեր 03,2001 00:00

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թշնամուց հետապնդվող մի խմբի իր Բեհեսնի բերդաքաղաքում ապաստան է տալիս մեծ իշխան Լեւոն Ռուբինյանը, որն ավագ եղբոր` Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոսի հետ միասին պայմանագիր ուներ թուրքերի հետ, թե այլեւս չեն աջակցի խաչակիրներին: Շուտով հայտնի է դառնում, որ թագավորը գերի է, գերվել է նաեւ այրի թագուհի Արդա Ռուբինյանը: Վիճակը բարդանում է նրանով, որ ամիսներ առաջ գերի էին ընկել նաեւ Եդեսիայի կոմս Ժոսլինը եւ այլ նշանավոր ասպետներ: Ներկա թագուհի` հայ իշխանի դուստր Եվմորֆիան, որը փրկվել է, նույնպես ժամանում է Բեհեսնի: Կոմս Ժոսլինի միանձնուհի դուստր Ստեֆանին, որին հոր ազատագրության հոգսը կրտսեր եղբոր հետ միասին արքունիք էր տարել, Բեհեսնիում պատսպարվածների մեջ է: Պալատում շատ զորականների ներկայության պատճառով, նա տեղափոխվում է ապրելու Մատթեոս քահանա Ուռհայեցու տուն, որը Լեւոն Ռուբինյանի ատենադպիրն է: Երեցկինը դժգոհ է օտար կնոջ հյուրընկալվելուց: 26. ամոթ է ասելը, բայց դիվանատանը մի քանի անգամ նստածս տեղը աչքս կպավ Շատ կարճ՝ նույնիսկ դպիրները հազիվ թե նկատեցին, բայց, միեւնույն է, տարօրինակ էր՝ առաջ նման բան մի քանի գիշերային հսկումից հետո էլ չէր պատահի: Չլինի, թե ինչ-որ թաքուն ցավ թուլացնում էր ինձ: Բայց, մյուս կողմից ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ չէի հիվանդացել, այնպես որ իմաստ չկար լուրջ նշանակություն տալ դրան: Եղանակն ամպամած էր. դրսի միապաղաղ մոխրագույնն էլ բավական էր, որ մարդու քունը տաներ: Իսկ երեկոյան դեմ իսկական տեղատարափ սկսվեց: Համարյա նույն ժամանակ էր, որ եկավ մի հայ սուրհանդակ՝ անձամբ Լեւոն Ռուբինյանին հանձնելիք նամակով: Ես նրան նստեցրի դիվանատանը` սպասելու, քանի որ իշխանը նորակառույց պալատում էր, որտեղ թագուհին իր բարոններին խորհրդի էր հրավիրել: Մինչ սուրհանդակը գլանատուփից հանել ու ձեռքին խաղացնում էր նամակը, ես նկատեցի, որ վրան Թորոս Ռուբինյանի կնիքն է: Մի երեսին նիզակով ու վահանով, ոտքերն իրարից հեռու դրած երկու այրեր՝ Սուրբ Գեւորգն ու Թեոդորոսն էին դաջված, մյուսին հունարեն մակագրություն էր, որով Թեոդորոս սեբաստոս Ռուբինյանը իրեն ի պաշտպանություն էր հանձնում «երկու քաջահաղթ նահատակներին»: Կնիքը ոսկուց կամ արծաթից չէր, ինչպես որ կպատշաճեր մեծ իշխան Լեւոնին, այլ` կապարից, ինչը լավ բան չէր գուշակում նամակի բովանդակության մասին: Թագուհու մոտից իշխանը հին պալատ եկավ կոմս Ժոսլին Կրտսերի հետ միասին, բայց նրանք երկար կանգնած մնացին նախասրահում: Երեւում էր, որ Ժոսլինն ուզում էր վերադառնալ նոր պալատ, բայց իշխանը, համարյա՝ բռնի, հետ էր պահում մանուկին: Հետո երկուսով տեղափոխվեցին սյունակապ զբոսասրահ, որտեղ բազում անգամ ետուառաջ քայլեցին: Երբ վերջապես խոսակցությունն ավարտվեց, իշխանն իր պալատականներին տեղեկացրեց, որ Եվմորֆիայի հրովարտակով Ժոֆրուա Վանականը զորահավաք է անցկացնելու Երուսաղեմի ամբողջ թագավորությունում: Բացի այդ, թագուհին ֆրանկների սպարապետին շնորհել էր Քեսուն եւ Սերուջ քաղաքներն իրենց գավառներով: Բայց սրանք մինչ այդ Եդեսիայի կոմսությանն էին պատկանում, եւ Ժոսլինը վրդովվել էր, որ հոր գերության ընթացքում թագուհին նրա կալվածքները բաշխում է ուրիշներին: Մինչդեռ Լեւոնն ինքը բնական էր համարում այդ որոշումը: Եթե Ժոֆրուան միայն Մարաշի փոքր կոմսության տերը մնար, նրա անձնական զորքը մեծ թիվ չէր կազմի, հետեւաբար, մյուս բարոնների համար գլխավոր հրամանատարի խոսքն առանձին կշիռ չէր ունենա: Իհարկե, տղա Ժոսլինն առարկել էր, թե՝ ինչու՞ Ժոֆրուա վանականին հենց իր հոր հաշվին էր պետք հզորացնել: Բայց դա թագուհին ինքը պատճառաբանել էր նախ գավառների հարեւանությամբ, ապա եւ դրանք տնօրինելու իրավասությամբ, քանի որ թագավորը Եդեսիայի կոմսության խնամակալն էր: Ուրիշ բարոններից կալվածք վերցնելու դեպքում նրանք կարող էին ընդվզել եւ բանը հասներ ընդհարումների՝ հակառակ այս ծանր իրավիճակին: Այսուհանդերձ, թագուհին նաեւ խոստացել էր, որ ապագայում կփոխհատուցի կոմսի կորուստները: Իշխանը եղբոր նամակը կարդալու համար քաշվեց իր ննջարանը, իսկ երբ բավական ժամանակ անց նորից երեւաց մեզ, սարսափելի մռայլ էր: Կարգադրեց հոգալ սուրհանդակի մասին, քանի որ նրան հրամայված էր սպասել պատասխանի: Հետո առանց նամակի մասին ձայն հանելու, միայն մի թիկնապահի հետ գնաց ախոռները՝ ասելով, որ ձիերի մեջ կարծես թե դաբաղ է ընկել, եւ ուզում է տեսնել, թե վիճակն ինչ է: Ես էլ հիշեցի, որ շուտով ինն է՝ հոգեւորականներիս համար օրվա միակ հացկերույթի ժամը: Իրիցկնոջ գիշերվա նեղսրտումից հետո լավ կլիներ տուն շտապել, որպեսզի հասնեի Ստեֆանիի մասնակցությամբ առաջին ճաշին: Տեղատարափը դադարել էր, բայց ժամանակ առ ժամանակ դեռ երկնքից կաթկթում էր: Ճանապարհին ինձ ծխականներս տների գավիթներից քանիցս հրավիրեցին պատսպարվել, մինչեւ անձրեւը դադարի, բայց ես չընդհատեցի արագ քայլքս: 27. ստեֆանին վաղուց չէ, որ եկել էր հիվանդատնից. նրա հագուստն էլ էր դեռ մի քիչ թաց: Հարցրի վիրավորների առողջության մասին, ասաց, որ մի վիրավորը կազդուրվում է, բայց մյուսի վերքը որդոտում է` այսօր նորից են այրել: Դը Գրենիեի դրությունը վերջապես սկսել է բարելավվել, երբ թագուհին արգելել է բժշկին արյուն բաց թողնել նրանից: Ես հայտնեցի նորությունները զորահավաք հայտարարելու եւ թագուհու կողմից Ժոֆրուա վանականին Քեսունն ու Սերուջը շնորհելու մասին, բայց կարծես Ստեֆանին ո՛չ առաջինի կապակցությամբ նկատելի ոգեւորվեց, ո՛չ վրդովվեց հայրական կալվածքների կրճատման առթիվ: Իրիցկինն արդեն սեղանին շարել էր սպասքը եւ գարնանային ծաղիկների մի մեծ փունջ դրել: «Բարձր առնեմ» սաղմոսն ասացի, նրա կցորդը՝ «Ողորմած գթած է…», բոլորս ոտքի կանգնած արտասանեցինք «Օրհնյա Քրիստոս Աստված մեր» աղոթքը, ապա ես մաքրեցի սեղանը` խաչակնքելով: Իրիցկինն սկուտեղով ճաշ տարավ հորս, որն ամաչել էր նշանավոր կոմսի միանձնուհի դստերը սեղանակցելուց, հետո բոլորիս թանապուր բերեց՝ ինձ դաշխուրանով՝ նավակաձեւ մեծ ամանով, մյուսներին՝ սովորական ափսեներով: Ես գավաթները սերկեւիլի գինի լցրի, որը ֆրանկներն ամենաշատն են սիրում մեր ըմպելիքներից, եւ Ստեֆանիին ոտնբարի մաղթեցի: Նա կարճ ժպտաց, որից այտերին փոսիկներ առաջացան, եւ մեղմ ձայնով շնորհակալություն հայտնեց: Հետո բոլորս լուռ էինք, չնայած որ ուտում էինք դանդաղ՝ ամեն գդալը հովացնելով, քանի որ ճաշը հենց օջախի վրայից էր լցվել: Արբակը, որ նստած էր Եվայի դիմաց, նախ կամաց, հետո դիտմամբ ավելի ու ավելի ուժեղ էր փչում գդալին, որ կաթիլները թռչեն քրոջ վրա: Սա, մտամոլոր դիմացը նայելով, նստած էր, հետո հանկարծ ճչաց, կարծես վրան հալված արճիճ էին լցրել. – Հայրի՛կ, Արբակին ասա՛, որ չանի: – Գդալդ ցածր պահի՛ր,- Արբակին նկատողություն արեցի ես, որից հետո երեխաները հանդարտվեցին: Բայց լռությունը, որ նորից տիրեց, ավելի վատ էր. նշան չկար, թե որեւէ մեկն ընդհանրապես պատրաստվում է խոսել: Իրիցկինն ուտում էր գլուխը կախ, նոթերը հավաքած: Եվան աչքերը ոլորել էր եղբոր վրա ու ափսեին ձեռք չէր տալիս: Արբակը ձեւացնելով, թե իր պետքը չէ քրոջ բողոքը, հայացքը հերթով պտտում էր առաստաղի բոլոր անկյուններով, իսկ երբ կարծում էր, թե ոչ ոք չի տեսում, բոքոնի խմորից սարքած գնդիկ էր գցում նրա ափսեի մեջ: – Հայրի՛կ, տե՛ս, թե ինչ է անում հացի հետ,- ասաց Եվան` հաստատ իմանալով, թե այդ մեկն ինձ բոլորովին հունից կհանի: – Սա՛չ,- նույն բանը լավ հասկանալով` քրոջն ասաց Արբակը, ինչն իր հնարած լեզվով նշանակում էր` ձայնդ կտրի՛ր վերջապես: – Չի կարելի հացի հետ խաղալ` հացը սրբություն է,- չկարողանալով ինձ զսպել` տղայիս վրա բղավեցի ես:- Բյուր երեխաներ այս պահին երազում են բերանները մի փշուր դնել: Հետո նորից լռություն իջավ, որը խախտելու առիթ Արբակն էլ չէր տալիս: Եկեղեցու հայրերը լուռ կամ աղոթքների ու Սուրբ գրոց ընթերցանություն ունկնդրելով էին խորհուրդ տալիս ճաշն անցկացնել: Բայց ես զգացի, որ եթե հիմա սեղանը չաշխուժացնեմ, իմ ընտանիքի ու Ստեֆանիի միջեւ միշտ խորթություն կմնա: – Հա՛նք, հա՛նք, հրամա՛նք, եկե՛ք հանելուկներ ասենք,- ասացի ես եւ նոր մտածածս հանելուկը Ստեֆանիի համար վերաշարադրեցի ռամիկների լեզվով, որը ֆրանկներն ավելի լավ էին հասկանում, քան՝ գրաբարը. Կուզ Կարապետ իջնի մեծ գետ, Գնա ու գա, ջուր կրի բերդ: – Կու՞յս Կարապետ,- հարցրեց Ստեֆանին: – Կու՜զ, կու՜զ,- կրկնեցի ես՝ միաժամանակ կուզիկի ձեւ ընդունելով: – Սուրբ Կարապետի մասի՞ն է,- հոնքերը բարձրացնելով՝ ժպտաց Ստեֆանին: – Չէ, Կուզ Կարապետը դագաղի կափարիչն է տանում թաղումների ժամանակ,- ասաց Եվան: – Կուզ Կարապետը գիժ է,- ասաց Արբակը,- մենք միշտ քարերով խփում ենք փողոցում: – Նախ գիժ չէ՝ ուղղակի կուզիկ է: Երկրորդ՝ չի կարելի խելապակասին քարկոծել,- սաստեցի ես:- Նրանք արդեն Աստծուց պատժվել են: Հիմա հանելուկը հանենք: Քույր Ստեֆանի՛: Ստեֆանին ինձ նայեց իր զարմացած աչքերով, կարծես հանելուկի մասին առաջին անգամ էր լսում եւ մեղմաձայն պատասխանեց. – Ես չգիտեմ: – Երեցկի՛ն: Կինս մտազբաղ բարձրացրեց գլուխը ճաշից ու փոքր դադարից հետո անտարբեր ասաց. – Ջրկիրը: – Չէ՛: Ջրկիրն հո անպայման կուզ չէ՞,- ասացի ես:- Եվա՛: – Ես մտածում եմ: – Արբա՛կ: – Ես ճիշտ պատասխանը գտել եմ,- բացականչեց նա, որ հանելուկների սիրահար էր:- Ջրհորի կռու՛նկը: Բոլորը ծիծաղեցին. ջրհորի կռունկը՝ ծայրից կախված դույլով շատ նման էր Կարապետին: Ես շփոթվեցի, քանի որ պատասխանս ուրիշ էր: Սկզբից ուզում էի ասել, որ սխալ է, բայց հետո անկեղծ խոստովանեցի. – Ես մտածել էի, որ գդալն է, բայց Կուզ Կարապետին ավելի է նման: Նորից բոլորը ծիծաղեցին, իսկ Եվան հաջորդ հանելուկն արտասանեց. – Հանք, հանք, հրամանք, բերդի բոլոր՝ մանր վանք: – Լուսին, աստղեր,- միաժամանակ ասացինք ես ու Արբակը: – Քո հերթն է, երեցկի՛ն: – Ես հանելուկ չգիտեմ, համ էլ պետք է վեր կենամ՝ մյուս ճաշին նայեմ: – Գիտե՛ս, գիտե՛ս,- վրա տվեցին Եվան ու Արբակը: Իրիցկինը դադար տվեց. – Դե… Թագավոր կա հնոց նորոց, Գլուխն ունի ոսկե քորոց, Ելավ կանչեց ննջեցելոց, Քրիստոս հարյավ ի մեռելոց: – Աքլո՛ր,- արագ ասաց Արբակը: – Արբա՛կ, քո հանելուկն ասա: -Ո՞վ է, որ փողոցով անցկացնելիս բոլորն առաջը գլխարկ են հանում: – Թագավորը,- մյուսներից առաջ ընկավ Ստեֆանին:- …Կամ՝ թագուհին: – Մեռելը,- ասաց Արբակը: Հետո, ինչպես որ հարկն էր պահանջում, պարզաբանեց, թե մյուս պատասխանն ինչու՞ էր սխալ:- Թագավորն ինքն է անցնում, ոչ թե անցկացնում են: – Ստեֆանի՛… – Ես սա նոր եմ սովորել, այս երկու օրը. Ճամփա գնա՝ ոտ չունի, Գետնին նստի՝ ոռ չունի, Գլուխ ունի՝ մազ չունի: Նորից բոլորս գիտեինք ու խմբով ասացինք՝ տիզը, եւ երկար ծիծաղում էինք: – Ինչու՞ եք ծիծաղում,- հարցրեց նա: – «Ոռ» չէ՝ «քամակ»: Կամ` «հետույք»,- ասացի ես: – Ինձ պատմելուց «ոռ» են ասել,- զարմացավ Ստեֆանին:- Հետո երկուսն էլ չեն բռնում: Նա իրավացի էր, որ հանգը չէր բռնում, բացի այդ` պահը հարմար չէր երեխաների մոտ քննարկելու մարմնի այդ անդամը, եւ ես շարունակեցի. – Երկու տուն, վեց սյուն, մի գերան: – Կշեռքը,- ասացին բոլորը, նույնիսկ՝ Ստեֆանին: – Իրիցկի՛ն: – Փոքր երկինք, տակը ձյուն է գալիս: Դրան պատասխանեց Եվան. – Ալյուրմաղը: Ես եմ ասում՝ կծծիկ-ծրարիկ: – Պարզ է՝ թուզն է: Իսկ ես իմ հորինած հանելուկն եմ ասում,- ոգեւորված գոռաց Արբակը.- Մութ-մութ, լիճ-լիճ: Մենք չկարողացանք իմանալ, թե ինչ է, իսկ նա հանդիսավոր հայտարարեց՝ դոշաբը: Ստեֆանիի` «Սեւ սատանա, ագին՝ կեռ» հանելուկի «խաչերկաթ» պատասխանը գուշակելուց հետո իրիցկինը հիշեց, որ թոնրի մեջ որսամիս կա կախված: Նա մատուցեց այն, ինչպես նաեւ հորթի շոգեխաշած ուղեղ, որն ազնվական տիկինների սիրած ուտելիքն էր դեռ Հայաստանում: Ամեն ինչ ախորժաբույր էր, թեեւ ես մսեղեն չկերա ապաշխարությանս պատճառով: Ճաշից հետո Եվային հարցրի, թե ինչու՞ է տխուր, արդյոք որեւէ արտառոց բան չի կատարվել, որը կուզենար ինձ խոստովանել: Նա երդվեց, որ անհանգստության կարիք չկա, որ մայրն էլ է հարցուփորձ անում, բայց ինքը բացատրել է, որ գլուխն ուժեղ ցավում է այս երկու օրն առանց պատճառի: 28. կարծես թե սկսվում էր կրկնակոշիկ հագնելու շրջանը Ամբողջ գիշեր անձրեւը եկավ, առավոտ վաղ մի պահ կտրվեց, ապա շարունակվեց ավելի մեծ թափով: Այդ հեղեղի տակ Ժոֆրուա Վանականը շարում էր իր հեծյալ ջոկատը, որի մեջ ընդգրկել էր ամրոցի հիսուն ֆրանկ ասպետներից երեսունին, մնացած քսանը թողնելով թագուհու մոտ, եւ Լեւոն Ռուբինյանի տրամադրած քառասուն ձիավոր ազատներին: Սուրհանդակներն արդեն բավականաչափ գնացել-եկել էին շրջակա բնակավայրերը` թագավորի բանակի մնացորդների մասին տեղեկություններ քաղելու համար, եւ այժմ ֆրանկ զորքի հրամանատարը, որին իրենք կոչում էին կոնետաբլ, ճանապարհվում էր ի մի բերելու դրանք: Նա պետք է զորագունդ կազմավորեր իր նոր գավառներից եւ կազմակերպեր Ուռհա, Անտիոք ու Երուսաղեմ քաղաքների պաշտպանությունը, որոնց վրա թշնամու գրոհն ամենահավանականն էր թվում: Մի գլուխ բոլորից բարձր, առանց սաղավարտի, խարտյաշ մազերն այնքան բաց գույնի, որ հոնքերը հեռվից չէին երեւում` կոնետաբլը կարճ հրամաններ տալով, արշավում էր ամրոցաբակի մի ծայրից մյուսը: Երբ նախապատրաստությունն ավարտեց, շուռ եկավ ու հրաժեշտի խոնարհում արեց գլխավոր աշտարակի ներփակ սյունապատշգամբի կողմը, ուր թագուհին էր, որը նրան պատասխանեց արքունի շուշանագլուխ գավազանը բարձրացնելով: Հետո Ժոֆրուան զորասյանը շարժվելու նշան արեց, իսկ ինքը դրեց սաղավարտը, որի ճակատից, մետաղյա զրահաշերտ ցած իջեցնելով, ծածկեց ծնոտը: Սյունապատշգամբում Ռուբինյան իշխանիկներն անմիջապես նկատեցին այդ նորամուծությունը: – Տե՛ս, նոր սաղավարտ է,- Ռուբենի արմունկը քաշեց Թորոսը,- ոչ միայն քթակալ ունի, այլեւ՝ ծնոտակալ: – Ծնոտակալն էլ շարժական է,- հիացած արձագանքեց Ստեփանեն:- Զինագործ Գուրգենին ասենք՝ թող մեզ համար էլ սարքի: – Ես երեքիս համար էլ կպատվիրեմ,- խոստացավ Ռուբենը: – Չորսիս,- ձայն տվեց Մլեհը, որ հազիվ տասներկու տարեկան էր: – Լավ, թող լինի չորսիս,- ծիծաղելով համաձայնեց Ռուբենը՝ միաժամանակ ծանր ձեռքով բամփելով նրա ուսին: Շրջակա բերդատերերի ու գյուղապետերի մեծ մասը, ամեն մեկն` իր փոքր զորախմբով, շարժվեցին կոնետաբլի ջոկատի ետեւից` գնալու ամեն մեկն իր բնակավայրը: Նրանց մեջ ես նկատեցի Վարդահերի գյուղի տանուտերին եւ ափսոսացի, որ մոռացա նրանից ճշտել Բարսեղ կաթողիկոսի մահվան հանգամանքները: – Ո՞վ է Ժոֆրուա Վանականը…- հանկարծ կողքիցս լսեցի Ժոսլին դը Կուրտընեի շշնջոցը: – Ես էլ էի ուզում իմանալ, արտասովոր մարդ է,- ասացի ես: Բայց տղան ըստ երեւույթին ինքն իրեն էր խոսել, քանի որ իմ խոսքերից անակնկալի եկավ: – Տեր հայր, դա չէր ասածս:- Նա տատանվում էր` շարունակի, թե` ոչ, բայց ի վերջո անկեղծացավ:- Ո՞՜վ է այդ Ժոֆրուա Վանականը, որ միանգամից նշանակվի մեր ամբողջ զորքի հրամանատար: Դա քիչ է՝ Եդեսիայի կոմսությունից էլ երկու գավառ պոկի: Դեռ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր լսել նրա մասին: – Ինձ հայտնի է, որ նա անչափ հավատացյալ մարդ է: Ժուժկալությամբ ու մշտական պահեցողությամբ մեծ համբավ է ձեռք բերել Երուսաղեմում, որտեղ նշանավոր ասպետներից շատերը չեն քաշվում հարեմներ պահելուց: – Տեր Մատթեոս, բայց ոչ ոք չգիտի, թե նա ինչ տոհմից է սերում: Ոմանք ասում են, որ ոչ մի վանական էլ չէ արդեն, որովհետեւ կարգաթող է: Ասում է՝ ինքը Հռոմից է եկել, բայց հայտնի չէ, թե՝ որ վանքից: – Շատ բան կպարզվեր, եթե իմացվեր իսկական անունը: Ըստ լուրերի, Ժոֆրուան ո՛չ նրա ավազանի անունն է, ո՛չ` հոգեւորը: Բայց, կարծեմ, իր քաջությամբ նշանավոր է դարձել Արյան դաշտի ճակատամարտում, որ տեղի ունեցավ Քրիստոսի 1119 թվականի բարեկենդանի վարդավառի շաբաթ օրը: – Ի՞նչ քաջագործություններ է արել, եթե այդ ճակատամարտում զոհվեցին մեր զորքի հրամանատար Ռոջեր Սիցիլիացին եւ նրա վեց հարյուր ասպետները: – Ինչպես նաեւ հայ հինգ հարյուր հեծյալի եւ չորս հարյուր հետեւակի ընտիրը, որի պատճառով Ռուբինյանները թուրքերի հետ պայմանագիր կնքեցին, որ այլեւս խաչակիրներին չեն դաշնակցի: Ինձ փրկված հայ զինվորներն են պատմել, որ Անտիոքի իշխան Ռոջերն, իրեն բնորոշ ամբարտավանությամբ, առանց ուժերը կենտրոնացնելու, առանց այլ ֆրանկ զորքերի օգնությանը դիմելու, կռվի է բռնվել թուրքերի հետ ու շրջապատվել: Ով որ ազատվել է մահվանից` միայն Ժոֆրուա Վանականի շնորհիվ, որը կտրել է ձիու ոտքերի ջլերն ու մի թմբի վրա դիմադրել այնքան, մինչեւ շուրջն են հավաքվել ողջ մնացած քրիստոնյաները, որոնց հետ ճեղքել է թշնամու օղակումը: – Թեկուզեւ այդպես է եղել: Դա իրավունք տալի՞ս է նրան տիրանալ գերի ընկած կոմսի հողերին: – Այդ հողերը դեռ յոթ տարի առաջ պատկանում էին Գող Վասիլի ժառանգ Վասիլ Տղային: Այն ժամանակվա Եդեսիայի կոմս երկրորդ Բալդուինը, որ թագավոր օծվելուց հետո դրանք փոխանցել է քո հորը, կռվով չի խլել Վասիլից, այլ՝ նենգությամբ, որդյա՛կ: – Հայրս որ գերությունից վերադարձավ ետ կառնի իր գավառները, տեր հայր,- համոզված ասաց Ժոսլինը:- Նա բոլորից քաջ է: 29. իմ արմուհի ջորին դժվար էր դիմանում կապուտաչի վարգին, քանի որ իշխանը սովորականի պես արագ էր արշավում: Հենց թագուհին ճանապարհ ընկավ միջնաբերդ, Լեւոնը ձիու գլուխը շրջեց դեպի ամրոցի դարպասը: Ինձ ասաց, որ միասին գնալու ենք բերդաքաղաք, բայց գործը բուն այնտեղ էլ չէր, այլ ավելի հեռու՝ ձիանոցներում: Թիկնապահներին չէր հաջողվում վարգով ընթանալիս անձրեւանոցները մեր գլխավերեւում պահել, այնպես որ տեղ հասնելու պահին ջուր էի դարձել մինչեւ մերկ մարմնիս վրա հագած մազե քուրձը: Իմացանք, թե որտեղ է ասորի ձիաբույժ Ֆարաջը, եւ մտանք այդ ախոռը: Նա, աջ ձեռքը մինչեւ արմունկը մտցրած մի կարմիր մատակի քամակը, կենտրոնացած ինչ-որ բան էր անում ներսում: Հետո դուրս քաշեց, ձախ ձեռքից վերցրեց ձվանման մի գունդ, որը կծկած ափով խցկեց ձիու մեջ: Իշխանը սպասեց, որ դա էլ վերջացնի, հետո միայն ասաց. – Ողջու՛յն քեզ, բժիշկ Ֆարաջ: – Ո՛ղջ եղիր, Լեւոն իշխան,- պատասխանեց բժիշկը, եւ միանգամից էլ, զգուշորեն ընտրելով հայերեն գեղեցիկ բառեր, բացատրեց, թե ինչով էր զբաղված:- Մի շաբաթ է, որ գրաստն անարատ էր անցկացնում գարին: Գինով ու հոռոմի ձեթով սրբեցի որովայնը եւ մեղրի ու սակամունի խառնուրդով հավկիթ դրեցի, որ առողջացնի: «Սակամունն ի՞նչ է»,- ականջիս հարցրեց իշխանը: «Չգիտեմ»,- ուսերս թափ տվեցի ես: Ֆարաջը լսեց եւ, իր օգնականի ձեռքից մի տոպրակ վերցնելով, մեզ շագանակագույն ինչ-որ փոշի ցույց տվեց: Իշխանը մատների մեջ տրորեց, ու նորից տոպրակի մեջ թափ տվեց փոշին. – Իսկ դաբաղի մասին ի՞նչ կասես: – Ինչ որ՝ երեկ, այսինքն՝ քեզ սուտ լուր են տվել: Մեկ-մեկ բոլոր ձիանը ստուգեցի: Դաբաղ չկա, բայց բոր ընկածները երեկվա համեմատ շատացել են: Մանավանդ գովածների մեջ՝ Սլաքը, Մարմարը, Ազգիկը, Կայծակը, Աննիշը, Դիվահարը, Փութահասիկը, Յազսուֆը, Ոսպնախայտը… Մարմինները եռք է ընկել, կաշիները բշտել են, մազերը խուրձ-խուրձ թափվում են քերելուց: – Իսկ ինչպե՞ս է հնարավոր դրա առաջն առնել: – Պետք է նախ հիվանդ ձիերին առանձին տեղ պահել, որ մյուսներին չվարակեն: Իսկ փրկությունը վզի ու քթի երակները նույն ժամանակ կտրելն է: Միայն քթի երակները կտրելով` բշտերը կանցնեն ներքին հյուսվածքներին եւ դժվար կկարողանաս հանել: Իսկ թե վզի երակները կտրես, բորբոքումը սրտին կխփի ու գրաստին կսպանի: Ուրեմն՝ պետք է երկու՛ երակը կտրել, մոխրաջուր ու սեւ ձյութ խառնել իրար, եփել ու քսել ձիուն: Հետո գարու այլուրի վրա ջուր, հոռոմի ձեթ լցնելով՝ եփել, պատել մարմինն ու մազեղենով շփել: Այդպես արա երեք օր շարունակ: Իսկ չորրորդ օրը կվերցնես նույն չափով հոռոմի ձեթ ու նստվածքը, սեւ ձյութ, դեղին ծծումբ, կմանրես, կմաղես ու կքսես ձիուն: Նաեւ պետք է տաս մեղրաջրով բացած փշրած բորակ ու սատանայի սեխուկ: Քուռակին` իննսունվեց գարեհատիկի կշռով, մինչեւ երեք տարեկան մատղաշ գրաստին՝ երկու անգամ ավելի, մեծին՝ մատղաշից կրկնապատիկ ավելի: Աստուծով կբժշկվեն: – Ե՞ս պետք է մանրեմ, խառնեմ, եփեմ ու քսեմ դեղերը, որ կենդանիները լավանան,- ջղային հեգնեց իշխանը:- Ես՞ պետք է հիվանդ ձիերին առողջներից առանձնացնեմ, Ֆարա՛ջ: Եթե ուրիշ մեկը անի, գործը գլուխ չի՞ գա: Ինչու՞ է բորն այդքան տարածվել, եթե բուժումը գիտես: – Ֆարաջը Բաղդադի իր ուսուցիչներ Աբու Յուսուֆի ու Ռաշիդի իմաստուն խրատների շնորհիվ բոլո՛ր հիվանդությունների բժշկումը գիտի, մեծ իշխան: Ֆարաջը հենց հիմա երեք ուրիշ բուժում էլ կնկարագրի: – Կարիքը չկա: Ավելի լավ է ասես՝ բանն ի՞նչ է, որ վարակը կանգ չի առնում: Ձիերի մեծ մասը, որ թվարկեցիր, շուտով պետք է Սեբաստիայի էմիրին վաճառեինք: Մյուսներն էլ մեր ամենալավ մարտաձիերն են: Ինչ կլինի վիճակներս, եթե վաղը պետք լինի պատերազմի դուրս գալ:8221 Ֆարաջը լռեց: Թվում էր, էլ երբեք չի խոսի: – Ինչու՞ր եբ պարտ է առանց դեղ բուժել գրաստնուն,- մեկ էլ պոռթկաց նա՝ հուզմունքից անցնելով ռամիկների լեզվին, որին սովոր էր: – Մինչեւ ե՞րբ,- զարմացավ իշխանը:- Իսկ երբվանից է, որ դեղ չունես: – Դեղին ծծումբ՝ երկու ամիս, դափնու ձեթ, որ բորի դեմ ուրիշ դեղերի մեջ է՝ հունվարից: Իսկ ի՞նչ ասեմ աղվեսի ճրագուի, բվի ուղեղի ու լեղու, մուշկի, անծակ մարգարիտի, սեւ պղպեղի, ոսկու ու արծաթի խարամի, ջհուդի մուղլի, սպիտակ նավթի, արջասպի մասին, որ մի տարի է, երեսները չեմ տեսել: Հենց որ ուզեմ, ավագ ձիապան Մակարը կասի՝ գարի ենք առել, փող չկա, ախոռապետ Դամիանոսը կհամոզի, որ ձեռքիցս գալիս է առանց դեղի էլ բուժել, վերջում Դերենիկ ազատը հույս կտա, թե իշխանը նոր պալատի ծախսից պրծնի, քո դեղերի համար էլ ինձ հրաման կանի: Իշխանը կանչել տվեց Մակարին եւ հարցրեց, թե ինչու՞ ձիերին դեղը չի բավարարում: Սա պատասխանեց, թե հիվանդությունն այս տարի ավելացել է: Ֆարաջն առարկեց, որ առաջվանից շատ չէ. բորը չհաշված, մեկ էլ հավկուրության մի քանի դեպք է եղել: Դրանց պատճառն էլ պակաս-պռատությունն է: Իշխանը քանդեց գոտուց քսակն ու տվեց բժշկին, որ անհրաժեշտ նյութերն առնի, եւ թիկնազորի պետ Թովմասին հրամայեց կալանել ավագ ձիապանին: Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել