Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերությունը եւ Երեւանի պետական բժշկական համալսարան

Նոյեմբեր 03,2001 00:00

Հայաստանի փորձն՝ աշխարհին Հայաստանի մանկական հոգեբույժների եւ հոգեբանների ընկերությունը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը կազմակերպել էին սիմպոզիում՝ նվիրված բնական եւ մարդու կողմից ստեղծված աղետներին եւ նրանց հոգեսոցիալական հետեւանքներին։ Սիմպոզիումին ներկա էին ինչպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանցի մասնագետներ։ Բրիտանացի հոգեբան Պաթրիք Ստոոնգը ներկայացրեց պատերազմներից տուժած եւ բռնության ենթարկված երեխաների մոտ առաջացած հոգեբանական հետեւանքները եւ նրանց ներքին հակասությունների դրսեւորման տարբեր ճանապարհները՝ արտահայտված շարունակաբար կրկնվող գործողություններով, կպչուն տեսիլքներով, ռեգրեսիվ եւ ագրեսիվ գործողություններով ու վարքային այլ տարօրինակություններով։ Նա նաեւ փաստեց, որ անցյալ 30 տարիների ընթացքում 2 մլն երեխա զոհվել է զինված հարձակումներից։ Հարավ-Արեւելյան Ասիայի ու նախկին Հարավսլավիայի փախստականների միջեւ կատարված հոգեբանական հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ տուժած երեխաների 40-50%-ի մոտ գրանցվել են լուրջ հոգեբանական խանգարումներ։ ՄՀՀԸ փոխնախագահ Խաչատուր Գասպարյանը խոսեց Հայաստանում տրավմային իրադարձությունների եւ նրանց հետ առնչվող պաշտպանական մեխանիզմների մասին։ Նրա կարծիքով, 1988թ. երկրաշարժը, 1991թ. անցումը կոմունիստականից դեմոկրատական պետության, 1991-94թթ. պատերազմը եւ 1999թ. հոկտեմբերին Ազգային ժողովում կատարված սպանությունները հայ ազգաբնակչությանը պատճառել են զանազան տրավմաներ, ինչը կարելի է հաղթահարել վերը նշված տարբեր պաշտպանական մեխանիզմներով։ Նա կարեւորեց տրավմա առաջացնող պատճառները եւ սկզբնական փուլում դրանք երեխաների համար որպես խաղ ներկայացնելը, ինչը տրավմաներից ձերբազատվելու օգտակար տարբերակ համարեց։ Ի դեպ, սիմպոզիումի հիմնական գաղափարն արծարծված էր նաեւ ամերիկահայ հոգեբան Լուիս Նաճարյանի զեկույցում։ Վերջինս հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ հայաստանյան փորձը օգտակար է եղել հոգեկան տրավմա կրած անձանց համար ամբողջ աշխարհում։ Իսկ Հայաստանում մշակված բուժման մեթոդները լայնորեն օգտագործվել են Նյու Յորքի դեպքերից տուժածների, նրանց ընտանիքների եւ փրկարարների բուժման ժամանակ, որտեղ ներկայումս 25 հազար երեխա կորցրել է ծնողներին, 10 հազար մարդ մնացել է անօթեւան, իսկ 5 հազար փրկարար ստացել են տարբեր կարգի մարմնական վնասվածքներ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել