ՀՐԱՎԵՐ՝ ՍՄԲԱՏԻ ՄՈՏ ՄԱԿ-ի պարենի ծրագրով Հայաստանի տարբեր շրջանների, ինչպես նաեւ մայրաքաղաքի սոցիալապես անապահով բնակիչների որոշակի խմբի՝ 36-82-ից բարձր անապահովության միավոր ունեցողներին, տրվել է սնունդ՝ յուրաքանչյուրին 25-ական կգ ալյուր եւ 2լ ձեթ։ Եվ ինչպես բնորոշ է հումանիտար օգնության ստացման ու բաշխման գործընթացին, այս անգամ եւս ծագել են որոշակի խնդիրներ՝ կապված սոցիալական ծառայությունների Կենտրոն համայնքի տարածքային կենտրոնի եւ Սախարովի հրապարակում գտնվող նախկին հացի խանութի շենքում տեղակայված օգնության մատակարարման կետի հետ, ինչն էլ մի շարք քաղաքացիների մղել էր դիմելու «Առավոտի» խմբագրություն։ Բնակիչները հատկապես դժգոհում էին արհեստականորեն ստեղծված քաշքշուկներից, ցուցակներում եղած խառնաշփոթից, ոմանց անունների բացակայությունից եւ օգնության բաշխումն իրականացնողների (մասնավորապես՝ բաժնի պետերից Սմբատ անունով մեկի) ոչ հարգալից վերաբերմունքից։ «Կյանքի գնով» օգնություն ստացածների պնդմամբ, իրենց 3-5 անգամ Սախարովի հրապարակից ուղարկել են «Անի» հյուրանոցի մոտ գտնվող ծառայություն՝ տեսուչներից օգնության ցուցակներում իրենց հերթական համարները ճշտելու, իսկ ծեր ու հիվանդ մարդկանց հենց փողոցում տվել են 1 պարկ ալյուր՝ ինքնուրույն, բայց միմյանց մեջ հավասար կիսելու «մեծահոգի» խորհրդով։ Հումանիտար օգնության բաշխման տվյալ բաժանմունքի տնօրեն Տալիթա Մանսուրյանից տեղեկացանք, որ իսկապես, իրենք ալյուրը բաժանել են ոչ թե 25-ական կգ-ներով, այլ 2 հոգուն՝ 1 պարկ սկզբունքով՝ «թերակշռման հետ կապված խնդիրները բացառելու եւ բնակիչների ավելորդ տրտունջներից խուսափելու նպատակով»։ Ցուցակների խառնաշփոթն էլ վերջինս պատճառաբանեց համակարգչային անհաջող ծրագրով. «Նախկինում Մերգելյանը ցուցակները տպագրում էր ըստ ԲՇՏ-ների, իսկ հիմա՝ միավորների աճման կարգով, ինչի արդյունքում հաճախ բնակիչներից մեկը հայտնվում է ցուցակի առաջին, իսկ նրա մոտ հարեւանը՝ 100-րդ էջում»։ Նա չժխտեց նաեւ, որ իսկապես եղել են մարդիկ, որոնց քանիցս ուղարկել են ծառայություն՝ տեսուչներից իրենց համարները ճշտելու։ Փորձեց համոզել նաեւ, որ դրանից բնակիչներն ամենեւին չեն տուժել. «Գնացել-եկել են սիրով», քանի որ «միեւնույն է՝ ժամերով պետք է հերթ կանգնեին»։ Ինչ վերաբերում է հումանիտար օգնության տեսքով ձեթ եւ ալյուր բաժանող Սմբատ անունով աշխատակցին ու նրա վարքագծին, ապա Տ. Մանսուրյանը մեզ առաջարկեց գնալ նրա մոտ եւ անձամբ ծանոթանալ, քանի որ նա, տնօրենի պնդմամբ, «շատ լավ տղա է»։ Եթե իսկապես «հյուրընկալվեինք» Սմբատին, վերջինս, բնականաբար, պիտի հրաժարվեր, որ երբեւէ անհարգալից է վերաբերվել օգնություն ստացողների հետ, իսկ քաղաքացին էլ պիտի պնդեր հակառակը։ Ու քանի որ բնավ մամուլի գործը չէ կենցաղայինի հասնող վեճերի պատճառների մեջ խորանալը, նպատակահարմար չգտանք անձամբ հավաստիանալու Սմբատի՝ «լավ տղա» լինելու մեջ։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ