Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ մոտ վերջին ժամանակներս յուրօրինակ ավանդույթ է դարձել այնքան հեշտացնել ու պարզունակացնել այս կամ

Նոյեմբեր 03,2001 00:00

Վաճառե՞լ, թե՞ բարեփոխել Մեզ մոտ վերջին ժամանակներս յուրօրինակ ավանդույթ է դարձել այնքան հեշտացնել ու պարզունակացնել այս կամ այն բարդագույն պրոբլեմի լուծումը, որ երբեմն երկրիդ համար անհարմար ես զգում։ Օրինակ, այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին էներգետիկայի զարգացումն ու բարեփոխումն է, Հայաստանում կապում են միայն բաշխիչ ցանցերը վաճառելու կամ հակառակը՝ չվաճառելու հետ։ Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ էներգետիկայի բարեփոխում է իրականացվում, բաշխիչ էլցանցերը վաճառելը կամ չվաճառելը հանդես չեն գալիս որպես դրա հիմնական նպատակ։ Այնտեղ ընդունված է համարել, որ էներգետիկայի բարեփոխման հիմնական նպատակները ոլորտի ազատականացումը եւ էլեկտրաէներգիայի շուկայի մրցակցության ստեղծումն են, որոնք, որպես կանոն, հանգեցնում են գների իջեցմանը եւ արտադրանքի որակի բարձրացմանը։ Ինչպես, օրինակ, Եվրամիության երկրներում մինչեւ 2001թ. էլեկտրաէներգիայի շուկայի 65%-ը ազատ մրցակցության համար արդեն բաց էր, ինչը հանգեցրեց դրա գնի 10-15%-ով իջեցման։ Այսինքն, այս երկրներում էներգետիկայի բարեփոխումը չսկսվեց եւ չսահմանափակվեց բաշխիչ էլցանցերի վաճառքով։ Բաշխիչ ցանցերի միջոցով էներգետիկայի բարեփոխման մոդելը, որը նախատեսվում է օգտագործել Հայաստանում, ոչ մի ընդհանուր բան չունի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի շուկայի մրցակցության ձեւավորման հետ, ավելին, այդ մոդելը ենթադրում է երկրի բոլոր ցանցերի մոնոպոլիզացման իրական վտանգ։ Այդ պայմաններում էլեկտրաէներգիայի շուկա, որպես այդպիսին, պարզապես չի լինի։ Դրա փոխարեն կլինի բաշխվող էլեկտրաէներգիայի գների եւ տարիֆների մոնոպոլիա, դրանից բխող կատաստրոֆիկ հետեւանքներով՝ ինչպես այդ արտադրանքի արտադրողների եւ սպառողների, այնպես էլ ողջ տնտեսության համար։ Մի՞թե կապի ծառայության շուկայի մոնոպոլիզացիայի տխուր փորձը մեզ ոչինչ չսովորեցրեց։ Վերջերս հայտնի դարձավ, որ մեր էլցանցերի իրական գնորդներից մեկը դարձավ ՌԱՕ ԵԷՍ-ը։ Այդտեղ ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե մի հետաքրքիր հանգամանք չլիներ։ Ռուսաստանում, որտեղ, ի տարբերություն մեզ, պատրաստվում են անցկացնել էներգետիկայի լիարժեք բարեփոխում, արգելված է էլցանցերի վաճառքը։ Ռուսաստանում նախատեսվում է պահպանել բաշխիչ ցանցերի պետական հսկողությունը եւ հակառակը՝ մասնավորեցնել էլեկտրաէներգիա արտադրող եւ սպառող ստրուկտուրաները։ Հարց է ծագում. ինչո՞ւ է Ռուսաստանը միանշանակորեն որոշել չվաճառել էլցանցերը։ Պատասխանը պարզ է։ Ռուսաստանում, կրկին ի տարբերություն մեզ, արդարացիորեն գտնում են, որ դրանք համարվում են ողջ էներգետիկայի մի յուրօրինակ տիպի «արյունատար համակարգ» եւ ռազմավարական ու քաղաքական կարեւորագույն նշանակություն ունեն։ Այսինքն նա, ով տնօրինում է դրանք, ի վիճակի է իր պայմանները թելադրել այլ կառուցվածքային միավորման։ Օրինակ, էլեկտրաէներգիա արտադրողը, միանգամայն հասկանալի պատճառներով, ի վիճակի չէ այն պահեստավորել կամ ակումուլյացնել։ Նա պետք է անհապաղ իրացնի, իսկ դա հնարավոր է միայն բաշխիչ էլցանցերի միջոցով։ Էլեկտրաէներգիայի սպառումը սպառողների կողմից նույնպես կարելի է իրականացնել միայն դրանց միջոցով։ Այսպիսով, Հայաստանի էներգետիկայի բարեփոխումը (եթե, իհարկե, դա կարելի է բարեփոխում համարել) բաշխիչ էլցանցերի վաճառքից սկսելը, կորցնելով այդպիսի կարեւորագույն ռազմավարական կառույցների նկատմամբ պետական հսկողությունը, ծայրահեղ դեպքում կլինի ոչ խելամիտ։ Ինչ վերաբերում է էներգետիկայի բարեփոխման հիմնական նպատակներին՝ ոլորտի ազատականացում եւ էլեկտրաէներգիայի շուկայում մրցակցության ստեղծում, ապա Հայաստանի ցանցերի վաճառքը մեկին կամ երկուսին, այդ նպատակներին հասնելը դարձնում է անհնար նույնիսկ տեսականորեն։ Հարց է ծագում. այդ դեպքում հանուն ինչի՞ եւ հանուն ի՞նչ նպատակների ենք մենք պատրաստվում վաճառել այդ ցանցերը։ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել