Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակների

Նոյեմբեր 03,2001 00:00

ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ Կենսաթոշակների բարձրացման դափնիները հանձնվեցին ՀՅԴ խմբակցությանը։ Հասկանալի է, ընտրություններ են մոտենում։ Իրականում այդ խմբակցությունը դրա հետ ճիշտ այնքան կապ ունի, որքան, ասենք, Վ. Դալլաքյանը, Վ. Բոստանջյանը, Հ. Հակոբյանը եւ այլք։ Բայց մինչ այդ հիշեցնենք, որ 2002թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի բարձրացումը (3000 դրամ՝ նախկին 2860-ի փոխարեն եւ 35, 45, 60-ի փոխարեն՝ 60 դրամ տարեկան հավելումը) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համար նշանակում է լրացուցիչ 4,9 մլրդ դրամի ծախս։ Հիմնադրամի նախագահ Ֆրունզիկ Մուշեղյանի տվյալներով՝ «Այս պահին 27 մլրդից ավելի մուտք ունենք»։ Նկատի ունենալով այն, որ պակասել են կենսաթոշակառուների բողոքները՝ «7, 8, 9 ամիս թոշակ չենք ստացել», արժանահավատ է թվում հիմնադրամի նախագահի հայտնած տեղեկությունը, որ «1 տարվա ընթացքում հիմնադրամն ի վիճակի է եղել մարել 6 մլրդ-ից ավելի պարտք։ Այսինքն, եթե 2000թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների եւ այլ սոցիալական ծրագրերի գծով ունեցել ենք 8-8,5 մլրդ-ի պարտք, այսօր այդ պարտքը կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ, իսկ մինչեւ տարեվերջ դա կհասցվի 0-ի»։ «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ եք բացատրում սոցապ հիմնադրամի բյուջեի մուտքերի այդպիսի աճը, Ֆ. Մուշեղյանը պատասխանեց. «Նախ, դա հիմնադրամի կոլեկտիվի աշխատանքի արդյունքն է, դրա հետ միասին կառավարության մեծ աջակցությունը կար։ Այսինքն, եթե նախկինում մեզ մոտ պարտքեր գոյանում էին նաեւ պետբյուջեի պատճառով, ապա այժմ հիմնադրամի նկատմամբ իր պարտավորությունը բյուջեն կատարում է 100%-ով (բյուջեն ամենամեծ ապահովադիրն է)։ Քիչ դեր չխաղաց նաեւ չգրանցված, հաշվետվություն չներկայացնող ապահովադիրների հայտնաբերումը, զուգահեռաբար՝ կենսաթոշակառուների ցուցակների ճշտումը, այսինքն հասցեական վճարումները (որի արդյունքում մոտ 50000 մարդ դուրս մնաց ցուցակներից, որոնք երբ էլ վերադառնան Հայաստան, կստանան իրենց թոշակները)»։ Օրեր առաջ պատասխանելով «Առավոտի» հարցին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց. «Սոցապ հիմնադրամում հավաքագրումները լավ մակարդակի վրա են, ուստի աշխատատեղերի ավելացում կա»։ Պրն Մուշեղյանի պատասխանով, փաստորեն, հերքվում է նախարարի դիտարկումը։ Բայց Ֆ. Մուշեղյանը ժխտեց, թե հերքում է, նշելով, որ ավելացել են նաեւ աշխատատեղերը. «Կոնկրետ հունվարից արդեն շատ զգալի մուտքեր կունենանք»։ Դա հունվարից, իսկ հիմա այդ ավելացած աշխատատեղերն ի՞նչ ազդեցություն են ունեցել հիմնադրամի բյուջեի մուտքերի վրա։ Նշելով, որ մեծ թվով խոշոր ձեռնարկություններ մարում են նախորդ տարիների հսկայական պարտքերը, ասաց. «Հաշվետվությունների ամփոփումից հետո կոնկրետ կարող եմ ասել։ Բայց որ շարժը կա, միանշանակ է։ Դա մենք զգում ենք ամեն օր»։ Չնայած այս հավաստիացումներին, անիմաստ է Սոցապ հիմնադրամի հաջողությունը նույնպես կապել հանրապետության նախագահի 40000-անոց խոստման հետ։ Ըստ վիճակագրական տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում աշխատավարձ է հաշվարկվել 430 հազար մարդու համար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 440 հազարի։ Դառնալով «դափնիներին», նկատենք, որ ԱԺ-ում կենսաթոշակների բարձրացման մի շարք օրինագծեր էլ են եղել, ասենք, շատ պատգամավորներ էլ առաջարկում էին մինչեւ 7000 դրամ սահմանել բազային կենսաթոշակի չափը։ Վերջապես ՀՅԴ-ն ինչքանո՞վ կապ ունի կառավարության այս նախաձեռնության հետ, կամ հիմնադրամը ինչքանի՞ հնարավորություն ուներ։ «Կապել միայն ՀՅԴ խմբակցության հետ, սխալ է։ Այո, եղել է նրանց առաջարկությունը։ Նախկինում եղել է նաեւ Հրանուշ Հակոբյանի, վերջերս նաեւ Վ. Դալլաքյանի, Վ. Բոստանջյանի, սոցապ նախարարության առաջարկությունները։ Ուղղակի մի փոքր ավելի ակտիվ են եղել Կառավարություն-ՀՅԴ քննարկումները։ Կառավարությունն, ի դեմս հիմնադրամի, պատրաստ է քննարկումներ անել ցանկացած պատգամավորի, խմբակցության հետ։ Այս քայլը կատարել է կառավարությունը, ի դեմս հիմնադրամի։ Սա կարող էր անել միայն հիմնադրամը։ Քննարկում են, բայց, ի վերջո, կատարողը սոցապ հիմնադրամն է։ Եղել են առաջարկություններ 3500 դրամի վերաբերյալ (որի համար տարեկան լրացուցիչ 8,5 մլրդ դրամ է պահանջվում), սա աբսուրդ էր։ Թող թղթի վրա գրեն՝ կենսաթոշակներն ավելացնել տասնապատիկ։ Բայց գտնում ենք, որ ավելի լավ է ստանան այդ քիչը, քան գրվի շատ ու ոչինչ չստանան»,- պարզաբանեց պրն Մուշեղյանը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել