Լրահոս
Օրվա լրահոսը

Համարյա մեկ ամիս է, ինչ ԱՄՆ-ը սկսել է պատերազմական գործողություններն Աֆղանստանի դեմ։ Որքանո՞վ էին ար

Նոյեմբեր 03,2001 00:00

Բուշը շտապե՞լ է Համարյա մեկ ամիս է, ինչ ԱՄՆ-ը սկսել է պատերազմական գործողություններն Աֆղանստանի դեմ։ Որքանո՞վ էին արդյունավետ այդ գործողությունները։ Ժամանակի՞ն էին, թե՞ ժամանակավրեպ։ Կա՞ր այլ տարբերակ։ Ինչպիսի՞ն կլինեն հետագա զարգացումները եւ ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա։ Թվում է՝ նախագահ Բուշը ինչ-որ չափով սեփական երկրի հասարակական կարծիքի ճնշմանը զոհ է դարձել։ Զուտ ռազմական եւ քաղաքական տեսակետներից պետք էր անընդհատ «ձգել» իրավիճակը, անվերջ սպառնալով՝ «սկսել վաղը»։ Այդ օրերին բարձրացրած սրի գործոնը ավելի ազդեցիկ էր, քան իջեցրածինը։ Թալիբները խուճապի մեջ էին, զորքերի անկանոն տեղաշարժեր էին կատարում, նրանց միջեւ սկսվել էին հակասություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք էր հասունացնել եւ բերել լիարժեք պառակտման։ Միաժամանակ պետք էր լրջորեն, այլ ոչ թե կիսատ-պռատ, զինել Հյուսիսային ալյանսը, իսկ օդային հարձակումները պետք է սկսվեին շատ ավելի ուշ եւ ուղեկցեին արդեն թեժացած պատերազմը թալիբների եւ Ալյանսի միջեւ։ Այդ դեպքում ռմբակոծություններն այդքան սուր չէին ընդունվի ամբողջ մուսուլմանական աշխարհի կողմից։ Ամերիկյան կամ բրիտանական զինվորը չպետք է ոտք դներ աֆղանական հողի վրա։ Միայն այդ դեպքում աֆղան ժողովուրդը կընդուներ որեւէ ետպատերազմյան քաղաքական լուծում։ Սակայն այս «հանգիստ» եւ պրագմատիկ սցենարը գործի չդրվեց, եւ իրադարձությունները զարգացան միանգամայն այլ ուղիով։ Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջինը՝ ամերիկացիների ինքնասիրությանը լուրջ հարված էր հասցված, եւ նրանք ստիպում էին Բուշին արագ վրեժխնդիր լինել։ Երկրորդ պատճառը ավելի խորքային է՝ եթե իրագործվեր վերոնշյալ տարբերակը, ապա հաղթանակի հիմնական կրողը կդառնար Հյուսիսային ալյանսը, իսկ նրա ետեւում կանգնած է Ռուսաստանը։ Ինչ խոսք, քաղաքական կոնյունկտուրայի տեսակետից ԱՄՆ-ին դա չի կարող ձեռնտու լինել։ Սակայն Բուշի անձնակազմը պետք է սկզբունքային ընտրություն կատարեր՝ կամ նա արդյունավետ պայքարում է միջազգային տեռորիզմի դեմ, գործընկերների հետ համաձայնեցված, կամ շարունակում է ամեն ինչից վեր դասել իր՝ աշխարհին տիրելու մղումները։ Երկու նապաստակի ետեւից ընկնելն առայժմ դրական արդյունքներ չի տվել։ Մի կողմից՝ հակատեռորիստական կոալիցիայի երկրների մեջ, որոնք սկզբից անվերապահորեն եւ անկեղծ ձգտում էին օգնել ԱՄՆ-ին, որոշակի կասկածամտություն է առաջացել, ինչն արտահայտվեց նաեւ Շանհայում։ Ռուսաստանն ու Չինաստանը եկան միահամուռ կարծիքի՝ որ պետք է ուժեղացնել Հյուսիսային ալյանսի ռազմական հզորությունը, շատացնել փախստականներին ուղղված օգնությունը, որ պատերազմի ավարտից հետո Աֆղանստանի կառավարության կազմում պետք է ընդգրկվեն բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները, բացառությամբ՝ թալիբների, եւ, որ բոլոր գործողությունները պետք է կատարվեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Այդ տեսակետը (մասամբ կամ ամբողջությամբ) սկսեցին արտահայտել նաեւ առանձին եվրոպական տերություններ՝ բացառությամբ, իհարկե, Մեծ Բրիտանիայի։ Մյուս կողմից՝ աճում է դժգոհությունը բոլոր մահմեդական երկրներում, իսկ Պակիստանը գտնվում է պետական հեղաշրջման եզրին։ Պատճառը ոչ միայն Աֆղանստանի տոտալ ռմբակոծություններն են եւ խաղաղ բնակիչների անխուսափելի զոհերը՝ ԱՄՆ-ը պատշաճ ժամանակ եւ միջոցներ չհատկացրեց սահմանամերձ գոտում նորմալ ճամբարներ կազմակերպելու փախստականների համար։ Իսկ այսօր հենց Պակիստան ներխուժած փախստականներն են հանդիսանում հիմնական «շիկացնող» գործոնը։ Չմոռանանք նաեւ, որ աշխարհին այդպես էլ չներկայացվեցին ապացույցներ, որ սեպտեմբերի 11-ի ողբերգության հեղինակը հենց բեն Լադենն է։ Միգուցե դա կարեւոր չէր եվրոպական երկրների համար, որոնք բավարարվեցին Բուշի, ՆԱՏՕ-ի քարտուղարի եւ Պուտինի հավաստումներով, բայց չափազանց կարեւոր է մահմեդական աշխարհի համար։ Անհաջողությամբ ավարտվեց Պեշավարում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպված աֆղանական ընդդիմության արհեստական համագումարը, Հարավային Աֆղանստանում ապստամբության փորձը եւ Օմարի արխիվում բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկությունների որոնումը։ Կամ մոտակա ժամանակ ԱՄՆ-ը կվերադառնա ավելի ճկուն, խոհեմ եւ կոալիցիայի անդամ պետությունների հետ համաձայնեցված սցենարի, մասնավորապես՝ կտրուկ կընդլայնի հումանիտար գործոնը, կամ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Դա հատկապես վտանգավոր է դժվարություններին անսովոր ԱՄՆ-ում աճող խուճապային տրամադրությունների ֆոնի վրա։ Այդ տեսակետից հուսադրող է թվում, որ ԱՄՆ-ը վերջապես սկսել է Հյուսիսային ալյանսի հետ համատեղ ռազմական գործողություններ պլանավորել եւ իրականացնել։ Ցանկացած մահկանացու ունի սխալվելու իրավունք, սակայն Բուշը պետք է քաջ գիտակցի, որ սեպտեմբերի 11-ից հետո ինքն այդ իրավունքից զրկվել է։ Թե ինչքանով նա կկարողանա շտկել ստեղծված բարդ կացությունը՝ ցույց կտան արդեն մոտակա օրերը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել