Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությամբ բուռն զբաղվում են այն երկրներում, որտեղ այլ զբաղմունքները քիչ են, այսինքն՝ գործազրկ

Նոյեմբեր 03,2001 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐՆ ԸՍՏ ԻՐԱՎԻՃԱԿԻ Քաղաքականությամբ բուռն զբաղվում են այն երկրներում, որտեղ այլ զբաղմունքները քիչ են, այսինքն՝ գործազրկությունը պատկառելի տոկոս է իրականում, որքան էլ վիճակագրությունը ամրագրի հին ու նոր աշխատատեղեր: Իսկ ժողովրդին անվերջ հրամցվող մեծ ու փոքր, ճոխ ու շքեղ տոնակատարությունները դառնում են պետական միջոցառումների ծրագրի կետեր՝ սակավ աղերսներ ունենալով իրականությանը: Հռոմի կայսրերը իշխանությունը անսասան պահելու համար համաքաղաքացիներին ապահովում էին հացով ու զվարճանքով, մենք առայժմ ապահովում ենք զվարճանքը, իսկ հացը, իմա՝ աշխատանքի խնդիրը, թողնում ենք ինքնուրույն լուծման: Քաղաքականությամբ հարկադրված զբաղվում են այն երկրներում, որտեղ դա ընդամենը առավոտյան 9.00-ին սկսվող ու երեկոյան 18.00-ին ավարտվող պետական ծառայություն է: Այդ երկրներում լուծված են քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերի ու հայեցակարգերի ստեղծման հարցերը, եւ գործունեության մեխանիզմներն են գտնված, օրակարգային շտկումներ են կատարվում: Քաղաքականությամբ ինքնաբերաբար զբաղվում են այն երկրներում, որտեղ քաղաքականությունը զբաղմունք է եւ չի դարձել պետական ու չի գիտակցվել իբրեւ ազգային անհրաժեշտություն: Հայերս քաղաքականությամբ զբաղվում ենք անվերջ ու անդադար: Մեզ համար քաղաքականությունը նպատակ է, միջոց ու հետեւանք: Ճակատագիր է: Եվ մեր քաղաքականությունը անհավանական նման է մեզ՝ անկեղծ, անկազմակերպ, անպատասխանատու, տեղ-տեղ՝ փառահեղ, տեղ-տեղ՝ մտածված, ընդհանրապես՝ հընթացս… Եվ որովհետեւ անվերջորեն անցումային մեր երկրում հայեցակարգերն ու համակարգերը սահմանակցում են ազգային երազին, քաղաքականությունը դառնում է հոգեբանություն ու աշխատատեղ, տաժանք ու տոն, ծնունդ ու մահ, մեր երկրում կյանքն ու մահը խորապես քաղաքական են: Ահա եւ օրեցօր ավելացող կուսակցությունների ստեղծման գաղտնիքը: Նույն պատճառով բոլոր կուսակցությունները միմյանցից տարբերվում են այդ պահին ամրագրված անդամներով. կանոնադրությունները տիպային են, ծրագրերը՝ նույնական, նպատակները՝ նվիրական, մեխանիզմները՝ անիրական: Մեր երկրում քաղաքականությունը նաեւ սեզոնային է. գարնանը սպասում են թեժ ամռան, ամռանը՝ թեժ աշնան, աշնանը՝ թեժ ձմռան, ձմռանը՝ թեժ գարնան: Քաղաքականացված լինելու մեջ բոլորը մեղադրում են բոլորին: Առավել հասցեական մեղադրանքներն ուղղվում են լրագրողներին, որ թեժ նյութի որոնումներում ստեղծում են քաղաքական մեծ ու փոքր սկանդալ-սենսացիաներ՝ դառնալով ու ստեղծելով օրվա հերոսիկներ: Լրագրողներն ունեն դասական արդարացում՝ հայելին ու արտացոլումն են հասարակության: Հերթական թեժ աշնան սկզբին բռնկումներ էին սպասվում խորհրդարանում: Սպասումները չարդարացան. խորհրդարանը հանգիստ սկսեց ու շարունակում է աշնանային նստաշրջանը: Մի քիչ նյարդեր խտղտեց հեռահաղորդակցության մասին օրենքի փոփոխության հեռանկարը, բայց ի սկզբանե արտահերթ նիստը դատապարտված էր. ներդրումների մասին օրենքով յուրաքանչյուր ներդրող հինգ տարի ապահովված է, որ գործելու են ներդրման պահի օրենքները: Սպասումներն արդարացնելու խոստումներ տվեց ինքնաճանաչման ու ինքնահաստատման հասնող ընդդիմությունը: «Հանրապետություն» կուսակցության համագումարի հաջորդ օրը երկրի նախագահը նախագահական ընտրությունների մեկնարկը տվեց: Ակներեւաբար՝ ֆայլստարտ: Եթե նպատակը բացահայտված ու հնարավոր թեկնածուներին հընթացս վազքուղուց դուրս մղելը չէ: Եվ եթե նախագահը առաջնորդվում է համարյա պատմական «Ո՞վ, եթե ոչ ես» բանաձեւով, ընդդիմությունը ակներեւաբար հակառակ տեսակետն է առաջ քաշում՝ «Ով ասես՝ ոչ դու»: Երկուսն էլ մոտենում ու չեն հասնում ճշմարտությանը: Ընդդիմությունը առաջադրում ու չի որոշակիացնում մինչեւ ապացույցներ մեղադրանքները, հայտարարում է իշխանափոխության պահանջն ու պաշտոնանկության գլխավոր գործող անձ համարում է խորհրդարանին, որը ինքնապահպանման բնազդով երբեք այդ քայլին չի դիմի: Որպեսզի պատգամավորները նույնիսկ նման մտադրություն չունենան, վարձավճարված լրատվամիջոցները համենայն դեպս յուրաքանչյուր երկրորդ հրապարակման մեջ կհիշեցնեն ու «կհաստատեն», որ խորհրդարանին ոչ ոք արդեն լուրջ չի ընդունում, խորհրդարանը ինքն իրեն վարկաբեկել է եւ այլն: Գուցե եւ իրավացիորեն, որովհետեւ վերջին հաշվով խորհրդարանում ընտրությամբ միատեղված են ժողովրդի ներկայացուցիչները, իսկ ժողովրդին հիշում են, երբ պետք է մեղադրյալ ու մեղավոր գտնել: Սակայն խորհրդարանը ոչ միշտ է երկրորդում համակարգչին, որի ծրագիրը հայտնի է, թե ով է գրում: Այնուամենայնիվ՝ նախագահը աղմկոտ ու անաղմուկ ձերբակալություններով փորձում է ինքն էլ կանխել իրադարձությունների իր համար անցանկալի զարգացումը եւ պարբերաբար հիշեցնում է, որ իր խոսքը դեռ չի ասել՝ թերեւս այդ ընթացքում «մոռանալով» կամ «մոռացնելով» ինչի շուրջ է այդ խոսքը լինելու: Իսկ «շուրջը» ակնհայտ է՝ Ղարաբաղի հիմնահարցը, որ 1998 թ. գոնե արտաքուստ իշխանափոխության պատճառն էր, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, որ վիճակագրորեն արդեն եվրոպական ստանդարտների համար էլ զարմանալի 9,9 տոկոս ծաղկումով է բնորոշվում, իրականում՝ արտագաղթով, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը, որ 2001-ի փետրվարից դատավարությամբ վերածվել է ոճրագործի մեկանգամյա ուղիղ եթերի պահանջի ամենօրյա բավարարման: Իսկ ընդհանրապես նախագահը ակներեւաբար զղջացել է, որ 1999 թ. Արամ Սարգսյանին վարչապետ նշանակեց: Եթե ոճրագործությունից անմիջապես հետո այդ քայլը թվում էր ակնհայտորեն շահավետ՝ միանգամից վերստանում էր բանակի ու հասարակության վստահությունը եւ հարվածի տակ էր դնում սպանված վարչապետի անփորձ եղբորը ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ նախաքննության ընթացքի համար, ինքը հայտնվելով սպիտակ ձիու վրա, ապա այժմ իրավիճակը շրջվել է. ճիշտ է, հակասահմանադրական եւ հակաբարոյական քայլերով նախագահին հաջողվեց բանակը ձեռքը հավաքել, նախ փոխնախարար ու հետո նախարար նշանակելով մարդկանց, որ նոր իրավիճակում շատ արագ փոխզիջումների գնացին սեփական խղճի ու հիշողության հետ: Այնուհանդերձ՝ եթե ի դեմս վարչապետ Արամ Սարգսյանի նախագահը ուներ թույլ մրցակից, ի դեմս պաշտոնանկ վարչապետ Արամ Սարգսյանի ստացավ բացահայտ ու լուրջ ընդդիմություն, ում հետ չի կարող պալատական խարդավանքների փորձված հնարքներով հաջողության հասնել: Առաջին պահ կարող էր ճիշտ ու արդարացված համարել կուսակցությունների դիմազրկման ու տրոհման շրջագծում ՀԺԿ-ն էլ ընդգրկելը «Բաժանիր, որ իշխես» բանաձեւով, սակայն ճիշտ հաշվարկված չէին ՀԺԿ-ի երկրորդ համագումարում կուսակցության նախագահ ընտրված Ստեփան Դեմիրճյանի հնարավորությունները: Կարեն Դեմիրճյանի որդուց, ելնելով ՀԺԿ-ի արդեն ավանդական դարձող ոչ մեխին, ոչ նալին խփելու քաղաքականությունից, դժվար էր սպասել ակնհայտ ու արմատական ընդդիմության անցումը: Արամ Սարգսյանին ու Ստեփան Դեմիրճյանին դժվար է մեղադրել հանցավոր անցյալ ու քաղաքական սխալներ ունենալու մեջ՝ նրանք ողբերգությամբ ասպարեզ եկած քաղաքական գործիչներ են, որ մանկուց իշխանություն չէին երազում, բայց հայտնվելով անկանխատեսելի իրավիճակում՝ ստանձնել են այն դերը, որ չկարողացան ու չհասցրին կատարել իրենց հարազատները: Ավելացրած՝ ոճրագործության բացահայտման նախանձախնդրությունը, որից կարող է հրաժարվել մեր՝ աշխարհի ամենաարդար դատարանը, մեր՝ իր խոսքը խնայող նախագահը, բայց ոչ սպանվածների հարազատները: Իսկ ժողովրդին առաջվա պես պետք է աշխատանք, խաղաղություն ու վաղվա օրվա հեռանկար: Եվ նույնիսկ քրիստոնեության 1700-ամյակին պատրաստ է աստված ոչ միայն հռչակել, այլեւ ընդունել նրան, ով իրեն կտա հաց ու երաշխիք: Ժողովուրդը հոգնել է ոչ պատերազմ-ոչ խաղաղություն խաղից, որի արդյունքում վտանգված են ոչ միայն խաղաղությունը, այլեւ հաղթանակի պտուղները: Ժողովուրդը հոգնել է քաղաքական գործիչներից, որ անվերջ խոսում են իր անունից, գործում են իրենց շահերից ելնելով: Ժողովրդին վաղուց դադարել են հուզել պետության ու պետականության խնդիրները, որովհետեւ պետության մեջ տեսնում են իշխանություն, իշխանավորների մեջ՝ իրենց ձախորդությունների ու դժբախտությունների պատճառը: Երբ նույնիսկ լոգարանի ծորակն է խափանվում, մեղավորը նախագահն է, նորոգողը պիտի վարչապետը լինի: Որովհետեւ երկրում օրենքների տեսքով գործում են նույնիսկ ոչ կրկնակի, այլ բազմակի ստանդարտները: Իսկ օրենքները խաղաղ կատարելագործվում են խորհրդարանում ու ընդունումից 10-15 օր անց սկսում են լրամշակվել՝ հավերժական շարժիչի գոյությունը ապացուցելով: Ժողովուրդը դիտարկվում է իբրեւ ընտրազանգված, որի առկայությունը պարտադիր է 4-5 տարին մեկ՝ ընտրություններում ժողովրդավարության պատրանք ապահովելով՝ վերստին լեթարգիական քնի մեջ մոռացվելու համար: Հայրենիքը դառնում է աշխարհագրական տարածք, որի սահմանները կարելի է ըստ անհրաժեշտության փոփոխել: Անհրաժեշտությունը չի հիմնավորվում, թելադրվում է: Դրսից՝ ներսի համաձայնությամբ: Հավուր պատշաճի դիմադրությամբ: Բացատրությունները խնդիր չեն՝ լիքը: Հիմնավորումները՝ ավելի շատ: Արդարացու՞մը: Կգցենք պատմության վրա: Կամ՝ ճակատագրի: Կամ՝ հարեւանների: Ճշմարտությունը որպես իրողություն դառնում է երկնագույն երազ: Երազը՝ զառանցանք: Զառանցանքը՝ իրականություն: Փակ շրջանակի դասական օրինակ: Եվ փակ շրջանակում իրենց ու միմյանց են որոնում իշխանությունն ու ընդդիմությունը: Առայժմ ժամանակը ձգելով, որովհետեւ երկուստեք չգիտեն՝ հանդիպելիս ի՞նչ են անելու: Չգիտի նաեւ ժողովուրդը, որովհետեւ չգիտի՝ ում ու ինչու հավատալ: Որովհետեւ ինքնապահպանման անհրաժեշտությունից բացի՝ այլ խնդիր չի տեսնում: Ահա եւ յուրաքանչյուրը խաղաղ երազում է ինչ-որ թեժ եղանակ՝ երբ գոնե ինչ-որ հարց պատասխան կգտնի, եւ անորոշ ակնկալիքների համապատկերում բազմանում են կուսակցությունները ու արժեզրկվում է քաղաքականության բովանդակությունը: Որովհետեւ քաղաքականության քաղաքականությունը իմաստավորված ու արժեվորված չէ: Դեռ: Մինչեւ ե՞րբ: Վիլյամ Սարոյանն ասում էր՝ աշխարհի որ անկյունում էլ կրակեն, գնդակը մի հայի կդիպչի: Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ոչ ոք չկրակեց, բայց այդ «չկրակելուց» էլ ակնհայտորեն հայերս կարող ենք կորուստներ ունենալ: Ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ արդեն սկսվել է ղարաբաղյան հիմնահարցի լուծման անսպասելի տարբերակի գործադրումը՝ իբրեւ դանդաղ գործողության ռումբ, որի պայթյունից հետո ելման կետ վերադարձն անիմաստ է: ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան, Հարավկովկասյան երեք հանրապետությունները միանշանակ պայքարում են ահաբեկչության դեմ: Աշխարհը կարծես վերջապես վերադարձել է երկբեւեռության տարբերակին՝ մի բեւեռում ունենալով ահաբեկիչներին, մյուսում՝ նրանց դեմ պայքարողներին: Իրավիճակը սպառնում է նմանվել 20-րդ դարասկզբին, երբ առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթում իրենց խնդիրները լուծող մեծ տերությունների մեծ անտարբերության զոհ դարձան մեկուկես միլիոն հայերն՝ իրենց հայրենիքով: Եթե փորձենք վերականգնել ժամանակագրությունը, պիտի արձանագրենք, որ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից առաջ ու հետո՝ Հայաստանի շրջադարձին դեպի Ռուսաստան արվեցին առաջին հայացքից միմյանց քիչ առնչվող, բայց կշռադատված ու միմյանցից բխող քայլեր: Միջազգային ատյաններում Հայաստանը միանշանակ վերահաստատվեց հարեւանի տարածքները օկուպացրած ագրեսորի եւ մեկ միլիոն փախստականների թշվառ վիճակի մեղավորի դերում, վիճելի տարածքը հռչակվեց ահաբեկչության ու թմրաբիզնեսի եթե ոչ կենտրոն՝ տարանցիկ ճանապարհ: Ադրբեջանը ռազմական ճանապարհով տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատրաստակամության հայտարարություններ է անում, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի մակարդակով «հասկանում են»՝ չմեղադրելու կոչ անելով: ԱՄՆ-ի սենատը վերաձեւում է 907 բանաձեւը՝ ամրագրելով կետեր Ադրբեջանի ու Հայաստանի մասին, հնարավորություն թողնելով հարվածել Ղարաբաղին: Վրաստանի ու Աբխազիայի հակամարտությունը վերսկսվում է անհասկանալի հանգամանքներում, նախագահ Շեւարդնաձեն բացահայտ ասում է, որ ի զորու չէ կանխել Աբխազիայից փախստականների պարտիզան դառնալը ու զինված պայքարը վերսկսելը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայերը Վրաստանի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցման ժամանակ կոմպակտ ապրող ազգային փոքրամասնությունների՝ Ջավախքի հայերի հարցն են բարձրացնում՝ կոչ անելով փոխել Վրաստանի Սահմանադրությունը: Այսինքն՝ Ադրբեջանը մեր թշնամին է, Վրաստանը մեր բարեկամը չէ… Համաշխարհային հանրությանը ներկայանում են օկուպացված ու քաղաքակիրթ Ադրբեջանը, որ ջատագովում է տարածքային ամբողջականության անխախտության բոլոր պետությունների համար նախընտրելի սկզբունքը եւ բոլոր հարեւաններից տարածքային պահանջներ ունեցող Հայաստանը (չէ որ մերն էին նաեւ Ուրմիա լիճը, Խոյը, Սալմաստը), որ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի մեջ է, չունի նավթ ու ճանապարհներ…8230Ինքներդ ընտրեք՝ ու՞մ կգերադասեիք: Ահա մեր կոմպլեմենտարության արգասիքը: Իսկ Ռուսաստա՞նը: Ռուսաստանը, որ նախագահ Պուտինի խելամիտ բացատրությամբ՝ «կուլ է գնում» Հայաստանի խորամանկ նախագահի քաղաքականությանը՝ իր մեծ գործարանները Ռուսաստանին պարտքի դիմաց հանձնելով՝ ռուսական կապիտալը Հայաստան բերելու առումով, միշտ էլ ունեցել է ու ունի միայն սեփական շահեր. նախ վերհիշենք՝ ինչու ու ինչպես կորցրինք Վանն ու Կարսը, հետո հիշենք, որ անցյալ տասնամյակում արդեն նոր Ռուսաստանն ապացուցել է, որ Այսրկովկասում միայն փոքրիկ Հայաստանով չեն սահմանափակվում իր մարտավարական ու ռազմավարական շահերը: Ռուսաստանին պետք է ծով ու պետք է Աբխազիան, ուրեմն Ռուսաստանը չի հրաժարվելու Վրաստանից, Ռուսաստանը չի կարող ԱՄՆ-ին զիջել Ադրբեջանը՝ որքան էլ խորանան ու ընդլայնվեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Ռուսաստանը չի կարող հրաժարվել եւ Հայաստանից՝ իր «ռազմավարական գործընկերոջից»: Անշուշտ, տարբեր ատյաններում ու հանդիպումներում արարողակարգային ամեն ինչ ասվում է, բայց ինչպես ռուս ցարերի ժամանակ էր՝ Հայաստանը առանց հայերի ավելի նախընտրելի է: Իրական տնտեսական քաղաքականությունը այդ է վկայում: Պարզապես Կրեմլում հիանալի գիտեն՝ հայերը հեռանալու տեղ չունեն. ռուս սահմանապահներն են կանգնած ԱՊՀ-ի հայաստանյան սահմաններին: Վաշինգթոնն ու Մոսկվան աշխարհաքաղաքական հետսեպտեմբերյան խաղատախտակին նույն թիմից հանդես չեն գալիս, պարզապես երկուսի նպատակն էլ սեփական խաղը խաղալն է: Միայն որոշ երկրներ կարող են իրենց թույլ տալ ուրիշի խաղում զինվորիկներ չլինել: Մենք այդ երկրներից չենք: Մենք ունենք արտաքին ու ներքին խնդիրների չլուծման հաստատուն կամք, որովհետեւ լուծումը ակնհայտորեն հանգեցնելու է հերթական իշխանափոխության: ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել