Լրահոս
Օրվա լրահոսը

Տոմարական թուականին հայոց ՌՆԽ – ՌՆԾԱ

Նոյեմբեր 03,2001 00:00

ՎԱՐԿ ՀԱՅՈՑ Տոմարական թուականին հայոց ՌՆԽ – ՌՆԾԱ Առաջին կամ ռոմանտիկ շրջան Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը սկսել է ձեւավորվել 1992 թվականից: Անցած տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հետ կնքվել է 50-ից ավելի վարկային պայմանագիր: Վարկերի նկատմամբ մեր երկրի ֆինանսական ղեկավարության վերաբերմունքը միշտ էլ կարելի է գնահատել ոչ իրատեսական (կամ`ռոմանտիկ): Հենց սկզբից համարյա ցնծությամբ էր ընդունվում յուրաքանչյուր վարկային պայմանագրի կնքում: Միջոցներ ներգրավվում էին տնտեսության ամենատարբեր ոլորտների համար` գյուղատնտեսություն, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ եւ այլն: 90-ականների առաջին կեսին ճգնաժամի պատճառով քայքայվեց երկրի արտադրական համակարգը, բյուջեի եկամտային մասը տարեկան կազմում էր 250-300 մլն դոլար: Այս պարագայում Հայաստանի կառավարությունը շարունակում էր վարկային պայմանագրեր կնքել: Միաժամանակ՝ խորհրդարանը անխափան հոսքագծի նման հաստատում էր դրանք՝ մեծացնելով երկրի արտաքին պարտքը: 94-95 թթ. Կենտրոնական բանկն էլ իր հերթին մոտ 242 մլն դոլարի վարկային պայմանագիր կնքեց: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Կենտրոնական բանկի պարքերի պատմությունը: ՀՀ օրենսդրությամբ երկրի անունից կնքված բոլոր վարկային պայմանագրերը պետք է վավերացնի Ազգային ժողովը: ՀՀ ԿԲ-ի կնքած բոլոր վարկային երեք պայմանագրերը, որոնք կնքվել են 1995 եւ 1996 թթ., առայսօր խորհրդարանի վավերացմանը չեն ներկայացվել: Այս տարօրինակ փաստի քիչ թե շատ պաշտոնական միակ բացատրությունը կարելի է համարել ԱԺ Վերահսկիչ պալատի 1997 թ. տարեկան հաշվետվությունը: Այնտեղ արձանագրված է հետեւյալը. «համաձայնագրերը չեն վավերացվել՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության բնօրինակների բացակայության պատճառով»: Նույնիսկ այդ՝ վարկային ռոմանտիկ շրջանում ակնհայտ էր, որ երկրի տնտեսությունը ի վիճակի չի լինելու ժամանակին վերադարձնել արտաքին պարտքը: Այդ ժամանակաշրջանում վերցվեցին մի քանի վարկեր, որոնք տնտեսական իմաստով անիմաստ էին: 1993 թ. Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար 57 մլն 400 հազար դոլար արժողությամբ վարկային պայմանագիր կնքվեց: Եվ միայն 1997-ին, երբ արդեն ծախսվել էր մոտ 46 մլն դոլար, պարզվեց, որ գումարը բավարար չէ շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Անհրաժեշտ էին նոր գումարներ կիսակառույց էներգաբլոկի բարդ ինժեներատեխնիկական կառույցը կոնսերվացնելու համար։ Մյուս կողմից՝ հենց 97-ի գարնանն ավարտվեց վարկի արտոնյալ ժամկետը եւ առաջիկա 10 տարիների ընթացքում հարկավոր էր վերադարձնել տնտեսական իմաստով անարդյունավետ ծախսված 46 մլն դոլարի պարտքը, որին պետք է գումարել յուրաքանչյուր տարի ավելացող տոկոսը։ Նշենք, որ այդ տարիներին (ինչպես նաեւ այսօր) արտաքին պարտքի աճից զգուշացնող մասնագետներին երկրի ֆինանսական ղեկավարները պատասխանում էին, որ վարկերը ներգրավվում էին արտոնյալ պայմաններով։ Իսկապես, արտաքին վարկերի 74 տոկոսը տրվել են արտոնյալ պայմաններով։ Այսինքն` վարկային միջոցների տրամադրումից հետո որոշակի ժամանակահատված (ասենք՝ 2, 3, կամ 10 տարի) վարկատու կողմը չի ակնկալում ոչ բուն գումարի, ոչ էլ տոկոսադրույքի վճարումներ։ Բայց միեւնույն է, այդ արտոնյալ ժամկետները սահմանափակ են։ Երկրի տնտեսության նույնիսկ պաշտոնապես գրանցվող աճը ի վիճակի չէ «հասնել» արտաքին պարտքի ետեւից։ Ձախողված (կամ՝ ռոմանտիկ) վարկի օրինակ կարելի է համարել «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի վարկը։ Մոտ 23 մլն արժեցած այդ համալիրն այսօր աշխատում է վնասով։ Փոխարենը՝ պետությունը միայն այս վարկի դիմաց վճարել է 4 մլն 200 հազար դոլար՝ որպես տոկոսավճար, եւ 8 մլն 400 հազար դոլար՝ հիմնական գումարի մարման համար։ Այս եւ այլ ձախողված (օրինակ՝ նաեւ գյուղատնտեսական մեծածախ շուկայի), ինչպես նաեւ տնտեսական իմաստով արդարացված վարկերը այսօր ահռելի չափերի են հասցրել արտաքին պարտքը: 2001 թվականի սկզբին ՀՀ արտաքին պարտքը մոտ 860 մլն դոլար էր։ Գումար, որը 2 անգամից ավելի գերազանցում է երկրի բյուջեի եկամուտները։ Երկրորդ կամ հետռոմանտիկ շրջան Համաշխարհային տնտեսության մեջ ընդունված չափանիշներով երկրի արտաքին պարտքը չպետք է գերազանցի տվյալ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսի սահմանը։ Գերազանցելու դեպքում այդ երկրի տնտեսական ու ֆինանսական համակարգերը գնահատվում են որպես կործանվող։ Հայաստանի ֆինանսատնտեսական ցուցանիշները մոտ են այս պատկերին։ Պաշտոնական տվյալներով՝ երկրի արտաքին պարտքը 98 թվականին կազմել է ՀՆԱ-ի 41 տոկոսը, 99-ին՝ 47 տոկոսը, իսկ 2000-ին՝ 45 տոկոսը։ Այս նույն տարիներին արտաքին պարտքի սպասարկման (հիմնական գումարների եւ տոկոսավճարների մարման) համար հատկացվել է բյուջեի եկամուտների 15-30 տոկոսը։ Վարկերը վերցնելու ռոմանտիկ շրջանում քաղաքական ու տնտեսական ոլորտի շատ ղեկավարներ վստահ էին, որ վարկատու միջազգային կազմակերպությունները եւ պետությունները ժամկետները լրանալիս պարտքերը չեն պահանջի։ Այսօր արդեն նման պնդումներ ու կարծիքներ չկան։ Բոլորն էլ համոզվեցին, որ պանիրն անվճար է միայն թալակում։ 2000 թվականին նախորդ տարիներին վերցված պարտքերի դիմաց պետությունը վճարել է 35 մլն դոլար։ 2001-2002 թվականներին Հայաստանը պարտավոր է վճարել մոտ 95 մլն դոլար։ Այս պարտավորությունը Հայաստանի տնտեսական ղեկավարությանը ստիպեց վերանայել վարկային քաղաքականությունը։ Արդեն 99-ին այդ տարիների ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը Ազգային ժողովում նշեց, որ այլեւս հնարավոր է վերցնել միայն խիստ նպատակային ու արտոնյալ երկար ժամկետ ունեցող վարկեր։ Արտաքնապես այս պատկերը կարծես պահպանվում է։ 95-99 թվականներին կնքվել է 39 վարկային պայմանագիր, իսկ 2000-2001 թվականներին՝ ընդամենը 5-ը։ Մյուս կողմից, հնարավոր է՝ վարկատուներն իրենք էլ են զգուշանում նոր պարտքեր տրամադրել, քանի որ Հայաստանին չի հաջողվում ժամանակին կատարել պարտքերի մարման գրաֆիկը։ Հայաստանի կառավարությանն առայժմ հաջողվում է բանակցությունների միջոցով հետաձգել որոշ ծրագրերի մարումը։ Ի դեպ, մեր ամենաանհանդուրժող պարտատերը Ռուսաստանն է։ Բոլոր վարկատուներից միայն ՌԴ-ն է տույժեր գանձել պարտքերի մարման գրաֆիկը խախտելու համար (մոտ 3,5 մլն դոլար)։ Ներկայացվող գրաֆիկից ակնհայտ է, որ մինչեւ 2005 թվականը յուրաքանչյուր տարի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է հատկացնել 40 մլն դոլարից ավելի գումար։ Տնտեսության այսօրվա վիճակից երեւում է, որ դա հնարավոր չի լինի: Ավելացնենք, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը արդեն վերադարձրել է մոտ 126 մլն դոլար։ Սրա մեջ չի մտնում Կենտրոնական բանկի արտաքին պարտավորությունների գծով մարումը (ինչը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30 մլն դոլար)։ Ընդ որում` գումարի կեսից ավելին` 69 մլն դոլարը մուծվել է որպես տոկոսավճար: Նման մեծ թիվն ապացուցում է, որ թե վարկ վերցնելիս, թե պարտքերը վերադարձնելիս միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու պարտապան երկրները առանձնահատուկ վերաբերմունք չունեն Հայաստանի նկատմամբ: Ինչը միանգամայն բնական է ֆինանսատնտեսական հարբերություններում: Մինչդեռ մեր երկրի ղեկավարությունը վարկ վերցնելու փաստը սովորաբար ներկայացնում է որպես բարեհաճ վերաբերմունքի արդյունք: Թաքցնելու տրամաբանությունը Հայաստանում ֆինանսատնտեսական գործառույթները տրամաբանական իմաստով անբացատրելի են: Կամ խիստ առանձնահատուկ տրամաբանություն ունեն: Բոլոր լուրջ տնտեսական գործարքները (սեփականաշնորհում, վարկերի ներգրավում) տեղի են ունենում հասարակության համար գաղտնիության պայմաններում: Համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանը կարելի է համարել եզակի օրինակ: Այսօր Հայաստանի բնակչությունը որեւէ չափով տեղեկացված չէ, թե ինչ պայմաններով է իրականացվել խոշոր (եւ ոչ միայն) օբյեկտների սեփականաշնորհումը: Համաշխարհային տնտեսության պատմության մեջ հնարավոր չէ գտնել նման այլ օրինակ, երբ սեփականատերը (ժողովուրդը) չգիտե, թե ի՞նչ պայմաններով են օտարել նրա սեփականությունը: Արտաքին պարտքի պարագայում էլ նույն գաղտնիությունն է: Պարտքի իրական տերը (ժողովուրդը`ով վերադարձնելու է պարտքը) իրազեկված չէ, թե ինչպես են ծախսվում վարկային միջոցները: 1998 թ. Արմեն Դարբինյանի կառավարությունը առաջինն էր, որ խորհրդարանին ներկայացրեց վարկային ծրագրերը սպասարկող գրասենյակների հաշվետվությունները: Սակայն այդ հաշվետվություններն ընդհանուր վերլուծության ենթարկելն անհնար է: Գրասենյակները հաշվետվությունները ներկայացրել էին ոչ թե միասնական ձեւով (ստանդարտով ), այլ՝ ով ինչպես ցանկացել էր: Այդ հաշվետվությունները ժամկետի առումով էլ միասնական չեն, ներկայացված են տարբեր ամսաթվերի դրությամբ (օրինակ` հուլիսի 1, մարտի 1, հունվարի 1): Մոտ երեք տարի անց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց նոր հաշվետվություն, որն ամփոփում է վարկերի միայն մակրո (ընդհանուր) թվերը: Միասնականությունն այստեղ եւս խախտված է, վարկերը ներկայացված են տարբեր տարադրամներով (ռուսական ռուբլի, ճապոնական իեն եւ այլն): Որոշ վարկերի մասին տեղեկատվությունը բացակայում է, ինչն անհնար է դարձնում արտաքին պարտքի ընդհանուր վերլուծությունը: Եվ նորից պարտքի իրական տիրոջը`ժողովրդին անհայտ է մնում, թե իր անունից որքա՞ն, ի՞նչ նպատակով են պարտք վերցրել եւ, որ ամենակարեւորն է, ինչպե՞ս են ծախսվել ու ծախսվում այդ գումարները: ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցությունhome.media.am/hetg

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել