Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ

Նոյեմբեր 03,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ Մուշեղ Մովսիսյանը Հոկտեմբերի վերջին Մոսկվայում տեղի ունեցած «Հակաքրեական եւ հակաահաբեկչական համաշխարհային ֆորումում» ըստ արժանվույն ներկայացված էր նաեւ Հայաստանը՝ ի դեմս «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության նախկին կասկածյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի: Պրն Մովսիսյանը ֆորումում ելույթ ունեցավ հետեւյալ զեկույցով՝ «Ցեղասպանածին պետական մտածողությունը եւ միջազգային կազմակերպված ահաբեկչությունը»: Տեսնո՞ւմ եք, ինչ լավ է, երբ մարդ մոտիկից է ծանոթ թեմային եւ գիտի, թե ինչի մասին է զեկուցում: Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ Բյուրոյի անդամը զարմանալի նրբանկատություն ցուցաբերեց ներկայումս գործող կաշառակերների եւ կոռուպցիայի մեջ խառնվածների նկատմամբ: Նա չի կարող տալ այդ մարդկանց անունները, որովհետեւ մարդկանց հանցագործ կարող է անվանել միայն դատարանը: Պետք է ասել, որ վերջին երեք տարում պրն Հովհաննիսյանի իրավական գիտելիքներում զգալի առաջընթաց է նկատվում: Ուղիղ երեք տարի առաջ, 98-ի հոկտեմբերի 30-ին, Դաշնակցության կազմակերպած հանրահավաքում պրն Հովհաննիսյանը եւ «Պադոշ» մականունով նրա կուսակցական ընկերը քրեական բազմաթիվ մեղքեր վերագրեցին այն ժամանակ արդեն իշխանությունից հեռացած Էդվարդ Եգորյանին, Վահագն Խաչատրյանին, Դավիթ Շահնազարյանին, Վիգեն Խաչատրյանին եւ այլոց: Երեք տարում այդ մեղքերը ոչ միայն չապացուցվեցին դատարանով, այլեւ դատախազությունն անգամ չփորձեց որեւէ գործողություն սկսել հիշյալ գործիչների դեմ: Կասյա Աբգարյանը 99-ի հոկտեմբերի 27-ի գիշերը տիկին Աբգարյանը վստահաբար զեկուցեց CNN-ին, որ ահաբեկիչների ետեւում ոչ ոք չկա եւ նրանց ոչ ոք չէր ուղղորդում: Իսկ անցած շաբաթ նա բացատրեց «Առավոտին», թե ինչու էր այդքան համոզված. «Ինձ ուղղակի տեղեկություն էր հասել, որ կատարվածը կապված չէ քաղաքական որեւէ շարժման հետ եւ ընդհանրապես քաղաքական չէ, այլ ավելի շատ՝ անձնական»: Հետաքրքիր է, այդ ո՞վ էր հոկտեմբերի 27-ի գիշերը Գասյային հաղորդել սույն անգնահատելի տեղեկությունը. Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ անձամբ Նաիրի Հունանյանը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել