ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Պետականության ապահով հիմնարկեք Իշխանությունը վարող քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի գնահատականը պետք է հենվի նրանց գործունեության արդյունքի վրա, ընդ որում՝ հաշվի առնելով նաեւ այն բազան, որը նրա կողմից ժառանգվել էր: Հայաստանում առկա էին ԽՍՀՄ փլուզման հետեւանքով առաջացած բոլոր ընդհանրական բնույթի դժվարությունները, ինչ մյուս հանրապետություններում: Դրանց գումարվում էր խնդիրների մի այլ խումբ, որն իր ծավալով ոչ միայն կրկնապատկում, այլեւ բազմապատկում էր այդ դժվարությունները. ա) տնտեսական խուլ շրջափակումը, բ) բռնագաղթվածների հոծ զանգվածը, գ) երկրաշարժից 1/3-ով ավերված երկիր, դ) Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ, ե) Հայաստանի Հանրապետության սահմանափակ ռեսուրսներ եւ այլն: Հետաքրքիր է, որ որեւէ մեկի մեջ հարց չառաջացավ. ինչպե՞ս է, որ գտնվելով ելակետային ամենաաննպաստ պայմաններում, փաստորեն բոլոր պարամետրերով մի քանի անգամ զիջելով Ադրբեջանին, կարողացանք նրա նկատմամբ հասնել այն առավելությանը, ինչը կար 1994-98-ին: Ո՞րն է եղել մեր հաջողություններին հասնելու մեխանիզմն ու գրավականը: Թերեւս դեռ «Ղարաբաղ» կոմիտեի շրջանից Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ տեղ էր տալիս ղեկավարման կոլեգիալության սկզբունքին: Կարեւորագույն հարցերը քննարկվում էին անբռնազբոս, երկարատեւ, համբերատար, բոլոր դետալներով: Քննարկման մասնակից ամեն մեկն ուներ ազատ արտահայտվելու իրավունք: Դա հնարավորություն էր տալիս ընտրելու հարցերի լուծման առավել ճիշտ տարբերակը: Սակայն սա շատ քիչ էր խնդիրների արդյունավետ լուծումներն ապահովելու համար: Պետականության կառուցման կարեւորագույն բնագավառները ղեկավարող պաշտոնյաներն ունեին լիակատար իրավասություններ, բայց նաեւ պատասխանատվություն: Նկատի ունենք մասնավորապես օրենսդիր մարմինը, կառավարությունը, պաշտպանությունը եւ ներքին գործերը: Սրանց վրա էր առաջին հերթին կառուցվում պետությունը: Առաջին Գերագույն խորհուրդը շեշտված յուրահատկություններ ուներ: Բնական պատճառներից մեկը պարզապես երբեւէ օրենսդիր մարմնի նախադեպը չունենալը՝ ավանդույթի բացարձակ բացակայությունն էր: Կոմունիստական շրջանի նույնանուն մարմինը իր եւ կազմով, եւ աշխատանքի մեթոդներով շատ հեռու էր դրական որեւէ ավանդույթ փոխանցելու կարողությունից: Գեթ սկզբնական շրջանում պատգամավորների մեծագույն մասը շատ հեռու էր ոչ միայն օրենսդրական աշխատանքը պատկերացնելուց, այլեւ իր իրավունքներն ու պարտականությունները ճանաչելուց: Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանից տիտանական համբերությունից սկսած մինչեւ մանկավարժական նրբանկատություն էր պահանջվում այս ըստ էության ամենադժվարին օղակը ղեկավարելու, բնական, նաեւ արհեստածին հակասություններն ու հակամարտությունները հարթելու, անհրաժեշտ օրենսդրական արտադրանքն ապահովելու համար: Կառավարությունը, որպես քաղաքական ծրագիր իրականացնող գործադիր մարմին, որոշ խարխափումներից հետո վերջնականապես իր դեմքը գտավ Հրանտ Բագրատյանի օրոք: Ի սկզբանե որդեգրած բարեփոխումների կուրսը տարբեր բնագավառներում շարունակվեցին: Բարեփոխումները սովորաբար տվյալ բնագավառում նախ անկում են արձանագրում, դրանց դրական արդյունքները երեւում են ավելի ուշ: Սեփականաշնորհման, ազատ շուկայական հարաբերությունների անցման, գների ազատականացման եւ մյուս բարեփոխումները փաստական պատերազմի մեջ գտնվող երկրում այդ ուշացումն ավելի տեւական պետք է լիներ: Հիշենք, որ 1993-94թթ. համար ասվում էր, թե Ղարաբաղում մեկ օրում ռազմական տեխնիկան այնքան վառելիք է ծախսում, որ կբավարարեր ամբողջ երկրի գարնանացանը իրականացնելու համար: Եվ, այնուամենայնիվ, ստրատեգիական խնդիրները լուծելու համար իշխանությունները երբեք չխորշեցին գնալ ոչ պոպուլիստական քայլերի: Բանակի կազմավորումը դրված էր Վազգեն Սարգսյանի վրա: Նախորդ տարիներին ինքնապաշտպանական ջոկատների զանգվածային առաջացումը մի կողմից դրական նախադրյալ էր ստեղծել խնդրի լուծման համար, մյուս կողմից, սակայն, ավելի մեծ պրոբլեմներ առաջացրել: Դրված խնդիրը՝ ֆիդայականության որոշակի հատկանիշներ որդեգրած այդ ջոկատներից եւ կանոնավոր զորակոչով հավաքած նորակոչիկներից կանոնավոր բանակ ստեղծել՝ պարզագույններից չէր: Իսկ դրա հետ միասին շարունակվում էին պատերազմական գործողությունները Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Եվ, վերջապես, կենսականորեն անհրաժեշտ էր ապահովել երկրի ներքին կարգուկանոնը եւ ներքաղաքական կայունությունը: Անվերահսկելի տարիներին բազմաքանակ զենք էր անցել տարբեր մարդկանց, այդ թվում նաեւ հանցագործ տարրերի ձեռքը: Ոմանց համար ֆիդայությունը դարձել էր փեշակ ու զբաղմունք՝ Երեւանի փողոցներում: Գիշերները, երբեմն նաեւ ցերեկները, քաղաքի արվարձանները հրաձգարաններ էին հիշեցնում: Լինում էին նաեւ մարդկային զոհեր: Վանո Սիրադեղյանի համառ ջանքերի եւ կտրուկ միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում իրավիճակը կարգավորվեց: Այս չորս հիմնական սյուների վրա էին հենվում պետության հիմքերը եւ կառույցը: Այս օղակների աշխատանքը եւ ջանքերը արդյունավետ էին, միմյանց չէին բախվում, միմյանց չէին խանգարում, քանի որ ագուցվում, համակարգվում, ներդաշնակվում էին հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքում: Հանրապետության նախագահի առաջին հարցը, բնականաբար, Ղարաբաղի խնդիրն էր: Չմտնելով հայտնի դեպքերի մանրամասների մեջ՝ արձանագրենք, որ զինական հաջողություններից հետո 1994թ. գարնանը ազատագրված էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ նրա շուրջը ստեղծված էր ապահով լայնաշերտ ցամաքային գոտի: Ռազմաճակատի գիծն անցնում էր աշխարհագրական առումով ամենաբարենպաստ դիրքերով: Հայաստանի հետ ցամաքային կապը ոչ թե մի միջանցք էր, այլ ձգվում էր ողջ արեւմտյան սահմանով մինչեւ Արաքսի ափը: Այս ընթացքում Հայաստանի նկատմամբ միջազգային որեւէ աննպաստ փաստաթուղթ չէր արձանագրվել: Ղարաբաղը ձեռք էր բերել փաստական բացարձակ անկախություն: Ուժերի հարաբերակցության տվյալ պայմաններում Ադրբեջանն ստիպված էր զինադադար կնքել՝ հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Ղարաբաղի հարցը միջազգայնացվել էր, Ղարաբաղը ճանաչվել էր որպես հակամարտության եւ բանակցային լիարժեք կողմ: Այդ իրավիճակը պահպանվում էր ընդհուպ մինչեւ 1998թ. եւ այդպես էլ փոխանցվեց հաջորդ իշխանությանը: Նորանկախ պետությունների ներքին անցուդարձին ուշի ուշով հետեւող միջազգային կազմակերպությունները բարձր էին գնահատում Հայաստանում կատարվող բարեփոխումները ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ժողովրդավարացման գործընթացների ասպարեզում: Հայաստանը տարածաշրջանում գնահատվում էր որպես «ժողովրդավարության կղզի»: Պատերազմական իրավիճակի հաղթահարումից քիչ անց, էներգետիկ բնագավառում կատարված արմատական բարեփոխումների շնորհիվ հնարավոր եղավ ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում (ինչին առ այսօր շատերը դեռ չեն հասել): Որպես տնտեսական աշխուժացման եւ ապագայի հեռանկարի ապացույց՝ վկայում էր այն փաստը, որ սկսեցին արագորեն աճել անշարժ գույքի գները: Արտագաղթի տեմպերը դանդաղեցին, իսկ 1996-97թթ. վերադարձողների թիվն արդեն գերազանցում էր արտագաղթողների թվին: Վերջնական խաղաղության հաստատումը այս գործընթացը դարձնելու էր անդարձելի: Որպես պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիանալի գիտակցում էր, որ թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ հաջողությունները եւ ձեռքբերումները կարող են ժամանակավոր եւ խաբուսիկ լինել, մի օր փլուզվել, եթե հասարակական պատկերացումները պետականության մասին հենվում են սխալ եւ կեղծ արժեքային համակարգի վրա: Պետականությունից, ուստի եւ իրական քաղաքական պատկերացումներից զուրկ հասարակության մեջ պարարտ հող կար այնպիսի հասկացությունների տարածման համար, ինչպես «ազգային միասնություն», «ազգային գաղափարախոսություն», «ազգային պետություն» եւ այլն: Իրենք էլ չհասկանալով, թե ինչ են դնում այս հասկացությունների տակ, դրանք միաժամանակ հակադրում էին պետականության այն ընդունված ու սովորական սկզբունքներին, որոնցով առաջնորդվում ու զարգանում է ցանկացած նորմալ եւ բանական պետություն: Անշուշտ, երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր նաեւ չանդրադառնալ նմանօրինակ «գաղափարական» հարցերի, անգամ երբեմն դրանցից օգտվել՝ հանուն իշխանության պահպանման: Սակայն պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող հրապարակավ դրանք կեղծ քաղաքական կատեգորիաներ չանվանել, թեկուզ դրանով իսկ իր դեմ հարուցելով «ազգայնականության» ողջ բանակի վայնասունը: Որպես պետական գործիչ, նա շատ լավ էր հասկանում, որ այդ կատեգորիաները ցանկացած պետականության հիմքերում դրված վտանգավոր ականներ են, որ դրանց վրա պետություն չի հիմնվի, որ դրանց պատճառով պետություն կխարխլվի: Միայն իշխանության պահպանման հարց դնող նախագահը չէր հայտարարի, որ Հայ դատը եւ դրանից բխող պահանջատիրությունը չի կարելի դնել պետական քաղաքականության հիմքում, նույնիսկ եթե նրա իշխանության շրջանում ամենաշատը եղան ցեղասպանության ճանաչումները: Պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ տարբերակում էր ցանկալին հնարավորից, իրատեսականը երազայինից, եւ շրջափակման կապանքներից ազատվելու, հարեւանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու կենսական նշանակությունը երկրի զարգացման համար: Իշխանությունը պահելու նպատակ դրած քաղաքական գործիչը կարող էր տեղի տալ «հայտնի ուժերի» եւ հասարակական անպատրաստ տրամադրվածության առջեւ, այդպես վճռականորեն հանդես չգալ Ղարաբաղյան հակամարտությունը լավագույն պահին լուծելու օգտին եւ այն ձգել մինչեւ իր իշխանության ավարտը: Սակայն պետական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, թե ինչպիսին են լինելու հետագա զարգացումները (հասկանում եւ ճգնում էր բացատրել ու համոզել բոլորին): Ուստի չէր կարող իրեն թույլ տալ երկիրը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը իր հաջորդին փոխանցել այն պայմանների մեջ, ինչում հայտնված ենք այսօր: Զգաստացնելու համար հասարակությանը եւ քաղաքական ուժերին՝ նա դիմեց վերջին՝ ծայրահեղ՝ հրաժարականի քայլին: – Ինչպիսին էլ որ լինի այսօր վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, դա ճակատագիր է, որ հատուկ է բոլոր պետական գործիչներին, որոնք գտնվել եւ գործել են կարեւորագույն պատմական հանգույցներում: Էականը հետեւյալն է, որ պատմության մեջ նա մնալու, գնահատվելու է որպես գործիչ, որի օրոք ա) Հայաստանը վերականգնել է իր անկախությունը, բ) Հայ ժողովուրդը տարել է զինական հաղթանակներ եւ ազատագրել Ղարաբաղը, գ) Հայաստանը դարձել է միատարր երկիր, դ) Հայաստանում դրվել են ժողովրդավարության հիմքերը, ե) Հայաստանում դրվել են ազատ շուկայական հարաբերությունների հիմքերը։ Եթե կարող է բանավեճ լինել, ապա միայն այն հարցում, թե այս ձեռքբերումներից որ մասն է նրա անձնական եւ որ մասը՝ նրա ղեկավարած քաղաքական թիմի վաստակը: Բանավեճ, որից ցանկացած դեպքում կշահեն երկուստեք: ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ