ԱՎԵԼԻ ՔԱՆ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Երկու տարի անընդմեջ «Հոկտեմբերի 27»-ի մասին խոսելիս ու գրելիս ամեն անգամ տպավորություն է ստեղծվում, թե կատարվածի մասին արդեն ամեն ինչ ասված ու գրված է, թե չկա առանցքային այնպիսի մի փաստ, որն ուշադրությունից վրիպած լինի, բայց իրականությունն այլ է: «27»-ի գործով ընթացող դատավարությունը, ինչպես եւ սպասվում էր, նոր ու հետաքրքիր փաստեր է արձանագրում՝ չնայած դատարանի վրա՝ քաղաքական գործիչների ու փաստաբանների վկայակոչած աներեւույթ ճնշումների: Ահավասիկ, դատաքննության ընթացքում գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւը դատավարության կողմերի, նաեւ՝ հանրության ուշադրությունը փորձեց հրավիրել առայժմ շատ վատ ուսումնասիրված մի փաստի վրա, որը նրա պնդմամբ, կարող էր լույս սփռել որոշակի հանգամանքների վրա, որոնք, թերեւս, պետք է հետաքրքրեն նաեւ «27»-ի գործից անջատված մասով ընթացող նախաքննությանը: Խոսքը 99-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ընթացող նիստի ու ոճրագործության՝ այսօր արդեն իրեղեն ապացույց դարձած տեսագրության մասին է: Փաստաբանը դատաքննության ընթացքում միջնորդել էր՝ իբրեւ իրեղեն ապացույց դատաքննությանը հանձնված հիշյալ տեսաժապավենը մասնագիտական փորձաքննության ենթարկել, ընդ որում՝ Ռուսաստանում: Իր այդ միջնորդությունը պարոն Յունոշեւը հիմնավորել էր նրանով, որ ՀՀ Քրդատօրենսգրքի համաձայն, դատարանը պարտավոր է ուսումնասիրել նախաքննությամբ ձեռք բերված եւ գործում առկա իրեղեն ապացույցները, ու քանի որ կոնկրետ տեսաժապավենի՝ բնօրինակը լինելու հանգամանքը կասկածի տակ է առնվել, ապա առավել եւս՝ պարտադիր կերպով պետք է այն փորձաքննության ենթարկի՝ դատաքննության կողմերից որեւէ մեկի կասկածները փարատելու համար: Փորձաքննություն նշանակելու եւ առկա կասկածները ցրելու իր պահանջը փաստաբանը փաստարկել էր նաեւ նրանով, որ տեսաժապավենն անգամ անզեն աչքով նայելիս ակնհայտ է, որ 99-ի հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստերի դահլիճում արված տեսագրության պատկերը մինչեւ ահաբեկչության պահը բավական որակյալ է: Այն միանգամից աղավաղվում եւ կանաչավուն երանգ է ստանում ահաբեկիչների ԱԺ մուտք գործելուց հետո: Ավելին, այդ պահից ի վեր տեսագրության ձայնը դեֆեկտներով լինելուց բացի, նաեւ ձեռք է բերում դրվագային բնույթ: Ի դեպ, այդ հանգամանքը կարող են փաստել կամ հաստատել նաեւ այն քաղաքացիները, ովքեր հնարավորություն են ունեցել հեռուստաեթերում տեսնել մատնանշված տեսագրությունը: Փաստաբանը կասկած է հայտնել, թե գործում հայտնված տեսաժապավենը կողմնակի միջամտության է ենթարկվել: Նա չի բացառել, որ ոճրագործության պահը ֆիքսող ժապավենը կեղծվել է, ասենք՝ բնօրինակից ջնջվել, հանվել են առանձին հատվածներ, մոնտաժվել են, կողմնակի ձայներ են ավելացվել: Նա նաեւ կասկած է հայտնել, թե տեսաժապավենի աղավաղումը կարող է կողմնակի միջամտության արդյունք լինել՝ արդեն բացահայտված հանցագործներին ոճրագործությանը մասնակից եւ տակավին ի հայտ չբերված այլ մասնակիցներին նմանեցնելու համար: Այդ ամենն, ի դեպ, ըստ Յունոշեւի, միանգամայն հնարավոր է անել համակարգչային եւ տեխնիկական այլ միջոցների օգնությամբ: Անկախ այն բանից, թե փաստաբանի կասկածներն իրականում որքան հիմնավոր են, դատարանն ու դատավոր Ս.Ուզունյանը պարտավոր էին բավարարել միջնորդությունը, քանի որ այն կարող էր առանցքային լինել ինչպես ընթացող դատաքննության, այնպես էլ անջատված մասով ընթացող նախաքննության համար՝ ոճրագործության մանրամասներն ի հայտ բերելու եւ հնարավոր կազմակերպիչներին բացահայտելու համար: Բայց դատարանը անհիմն պատճառաբանությամբ մերժել էր միջնորդությունը: Այն, որ դրանում կարող էին շահագրգիռ լինել այն մարդիկ, ովքեր տակավին հայտնաբերված չեն, բայց որոնց մասին խոսում են՝ իբրեւ ոճրագործության հանցակիցների կամ կազմակերպիչների, ակնհայտ է: Իսկ Յունոշեւի միջնորդությունն ավելի քան արդարացված կարելի է համարել՝ ծանոթանալով Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի եւ գործով նախկին մեղադրյալ, տնօրեն Հարություն Հարությունյանի տված շատ հետաքրքրական ցուցմունքներից, որոնցից վերջիններս չեն հրաժարվել: Դրանք, իհարկե, առանձին քննարկման նյութ են: Առայժմ հարկ ենք համարում վկայակոչել Տ.Նաղդալյանի ցուցմունքն այն մասին, որ նա դեպքից 2 ժամ անց ոճրագործությունը ֆիքսող տեսաժապավենները գերադասել է «հեռուստատեսությունում չպահել եւ, որպես իմ կողմից առավել վստահված անձերից մեկի, Հ.Հարությունյանին խնդրեցի դրանք տեղափոխել որեւէ ապահով վայր»: Հ.Հարությունյանը մինչ այդ նշել էր, թե ժապավենը ինքը վերադարձրել է նույն օրը: Վերջինս, ի դեպ, տեսաերիզն ապահով վայր տեղափոխելու համար գումարտակից լրացուցիչ ուժեր էր խնդրել: Որքան հիշել է Տ.Նաղդալյանը, դրանք հեռեւստատեսություն են վերադարձվել հաջորդ օրը միայն: Վերջինս վստահեցրել է, թե այդ ձայնագրությունների հետ ոչ մի գործողություն չի կատարվել: Իսկ ո՞վ կարող է դա հաստատել, եթե ոչ դատարանը՝ փորձաքննության ենթարկելով իր տրամադրության տակ առկա տեսաժապավենի իսկությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ