Փնտրվում են «դեմքեր» Նախագահի նախկին խորհրդական Կասյա Աբգարյանը երկար տարիներ աշխատում էր Ամերիկայի Հայկական համագումարում, ուստի, հետաքրքիր էր նրա տեսակետն այժմ այդ կառույցին առնչվող իրողությունների վերաբերյալ։ Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբին Հայկական համագումարի ղեկավար Վան Գրիգորյանի անդամակցությունը քննադատության թիրախ դարձրեց համագումարի ողջ գործունեությունը։ Իսկ Կասյա Աբգարյանը, որն, իր պատմելով, պահպանել է անձնական շփումները համագումարի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս է վերաբերվում հանձնախմբի ստեղծման նախաձեռնությանը. «Իմ կարծիքով, այդպիսի հանձնախմբի նպատակը, դրվածքը, գաղափարը շատ ճիշտ է։ Այդպիսի բան պիտի՛ լինի՝ զուգահեռ պետությունների աշխատանքին։ Խնդիրը հետեւյալն է՝ այդ հանձնախմբում չպիտի լիներ իմ ընկերը՝ Հայկական համագումարի ներկայացուցիչը կամ թեկուզ Դաշնակցության որեւէ անդամ եւ այլն։ Պիտի ընդգրկվեին այնպիսի մարդիկ, ովքեր ավելի բարձր կարգավիճակ ունեն՝ ներկայացնում են որեւէ ուժ, կարելի է՝ նաեւ պետությունը։ Օրինակ, ԱՄՆ-ում նման հանձնաժողովներում ընդգրկում են, ասենք, նախկին կոնգրեսականի, որն ունի կապեր, հասկացողություն եւ նրան հարգում են այն մյուս երկրներում, որոնք իրենց ներկայացուցիչներն ունեն այդ հանձնախմբում։ Այդպիսի՛ դեմքեր պիտի լինեն»։ Իսկ արդյոք, ասենք, արտգործնախարարի խորհրդական Դավիթ Հովհաննիսյանը կամ Վան Գրիգորյանը չե՞ն բավարարում այդ պահանջներին՝ չէ որ նրանք երկուսն էլ շփումներ, կապեր ունեն մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ եւ ընդհանուր առմամբ՝ նաեւ պատկերացում ոլորտի վերաբերյալ. «Այո, բայց նրանք միջազգայնորեն դեմք չեն ներկայացնում։ Կարող է Վան Գրիգորյանը դեմք է հայերի համար՝ լինի ԱՄՆ-ում կամ այստեղ։ Բայց կարո՞ղ է Վան Գրիգորյանը որեւէ բան է ներկայացնում թուրքական պետության կամ, թեկուզ, ֆրանսիացիների համար։ Այսինքն, նման հանձնախմբում պիտի ընդգրկվի այնպիսի անձ, որ արդեն ունեցել է պաշտոն, տիտղոս եւ դրա պատճառով՝ հարգանք, ռեզյումե եւ անցյալ։ Ու եթե հարկ լինի՝ կարող է նաեւ ճնշում բանեցնել»։ Այսպիսով, պարզ է դառնում, որ այդ ոչ պաշտոնական հանձնախմբին չի կարող անդամակցել ոչ ոք։ Քանզի մեզանում չկան այնպիսի գործիչներ, որոնք «դեմք» են միջազգային հանրության եւ առավել եւս՝ Թուրքիայի համար։ Հայաստանում թերեւս չկա այնպիսի մեկը, որը պաշտոնից զրկվելուց հետո կարողանա պահպանել իր ազդեցությունը եւ ներգործել պետական քաղաքականության վրա։ Եվ վերջապես՝ Հայաստանում, ցավոք, չկա այնպիսի «դեմք», որ հավասարապես ընդունելի լինի բոլորի համար եւ վայելի տարբեր բեւեռների հարգանքը։ «Հայաստանի պարագայում չեմ կարող օրինակ նշել, չեմ մտածել,- խոստովանեց Կասյա Աբգարյանը։- Բայց, օրինակ, կարող եմ նշել Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Հարի Գիլմորի անունը։ Հիմա նա չի աշխատում որպես դեսպան»։ Այսինքն, ԱՄՆ ներկայացուցի՞չը պիտի փորձի հայերի եւ թուրքերի հաշտեցման եզրեր գտնել։ «Նախաձեռնության մեջ պետք է նկատի առնեն ամե՛ն կողմի շահերը,- պնդեց տիկին Աբգարյանը,- դա չի նշանակում, որ այդ հանձնախումբը պիտի կարողանա վերջնականապես լուծել հարցեր՝ մանավանդ թուրք-հայկական հաշտեցումը մի քիչ գլոբալ հարց է։ Բայց այդ հանձնախումբը կարող է ինքն իր համար նույնիսկ առանձին ուժ դառնալ եւ ինքնուրույն գործոն, որը կարող է ազդել արտաքին հարաբերությունների վրա»։ Իսկ այդ հանձնախումբը, կարծես, արդեն դառնում է այդպիսի գործոն, սակայն՝ իրեն վերագրվող բացասական դերակատարությամբ։ Օրինակ, 907 բանաձեւի ուժը կորցնելու պատճառը նաեւ համարվեց այն, որ հայկական լոբբիստական կազմավորումների ջանքերը փոշիացել, պառակտվել էին նույն Թուրք-հայկական հանձնախմբի առնչությամբ Հայկական համագումարի եւ ԱՄՆ «Հայ դատի» գրասենյակի եւ Ազգային կոմիտեի տարաձայնությունների պատճառով։ Կասյա Աբգարյանը կտրականապես չհամաձայնեց, որ 907 բանաձեւի ուժը կորցնելը որեւէ պատճառահետեւանքային կապ ունի այս ամենի հետ. «Հանձնախումբն իրոք դարձավ տարաձայնությունների պատճառ, բայց դրանք միայն հայերի միջեւ էին։ Իսկ 907-ի վրա դա ոչ մի ազդեցություն չունի եւ չունեցավ։ Ուժը կորցնելն ամբողջապե՛ս պայմանավորված էր ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներով։ 907-ը, սակայն, կարելի՛ է վերականգնել եւ, ինձ թվում է, պե՛տք է վերականգնել։ Ադրբեջանն ուղղակի օգտագործեց այս առիթը եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության պայման դարձրեց 907-ի վերացումը»։ Մեր հարցին, թե այդ բանաձեւի, այսպես ասած, կախակայումը կարո՞ղ է անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Կասյա Աբգարյանը պատասխանեց դրական. «Պիտի որ անդրադառնա։ Թե ինչպե՞ս, ո՞նց՝ լրիվ չեմ կարող բացատրել, բայց այո՛։ Թեեւ վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա. Ադրբեջանը չի կարողանալու որեւէ ձեւով հատուկ օգտակար լինել ամերիկյան կառավարությանը թալիբների առնչությամբ։ Եվ երբ շատ կարճ ժամանակ անցնի եւ դա հայտնի դառնա՝ մենք կկարողանանք վերականգնել 907-ը։ Ու մի բան էլ ավելին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ