Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում

Նոյեմբեր 03,2001 00:00

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Վրաստանում ընթացող գործընթացների մասին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը առայժմ ձեռնպահ մնաց պաշտոնական դիրքորոշում հայտնել։ Միայն ասաց, որ խիստ մտահոգ են. «Վրաստանի ներքաղաքական կայունությունը Հայաստանի համար շատ կարեւոր է, նույնքան, որքան որ մեր ներքաղաքական կայունությունը։ Այնպես որ, զարգացումները այնտեղ եւ երեւույթները մեզ խիստ մտահոգում են եւ մենք շատ մոտիկից հետեւում ենք այդ բոլորին, եւ՝ ինչո՞ւ չէ, կապեր ենք պահպանում, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ պատկերացնել, թե ինչպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Պետք է հուսալ, որ ամեն ինչ նորմալ կավարտվի, առանց Վրաստանում ապակայունություն ստեղծելու»։ Վրաստանում կատարվող իրադարձությունները գնահատելիս, կարելի է ենթադրություն անել, որ դրանք միայն ներքին խնդիրներ չեն (կամ՝ բոլորովին ներքին խնդիրներ չեն)։ Պարզապես աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում եւ Վրաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում, չափազանց ուժեղանում է Ռուսաստանի դերակատարությունը։ «Առավոտի» այս դիտարկմանը պատասխանելով, Վարդան Օսկանյանն ասաց, թե ինքը չի ուզում նման մեկնաբանությունների մեջ մտնել, «այսօր մի բան հստակ է, որ Վրաստանում զուտ ներքին գործընթացներ են տեղի ունենում իշխանության հետ կապված, այնպես որ, մեր միակ ամբողջ կենտրոնացումը նրա վրա է, որ այդ բոլորը չբերի ներքաղաքական ապակայունացման ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ Հայաստանի համար։ Այսօր մեր խնդիրը դա է»։ Արտաքին գործոց նախարարի հետ զրույցում չշրջանցվեց նաեւ համանախագահների առաջիկա այցից սպասելիքների թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Վ. Օսկանյանը հույս հայտնեց, որ համանախագահները կկարողանան Ադրբեջանին վերադարձնել Փարիզյան բանակցությունների շրջանակ։ Ըստ պրն Օսկանյանի, արդեն եկող ամիսների ընթացքում կարելի է լուրջ տեղաշարժ նկատել, եթե դա տեղի ունենա։ Խոսելով 907 բանաձեւի որոշ խմբագրման մասին, պրն Օսկանյանն ասաց, որ կարծես թե 907-ի հետ տեղի ունեցած փոփոխությունը որեւէ բացասական ազդեցություն չի ունենա գործընթացի վրա. «Եթե հիշում եք, զուտ լեզվական առումով այնտեղ հստակ է նշվել, որ դա չի կարող բացասական ազդեցություն ունենալ ԼՂՀ-ի գործընթացի վրա։ Համենայն դեպս, քանի որ Ադրբեջանը դեռեւս շարունակում է այդ բոլորը այլ կերպ մեկնաբանել, մենք հույս ունենք, որ լրացուցիչ որոշ ապահովագրական կետեր կարելի է դնել այնտեղ, որ Ադրբեջանը չկարողանա այլ կերպ մեկնաբանել Միացյալ Նահանգների ցանկությունները։ Կարծում ենք, ինչքան հստակ լինեն ձեւակերպումները, այնքան հստակ կլինի տարբեր մեկնաբանությունների հնարավորությունը»։ Նախարար Օսկանյանը հարկ համարեց շեշտել, որ 907-ը ոչ թե վերացել է, այլ մնում է ուժի մեջ, պարզապես որոշ ուղղումներով, այն էլ՝ սահմանափակ ժամկետով եւ հստակ նպատակով, որը աջակցելու է ԱՄՆ-ի պայքարին, ընդդեմ միջազգային ահաբեկչության։ Որքանո՞վ է ԱԳ նախարարը իրական համարում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը։ Վարդան Օսկանյանը այս հարցում եւս դժվարացավ հավանականության ինչ-որ տոկոս ասել, բայց ասաց, որ «խաղաղ գործընթացը իրեն չի սպառել։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի այդ ռազմատենչ հայտարարությունները իրենց ներքին սպառման համար են, եւ Ադրբեջանը դեռեւս կշարունակի բանակցությունները եւ նաեւ պատրաստ կլինի վերադառնալ փարիզյան շրջանակ։ Այս բոլորն, իհարկե, մեզ համար ավելի հստակ կլինի համանախագահների այցից հետո»։ Վարդան Օսկանյանն ասաց, որ Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը շարունակվում է. «Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ եթե իրադարձությունները ճիշտ մեկնաբանեք, կտեսնեք, որ իսկապես, կոմպլեմենտարությունը իր բացարձակ դրական արդյունքները տվել է եւ այսօր էլ տալիս է, ապագայում էլ տալու է»։ ԱԳ նախարարությունը արդեն երկրորդ տարին է, ինչ հրավիրում է ՀՀ բոլոր դեսպաններին եւ դիվանագետներին՝ մտերմիկ եւ աշխատանքային հանդիպման։ Այս տարի այդ հանդիպումը համընկավ ԱԳ նախարարության տասնամյակին։ Հանդիպումը կարեւոր էր նաեւ նրանով, որ սեպտեմբերի 11-ից հետո առաջին անգամ երես առ երես հանդիպելով, բոլոր դեսպանները հնարավորություն ունեցան խոսել իրենց խնդիրներից եւ հետագա անելիքներից։ Անցած տասնամյա ուղին նախարար Օսկանյանը դրական գնահատեց, որովհետեւ իր ասելով՝ այսօրվա Հայաստանի իրավիճակը դրական է. «ե՛ւ հեղինակությունը, ե՛ւ կապերը»։ Ի դեպ, հանդիսություններին (ճաշ եւ համերգ) հրավիրված են նաեւ բոլոր տարիներին ՀՀ արտաքին գործոց բոլոր նախկին նախարարները եւ դիվանագետները։ Վարդան Օսկանյանի խնդրանքով, ճաշին ամենքը պարտավոր էին ներկայանալ սմոքինգներով։ Նախարարի այս խնդրանքից հետո հայ դիվանագիտական կորպուսից մի խուլ հառաչանք դուրս եկավ։ Դե, ինչպես մարդիկ չհառաչեն, երբ նրանցից շատերի մարմնական կառուցվածքը, մեղմ ասած՝ սմոքինգ հագնելու համար չի նախատեսված։ Վերջում, լավ լուր. վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ դեսպաններին պետությունը ոչինչ պարտք չէ, աշխատավարձերը վճարված են, եւ դեսպանատները ֆինանսավորվել են 100 տոկոսով։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել