Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօրվա պատմությունը այսօր չի կարելի գրել

Նոյեմբեր 02,2001 00:00

Այսօրվա պատմությունը այսօր չի կարելի գրել Սիմոն Կրկյաշարյանը, երբ դեռեւս Հունաստանում էր ապրում, գրել է բանաստեղծություններ, ուսանել Հունաստանի բարձրագույն դպրոցներում։ Այնուհետեւ, երբ հայրենիք վերադարձավ, սկսեց թարգմանել անտիկ աշխարհի գոհարները. Հոմերոս՝ «Ոդիսական», Քսենոֆոն՝ «Անաբասիս», «Կյուրոպեղիա», Կոստաս Վառնալիս՝ «Սոկրատեսի ճշմարիտ պաշտպանականը» եւ այլն։ Հարցազրույցը թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Սիմոն Կրկյաշարյանի հետ է։ – Հիմա ի՞նչ գրքի վրա եք աշխատում։ – Սեղանի։ – Հայոց պատմության 9-10-րդ դասարանների դասագրքերը որ փոխվեցին՝ Հայաստանի Եվրախորհուրդ մտնելուց հետո, ինչի՞ համար արվեց. – Ես Եվրախորհրդի գաղտնի ծալքերը չգիտեմ, բայց գիտեմ, որ ինչ ուզում են՝ գրեն, ինչի համար ուզում են՝ գրեն, ի վերջո, ճշմարտությունը երեւան է գալիս։ – Հունաստանի պատմությունից ի՞նչ եք վերցնում ու մեզ տալիս։ – Վերցնում եմ այն, ինչը, կարծում եմ, ճշմարիտ է։ – Ի՞նչ եք կարծում, դեռեւս շա՞տ կձեւափոխվի 88-ից հետո գրված հայոց պատմությունը։ – Չնկատեցի՞ք, ինչքան ուզում էին ձեւափոխեն՝ չեղավ։ Առաջին նախագահը պատմությունը կեղծ գիտություն հայտարարեց։ Ես միշտ, որպես խմբագիր, ձգձգում եմ մեր ժամանակների պատմության ձեռնարկները, ասում եմ՝ մենք դեռեւս հասու չենք ճշմարտությունը ասելու, ըստ էության, դրա համար պետք է ժամանակ անցնի։ Ճիշտ է, գործողությունները հիմա ենք անում, բայց իմաստավորելը հետագա ժամանակներինն է։ – Մեր պատմաբաններն անկա՞խ են այսօր, թե՞ կան առանձին «պալատական» պատմաբաններ։ – Նայած խելքի, նայած գլխի։ Ենթարկվողներ էլ կան։ Ինձ վրա չեն կարող ազդել, ուշ է։ Ես ունեմ իմ մտածելակերպը։ – Ի՞նչ կասեք մեր անկախության մասին։ – Անկախությունը մեզ երկնքից, մանանայի նման իջավ, եւ մենք նրա գինը չիմացանք։ Մենք չսպասեցինք գնացքի կանգնելուն, թռանք եւ այս օրն ընկանք։ – Մարդկության պատմության ընթացքը ըստ ձեզ ինչպիսի՞ն է։ Ստերեոտիպը կրկնվո՞ւմ է։ – Երեւի պարուրաձեւ։ Կատարելագործվում է։ Փիլիսոփայորեն քիչ բան եմ տեսնում տարբեր։ – Բուհական քննությունների ժամանակ դիմորդին քննում էին՝ առաջներում բանավոր, այժմ՝ գրավոր։ Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտը։ – Բանավոր ավելի ճիշտ կլիներ։ Նույնիսկ դիմորդի խոսելաձեւից, ձայնի հնչերանգից կարելի է իմանալ, թե ինչ մարդ է քո առաջ։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել