Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլա

Նոյեմբեր 02,2001 00:00

Հայ երգն` օտար բեմերում Ալլա Լեւոնյան- Երգի թատրոնի երգչուհի։ Սովորում է կոնսերվատորիայի ջազ-էստրադային վոկալ բաժնում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1994թ., «Բոհեմ» մրցույթի ժամանակ, որտեղ «Օտարական» երգի համար ստացել է առաջին մրցանակը։ Երաժշտական աշխարհում նրա կուռքն է մեծն Կոմիտասը։ 2001թ. թողարկել է իր անդրանիկ ձայներիզը։ Այժմ աշխատում է երկրորդ ձայներիզի վրա, որում ընդգրկվող երգերը կլինեն միայն դաշնամուրի նվագակցությամբ եւ ակապելլա։ – Օրերս ես վերադարձել Ֆրանսիայից, որտեղ մասնակցեցիր համահայկական «Ջազ» փառատոնին։ Պատմիր այդ մասին։ – Ես շատ զարմացա, երբ տեղեկացա, որ ինձ հրավիրել են մասնակցելու ջազ փառատոնի, որն, ի դեպ, տեւեց չորս օր, եւ մասնակցում էին ոչ միայն հայեր, այլ նաեւ մեծ թվով օտարազգիներ։ Փառատոնի մասնակիցները հիմնականում տարբեր խմբեր էին եւ միայն ես էի, որ ներկայացա որպես անհատ կատարող։ Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, ես այնտեղ երգեցի ժողովրդական երգեր, բայց այդ պահին դա ավելի շատ ջազ-ֆոլկ էր, որովհետեւ դաշնամուրի եւ հարվածային գործիքների նվագակցությունն ավելի շատ ջազային էր։ Եվ քանի որ հանդիսականների գերակշիռ մասը հայեր չէին, ինձ համար շատ դժվար էր հավատալ, որ նրանք կընդունեն, առավել եւս՝ կսիրեն հայկական երգը։ Հուրախություն ինձ, պիտի ասեմ, որ մեկ ժամ կենդանի հնչողությամբ երգելուց հետո ինձ խնդրեցին նորից բեմ բարձրանալ, քանզի իմ ելույթից հետո ավելի քան 5 րոպե ծափերը չէին դադարում։ Շատ ուրախացա եւ եւս 30 րոպե երգեցի օտար հանդիսատեսի համար։ Իմ երազանքներից մեկն էլ եղել է հայ երգը ներկայացնել օտար բեմերում, որպեսզի դրսում եւս լսեն ու ճանաչեն հայկական երգ-երաժշտությունը։ Նշեմ, որ համահայկական «Ջազ» փառատոնին մասնակցում էր նաեւ մեր հայրենակից Արտո Թունջբոյաջյանը, որը Նյու Յորքից է եւ ունի յուրահատուկ ոճ՝ ավանգարդ ջազ։ – Քո երգացանկում կա՞ն երգեր, որոնց հեղինակը դու չես։ – Դրանք շատ քիչ են, թեեւ առաջարկները շատ-շատ են։ Կան մի քանի այդպիսի երգեր։ Օրինակ, Է. Գյանջումյանի «Երեկո» երգը, որի երաժշտությունը նրանն է, իսկ խոսքերը ես եմ գրել։ Վերջերս այդպիսի մի նոր երգ է ինձ համար գրել նաեւ Արթուր Գրիգորյանը։ Նոր երգ՝ նոր ոճում։ Ա. Գրիգորյանի երգացանկում կան մի քանի երգեր եւս, որոնք ավելի հոգեհարազատ են ինձ, եւ ես կարողանում եմ դրանք յուրովի ներկայացնել։ Այդպիսի երգերի շարքին են դասվում նաեւ երկրաշարժի զոհերի հիշատակին գրված «Ասացեք ինձ» երգը, ինչպես նաեւ լիրիկական «Տիրամայրը» եւ Արսեն Սաֆարյանի երգացանկից՝ «Անտառը»։ Օգտվելով առիթից, բոլորին ուզում եմ հրավիրել իմ մենահամերգներին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 2, 3, 4, 9, 10, 11-ին Երգի թատրոնում, եւ այնտեղ կհնչեն վերը նշված բոլոր երգերը։ – Ունե՞ս այնպիսի մի երգ, որը հատուկ գրել ես ինչ-որ մեկի համար։ – Այդպիսի երգ չկա։ Իմ բոլոր երգերն ինքս եմ երգում եւ դրանք ինձ շատ հոգեհարազատ են, քանի որ դրանցում արտահայտված են իմ ապրումներն ու մտքերը, դրանցում իմ հոգին է։ Սեփական երգը նման է երեխայի, որին դժվար է ուրիշին տալը, բայց առաջիկայում մտադիր եմ երգ գրել հատուկ Վարդուհի Վարդանյանի համար, որը, հնարավոր է, հնչի դուետի տեսքով։ – Քանի որ խոսեցիր դուետներից, առաջիկայում ի՞նչ նմանատիպ անակնկալ կմատուցես երկրպագուներիդ։ – Իմ առաջին զուգերգն Էդգար Գյանջումյանի հետ էր, իսկ առաջիկայում ունկնդիրների դատին կհանձնեմ «Քեզ» անվանումը կրող զուգերգը, որը կերգենք Արթուր Գրիգորյանի հետ։ Այդ երգի երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, իսկ բառերի հեղինակը ես եմ։ Տեղեկացնեմ նաեւ, որ Երգի թատրոնի մենակատար Արսեն Գրիգորյանի հետ նույնպես մտադիր ենք զուգերգ ձայնագրել, որի թե՛ երաժշտության եւ թե՛ բառերի հեղինակն Արսենն է։ – Գիտեմ, որ ունեիր երազանք նկարահանվել կինոյում։ Եթե նման առիթ ընձեռվի, ի՞նչ կերպար կցանկանայիր կերտել։ – Ինձ նման՝ այնպիսին, ինչպիսին կամ։ Ես թե՛ երգարվեստում եւ թե՛ ընդհանրապես, սովորաբար անում եմ այն, ինչը կարող եմ։ Իսկ այն, ինչին արհեստականորեն պիտի հասնեմ, անգամ հաջող արդյունքի դեպքում չեմ ուզում անել եւ չեմ անի։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել