Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողներն աշխատանքի ընթացքում շփվում են տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունների հետ,

Նոյեմբեր 02,2001 00:00

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ Լրագրողներն աշխատանքի ընթացքում շփվում են տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունների հետ, որոնք հատուկ դժվարացնում, բարդացնում կամ շատ հեշտացնում են մեր գործը։ Ավելին, շատ նախարարություններում այդ ծառայություններին այդպես էլ չի հաջողվում «հաղթահարել» որեւէ չինովնիկից, պաշտոնյայից պարզաբանում կամ անգամ մի «անշառ» ինֆորմացիա ստանալ։ Այնինչ, լրատվական ծառայությունների ողջ նպատակը ազատ խոսքի ու ազատ մամուլի համատեքստում հենց լրատվամիջոցների աշխատանքին աջակցելն է՝ հնարավորինս արագ, օպերատիվ տեղեկատվություն ստանալու հարցում։ Այսպիսով, կան խանգարողներ եւ աջակցողներ։ Եվ բացի լրատվական ծառայությունները, մամուլի հետ շփվելու կուլտուրան էլ է տարբեր մեր գերատեսչություններում։ Օրինակ, եթե որեւէ պարզաբանում է անհրաժեշտ արտգործնախարարությունից, ապա խոսնակը՝ Ձյունիկ Աղաջանյանը, արագ կողմնորոշվելով կասի, թե ով կպատասխանի, իսկ համապատասխան պաշտոնյան կամ նրա գործավարուհին կզարմացնի իր պունկտուալ, կոռեկտ, համեստ, քաղաքակիրթ վերաբերմունքով։ Ավելին, այդ գերատեսչությունում գործավարուհիները եւ քարտուղարուհիները շեֆի սիրուհու կեցվածք չեն ընդունի, չեն փորձի տարհամոզել նրա հետ խոսելու մտադրությունից։ Ու եթե հանկարծ շեֆը տեղում չէ, գործավարուհին կասի, թե երբ կլինի, հեռախոսահամար կխնդրի, որ գալուն պես կապ ստեղծի։ Ու որքան էլ անսպասելի է, կստեղծի այդ կապը։ Ձյունիկ Աղաջանյանն առանձնանում է մասնագիտական մի շարք գովելի հատկանիշներով։ Զարմանալի լավերի շարքում հնարավոր չէ չնշել Վիճակագրության նախարարության աշխատանքը լրատվամիջոցների հետ։ Այս մասին «Առավոտը» մի անգամ էլ է նշել, բայց ամփոփելով՝ հարկ է ուշադրություն դարձնել, որ մարդահամարի ընթացքում գերծանրաբեռնված լինելով, ոչ մի անգամ ոչ մի պաշտոնյա (այս համակարգից) չմերժեց որեւէ պարզաբանում տալ, վարչության պետերն անձամբ էին պատասխանում հարցերին, հետեւողական էին ահազանգերի հարցում։ Մի խոսքով, այս գերատեսչության աշխատանքն այդ օրերին (թե՛ լրատվամիջոցների հետ, թե՛ ընդհանրապես) անգերազանցելի մակարդակի վրա էր։ Հետեւողականության առումով այս նախարարությանը չի զիջում Սոցապ հիմնադրամը, որն ուշադիր է թե՛ ահազանգերի, թե՛ մամուլի հրապարակումների հարցում։ Պատրաստակամ տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը։ Նշված այս դրական խոսքերը մի շարք գերատեսչությունների, ինչպես նաեւ դրանց լրատվական ծառայությունների մասին ոչ միայն չի կարելի ասել, այլ նաեւ մեծագույն ջանքեր են անհրաժեշտ դրանց մասին հավասարակշռված արտահայտվելու համար։ Այսպիսով, եթե երբեւէ որեւէ հարցով պարզաբանման կամ տեղեկատվություն ստանալու կարիք լինի, մտքներովդ էլ չանցկացնեք, որ դա կարող եք ստանալ դատախազությունից։ Լրատվականի պետ Գուրգեն Ամբարյանն այնպիսի խրոխտ ձայնով ու տոնով կխոսի՝ հարցիդ ի պատասխան, կամ հարցախեղդ անելով, կամ բարոյա-խրատա-լուսավորչա-«պարզաբանական» պատասխանով հանդես գալով, որ հանդիսավոր կխոստանաս էլ երբեք դատախազության հետ գործ չունենալ։ ՆԳՆ լրատվական ծառայության պետ Արտակ Վարդազարյանը, հակառակը, շատ հանգիստ ու կիրթ է պատասխանում, բայց գրեթե երբեք ոչինչ չգիտի ու կպարզի։ Ինչը սովորաբար անում է կիսատ-պռատ։ Հարկային եւ մաքսային համակարգն էլ ավանդաբար «փակերից» է ու ավանդաբար քո հարցի պատասխանը չես ստանում՝ ժամանակը կգա, եւ ինչ տվյալ որ իրենց պետք է՝ կհրապարակեն։ Իսկ այդ համակարգից որեւէ պաշտոնյայի հետ երազում էլ չես խոսի։ Այնինչ, նմանատիպ մեկ այլ գերատեսչության՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը, ի դեմս ղեկավար Վահագն Մովսիսյանի, աշխատում է շատ հստակ, կազմակերպված, պունկտուալ եւ պատասխան է տալիս բոլոր հարցերին։ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության համար, անկախ նրանից, թե ով է պետը, մի քանի ժամ, իսկ ավելի հաճախ՝ մի երկու օր է անհրաժեշտ կոնկրետ նշելու համար, թե այսինչ հարցով այդ հիմնարկում որ վարչությունն է իրավասու պարզաբանում տալ։ Ծառայության աշխատակիցների քաղցր-մեղցր վերաբերմունքը հակադարձ համեմատական է կատարած աշխատանքին (նշված առումներով)։ Առնչվելու դեպքում հնարավոր չէ չնկատել, որ Հայաստանում ձեւավորվել է լրատվական ծառայության մի տիպ, որը ոչ միայն զանազան հաղորդագրություններ ուղարկելով է զբաղված, այլ նաեւ սեփական հիմնարկի իմիջի ձեւավորմամբ, ինչը, կարելի է ասել, հաջողությամբ է իրականացվում։ Խոսքը, մասնավորապես, Արժեթղթերի հանձնաժողովի լրատվական ծառայության մասին է: Եվ հաճույքով պիտի նշենք, որ իրականացնողը «Առավոտի» նախկին աշխատակից Լուսինե Մարգարյանն է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ. Հաշվի են առնված նաեւ կոլեգաներիս կարծիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել