Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանացիները,

Նոյեմբեր 02,2001 00:00

Նախկին դատապարտյալ-դիտորդի կարծիքով Գերմանացիները, ինչպես նաեւ ոչ գերմանացիներն ու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչները խորին հարգանք են տածում ԳՖՀ-ի նախկին կանցլեր Վիլլի Բրանդտի հանդեպ: Նա իր մի աննշան, այլոց կողմից չնկատվող ու անտեսվող վրիպման համար հեռացավ ԳՖՀ կանցլերի պաշտոնից, համարելով, որ այդ վրիպումից հետո ինքը պաշտոնավարելու բարոյական իրավունքը չունի այլեւս։ Վ. Բրանդտի կեցվածքը բարոյական իրավունքի արժեւորման եզակի օրինակ է։ Մենք քչով բավարարվող ժողովուրդ ենք։ Մենք կգոհանայինք նաեւ նրանով, եթե մեր նախագահը ինչ-որ գործողություն, արարք կամ երեւույթ դատապարտելիս մեզ հիմքեր, օրինակներ չտար՝ զուգահեռներ անցկացնելու իր եւ մինչեւ կոկորդը կաշառակերության ախտի մեջ թաղված այն դատավորի (երեւույթ, որը մեզանում ամենեւին էլ անխուսափելի չէ) միջեւ, որը (խեղճ բարոյական իրավունք) ինչ-որ մեկի նկատմամբ կաշառակերության համար դատապարտող դատավճիռ է կայացնում։ Արդ դիտարկենք վերջին դեպքերը եւ տեսնենք, թե մեր մեծարգո նախագահն իր կեցվածքով, իր վարքագծով ինչքանով է առիթ ու հնարավորություն ընձեռում մեզ իրենով հպարտանալու։ ՀՀ նախագահի նկատմամբ կեղծ ապացույցներ ստեղծելու մեղադրանքով (որը դեռ պետք է ապացուցել) ձերբակալվել է ՀՀ ՈՒԱՀ-ի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը։ Դիտարկենք նրա ձերբակալման հետ կապված մի քանի հանգամանքներ։ Ոչ ոք Մ. Սաղաթելյանից լավ չգիտեր, թե ինչ եղավ, երբ 1998թ. կալանավայրերում մահացան երկու տասնյակից ավելի դատապարտյալ եւ նրանցից ոչ մեկին, օրենքով նախատեսվա,ծ հնարավորություն չտրվեց իր մահկանացուն իր հարկի տակ կնքել, կամոքն, այն ժամանակ դեռեւս վարչապետ Ռ. Քոչարյանի։ Առողջության վատթարացման կեղծ պատճառաբանությամբ ազատ արձակվեց եւ մինչեւ օրս էլ, ի երջանկություն միայն իրեն, ապրում է ու մեռնելու ոչ մտադրություն ունի, ոչ էլ նշաններ են երեւում։ Եթե բացականչական, հարցական եւ այլ կետադրական նշանների նման ունենայինք նաեւ զարմանքը արտահայտող նշան, ապա այս դեպքի մասին գրելիս կարելի էր ամբողջ էջ եւ ավելի լրացնել այդ նշանով, այնքան արտառոց ու արտակարգ էր այն, որ իր նախորդին բռնությամբ (ես շատ եմ մեղմացնում, բայց ոչինչ) տապալելու փորձի մեղադրանքով ձերբակալված անձին նա ազատեց կալանքից, կասեցրեց քրգործի վարույթը եւ նրան դարձրեց իր խորհրդականը։ Դրանով՝ ա. ընդգծելով, որ ինքը, եթե գործնական աջակցություն ցույց չի տվել, ապա բարոյապես խրախուսում է իր նախորդի նկատմամբ բռնության փորձը, բ. ցույց տվեց, որ իր նկատմամբ էլ կարելի է հակաօրինական գործողություններ իրականացնել՝ իրեն զրկելով նման երեւույթները դատապարտելու բարոյական իրավունքից, գ. իշխանության համար ոչ օրենսդրական պայքարը միշտ եւ ամենուր դիտվել եւ դիտվում է որպես քրեորեն հետապնդելի արարք։ Իր գործողություններով Ռ. Քոչարյանը, փաստորեն, արդարացրեց իշխանության համար անօրինական քրեորեն հետապնդելի գործողությունների միջոցով պայքարը։ Մ. Սաղաթելյանի ղեկավարած հիմնարկներում տառապում էին տասնյակ դատապարտյալներ, որոնք դատապարտվել էին Ռ. Քոչարյանի նախորդի եւ իր նախագահության տարիներին ցավալիորեն քաղաքացիություն եւ գործածություն ստացած «գլխին սարքելու», այսինքն՝ կեղծ ապացույցներ ստեղծելու միջոցով։ Նրանցից շատերի հետ Մ. Սաղաթելյանը, պաշտոնի բերմամբ, հանդիպում, զրուցում էր եւ շատ լավ գիտեր, թե նրանցից ով՝ ում ճանապարհին է քար եղել, ում է խանգարել եւ ով՝ ում հանձնարարությամբ է դատապարտվել։ Հասկանալի է, որ պետության քաղաքացիների եւ նախագահի կարգավիճակների միջեւ սար ու ձորի տարբերություն կա։ Բայց օրենքի ու Աստծո առաջ նրանք հավասար են։ Մ. Սաղաթելյանի գիտությամբ, ինչ-որ տեղ նաեւ նրա մասնակցությամբ, շինծու, հնարովի հիմնավորմամբ, քրեորեն հետապնդելի արարք թույլ տված որոշ անձանց ազատ արձակելու եւ նույնիսկ նրանց հովանավորելով, իսկ իրականում ստեղծված կեղծ ապացույցների հիման վրա դատապարտված անմեղ անձանց ձգելով բախտի քմահաճույքին, նա Մ. Սաղաթելյանին, եւ ոչ միայն նրան, բարոյական իրավունք տվեց նույն կերպ վերաբերվելու, նույն վարքագիծը դրսեւորելու իր նկատմամբ։ Սպասում ենք, հուսով ենք, որ ՀՀ նախագահն իր հետագա գործողություններով բոլորին կզրկի իր դեմ գործելու նաեւ բարոյական իրավունքից։ Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել