Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չգործող արտադրությունների, չվարձատրվող բյուջետայինների, բյուջե չմուտքագրվող հարկերի ֆոնին եւ ի հեճու

Նոյեմբեր 02,2001 00:00

Աննախադեպ մածնային աճ Չգործող արտադրությունների, չվարձատրվող բյուջետայինների, բյուջե չմուտքագրվող հարկերի ֆոնին եւ ի հեճուկս դրանց մեր առաջ ընթացող տնտեսության դեմն առնել երեւի չհաջողվի ու այն առաջիկա տարիներին ավելի մեծ թափ հավաքելով՝ երեւի կգա-կողողի ողջ հանրապետությունը։ Հուսանք, որ բնակչությանը տակովը չի անի։ Մինչ այդ մանր-մունր այնպիսի հարցեր, ինչպիսին գործազրկությունը եւ վերեւում թվարկածներն են, հաշվի մեջ չեն. չի սազում այդքան մանրանալ։ Միայն թե լրագրողները ամենեւին պետական մտածելակերպ չունեն, հետն էլ այնքան մանր ազգ են, որ ինչ ասեն՝ կտեսնեն, իրենց աչքի համար նախատեսված լինի, թե ոչ։ Մի անգամ մոտակա մարզ մեկնել-վերադառնալով՝ սկսեցի կասկածել, որ ոչ մի տնտեսական աճ էլ տեղի չի ունենում։ Կամ մեր գյուղաբնակներն այնքան անհաղորդ են նոր՝ բարձր տեխնոլոգիաներին, որ ոչ մի կերպ չեն կարողանում որսալ ոչ իրենց հաճախականությամբ հաղորդվող տնտեսական աճը։ Երկու օր առաջ գյուղ գնացող ավտոբուսում հաշվում էի դատարկ պլաստիկ շշերով լի պայուսակները։ Դրանց քանակն ուղիղ համեմատական է տիրոջ գոմում կապած երինջի՝ կաթ տալու հավեսին, գումարած տնեցիների՝ պանիր-մածուն ուտելու ախորժակը։ Ոչ մի վատ բան չկա, որ գյուղացին իր տնտեսության արտադրանքը քաղաք է բերում եւ իրացնում՝ շուկայական հարաբերություններ են։ Հարցն այն է, որ այդ տարաներով պայուսակները միջքաղաքային տրանսպորտում՝ հիմնականում ավտոբուս եւ էլեկտրագնացք, այդպես էլ չքչացան։ Այդպես էր 8 տարի առաջ, այդպես էր 4 տարի առաջ։ Նույն տեսարանն էր երկու օր առաջ։ Քաղաքում տեսնում ես այդ լիքը պայուսակները՝ դեռեւս լիքը շշերով դեսուդեն տանող հիմնականում միջին տարիքի եւ երիտասարդ կանանց, որոնք այդ շշերը «թեթեւացնում են» համարյա լեյտենանտ Շմիդտի 60 որդիների սկզբունքով՝ քաղաքը տեղամասերի բաժանած։ Հիշենք, սա այն գյուղացին է (կամ նրա կինը), որին ջրային տնտեսությունն ասում է, թե ջուր է տալիս, գյուղնախարարությունն ասում է, թե հումանիտար պարարտանյութ է տալիս, գյուղնախարարությունն ու պահածո-կոնյակ-գինի արտադրող գործարաններն ասում են, թե մթերման պրոբլեմ չունի։ Իսկ նա չի հասկանում ու իր տարվա չարչարանք մթերքը (եթե ունի) ջուրը լցնելուց հետո, էլի հույսը դնում է երեխաների բերնից կտրած կաթ ու մածունի վրա։ Մտածում ես, գուցե այս մարդկանց ձեռնտու է այդ գործը, ի՞նչ ենք պետություն-նախարարություն խառնում իրար։ «Չէ՛, ա՛յ քուր ջան, թեւերս թուլացան էդ վեշերից։ Մարդս ստեղ չի։ Պտի Ռուսաստանից գա՝ փող չունի։ Ոչ էլ ես ունեմ՝ էրեխեքին հավաքեմ-տանեմ իրանց հոր մոտ։ Սենց մեզ խաբելով՝ յոլա ենք տանում»։ Մյուսների պատասխանները սրա տարբերակներն էին։ Օրական օգուտը հացի փողն է, երեխաների համար էժանագին քաղցրեղենը։ Այնպես որ, «մեր»-ի համը չեն էլ տեսնում։ Մի առաջընթաց մածնի բիզնեսում այս տարիների ընթացքում այնուամենայնիվ նկատվում է. Լեւոնի օրոք գյուղացի կանայք կաթն էլ, մածունն էլ տեղափոխում էին ապակյա տարաներով՝ դրանով իսկ իրենց բեռը ծանրացնելով, իսկ բիզնեսը՝ ռիսկային դարձնելով (ապակի է՝ կոտրվեց, ո՞վ է տերը)։ Հիմա՝ Քոչարյանի օրոք, գյուղի հարսների բեռը թեթեւացել է՝ զովացուցիչ ըմպելիքների լայն թափով արտադրությունը իրենից հետո բազմաթիվ պլաստիկ թեթեւ շշեր է թողնում, որոնք համ էկոլոգիական աղետ չեն դառնում, համ էլ նույն լայնությամբ օգտագործվում են մի ուրիշ բիզնեսում։ Եթե հաշվենք, թե ինչքան լվացող միջոց կպահանջվի դրանք բազմակի կիրառման դարձնելու համար, ապա քիմիական տնտեսության զարգացումը խթանելու ջանքերն էլ ակնհայտ կդառնան։ Եվ այսպես փոխկապակցված են ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Եթե հաջորդ առավոտյան ես Երեւան վերադարձա ազգականիս շքեղ արտասահմանյան մեքենայով եւ 1,5 ժամի փոխարեն 35 րոպեում, դա դեռ չի նշանակում, որ նախորդ օրը տեսածս՝ պառավների հետեւից հասած երիտասարդ տանտիկինները երազ էին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել