Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Ավետիսյանին

Նոյեմբեր 02,2001 00:00

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՔՍԱՏԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ Բաց նամակ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Ավետիսյանին Մեր երկրի հանրության համար մաքսային ծառայությունը թերեւս ստեղծման օրվանից միշտ էլ եղել է փակ համակարգ՝ իր ներքին օրենքներով, վարք ու բարքով, չնայած նրան, որ օրական հազարավոր, իսկ 1700-ամյակի տոնակատարության մեր օրերում նաեւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են շփվում մեր մաքսավորների հետ։ Ժողովրդի լայն շրջանակներում պտտվող ասեկոսեները՝ մաքսավորների կողմից կատարվող անօրինականությունների, որոշ գործարարների հովանավորելու, ալան-թալանի եւ կաշառակերության մասին, կարծում եմ, երբեք էլ անհիմն չեն եղել, հատկապես, եթե համարենք, որ առաջին անգամ փորձելու է այդ մասին խոսել մարդ, որն արդեն մի քանի տարի աշխատում է «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնում, քաջածանոթ է տեղի ունեցող արատավոր երեւույթներին եւ իբրեւ օրինապաշտ քաղաքացի, հայ մարդ, ցանկանում է իշխանությունների լայն շրջանակի ուշադրությունը հրավիրել աղաղակող մի շարք երեւույթների վրա։ Կոմիտեի նախագահ հարգարժան պարոն Ավետիսյանին հավանաբար իր ենթակաները վատ են տեղեկացնում «Զվարթնոց» մաքսատան իրավիճակի մասին, քանի որ հովանավորչությունը գրեթե բոլոր ժամանակներում ուղեկցել է այստեղի որոշ պաշտոնյաների։ Ուղեւորների մաքսային հսկողության բաժինը ղեկավարում են Արմեն Հովհաննիսյանը, Ստեփան Մարությանը, Սերգեյ Մարգարյանը, Հակոբ Հարությունյանը, Աշոտ Հակոբյանը, Տիգրան Մկրտչյանը, չորս բաժանմունքի պետերը՝ իրենց «արտահաստիքային» երեքական տեղակալներով, որոնք ընտրվում են առավել նվիրվածության եւ վերոհիշյալ պետերին հավատարմության սկզբունքով։ Կարծում եմ, հանրությանը ոչինչ չասող այս անունները թվարկելու կարիք չկար, եթե չփորձեի, պարոն Ավետիսյան, ձեր ուշադրությունը հրավիրել կոմիտեում վերջերս կատարված հաստիքային խոշոր կրճատումների եւ նոր նշանակումների արդյունքում ստացված պատկերի վրա։ Մասնավորապես, մաքսատան պետ Բորյա Սարգսյանի եւ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի երեք աշխատակիցների հետ միասին, ստացվում է, որ մեկ հերթափոխում աշխատող սովորական տեսուչին միաժամանակ հսկում են 12-13 հոգի։ «Զվարթնոց» մաքսատան քսանմեկ տեսուչներին կրճատելով, անհասկանալի պայմաններում ավելացավ պետերի թիվը։ Կրճատվեցին մարդիկ, որոնք ունեին երկար տարիների աշխատանքային փորձ, բարձրագույն կրթություն եւ հաջողությամբ հանձնել էին վերջերս ՊԵՆ-ի կողմից անցկացված որակավորման քննությունները, սակայն վերջիններս հայտնվեցին, այսպես, կոչված, «սեւ ցուցակում», որովհետեւ փորձել էին աշխատանքի ընթացքում այս կամ այն կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվող անօրինականությունների դեմ։ Նրանց բոլոր փորձերը՝ ճշտելու այն չափանիշները, որոնցով առաջնորդվել է տեղի ղեկավարությունը, կրճատելով իրենց հաստիքները, ուղղվում էին ձեր կողմը, ասելով, որ կոմիտեի նախագահի հրամանն է՝ կրճատված տեսուչների ատելության ու բողոքի ալիքը տեղափոխելով ձեր ուղղությամբ։ Սակայն միանշանակորեն պարզ է, որ վերոհիշյալ անձինք փորձեցին իրենց համար շատ նպաստավոր օգտագործել հաստիքների կրճատման հանգամանքը՝ իրենց ոչ հլու-հնազանդ տեսուչներից ազատվելու համար։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է, որ ավելանում է վերահսկողների, ոչինչ չանելու դիմաց բավական բարձր վճարվողների թիվը, իսկ կրճատվում են աշխատող, բանիմաց մարդիկ։ Միգուցե աշխատատեղերի ավելացման մասին ՀՀ նախագահի որոշումը մաքսային կոմիտեում այլ կերպ են ընկալել, բայց նաեւ կարծում եմ, լավ չեն ըմբռնել ՀՀ նախագահի կողմից մեր երկրի «դատարկ» բյուջեն լցնելու մասին վերջերս Գյումրիում եւ Լոռիում տրված կոնկրետ հանձնարարականները։ Պարոն Ավետիսյան, ողջունելով անցած ամիսներին մաքսային կոմիտեի կողմից գերակատարված բյուջետային ցուցանիշները, կարծում եմ, դրանք էլ ավելի կբազմապատկվեին, եթե Ձեր ցուցումով մի շարք չվերթներով Երեւան ներմուծվող ուղեւորների բեռների մաքսային զննությանը ներկա գտնվեին մաքսային կոմիտեի վերահսկողության վարչության, միգուցե ԱԱՆ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ այլ իրավասու ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք շատ ավելի ազդեցիկ դեր կարող էին խաղալ գանձումների եւ ճիշտ քանակային ձեւակերպումների առումով, քան վերոնշյալ 12-13 պետերն ու վերահսկողները միասին վերցրած։ Նշվածներից խիստ վերահսկման ենթակա են հատկապես Ստամբուլ-Երեւան, Մինսկ-Երեւան, Դուբայ-Երեւան, Բեյրութ-Երեւան, Մոսկվա-Երեւան չվերթները եւ այլն։ Այդ չվերթներով հաճախակի ներմուծվող բջջային թանկարժեք հեռախոսները, հագուստեղենը, արտասահմանյան մեքենաների պահեստամասերը, սիգարետները եւ այլն, կամ մաքսանենգ ճանապարհով են դուրս բերվում, կամ էլ ստանում են քանակական առումով ոչ ճիշտ ձեւակերպում։ Այս պայմաններում միամտություն կլինի հավատալ, որ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի որոշ աշխատակիցներ ունակ կլինեն արգելել մաքսանենգության երեւույթները «Զվարթնոցում», եթե մաքսանենգությունը հովանավորող վերոհիշյալ պետերի հետ բառացիորեն համբուրվելով, թեւանցուկ զբոսնում են մաքսային տարածքով։ Ինչպե՞ս հավատամ վերոնշյալ անձանց ազնիվ ու անբասիր աշխատանքին, եթե համարյա իմ աշխատավարձի չափ ստանալով հանդերձ, վարում են արտասահմանյան մակնիշի նոր մեքենաներ, հերթափոխի աշխատանքի ընթացքում հասցնում են 3-4 անգամ սնվել օդանավակայանի «Ոսկե ձկնիկ» ռեստորանում, կամ էլ ժամերով խաղում նույն ռեստորանի սրահում գործող խաղատանը։ Հարգարժան պարոն Ավետիսյան, համոզված եմ, որ նշված երեւույթները փորձելու են խեղաթյուրել կամ մերժել վերոհիշյալ անձինք եւ նրանց հովանավորները, չարախոսել ու քարկոծել ինձ, նույնիսկ զրպարտանքի պատրվակով դատական հայց հարուցել իմ դեմ։ Սակայն ես դիմում եմ ձեզ մամուլի միջոցով ոչ միայն որպես պետական ուսադիրներով պաշտոնյա, այլ որպես հայ մարդ, ազնիվ քաղաքացի եւ, վերջապես, որպես մշակույթի եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչ, որին նշված պաշտոնյաների «բուրգը» հնարավորություն չէր տալիս հասնելու ձեզ մոտ՝ անձնական զրույցի։ Գիտեմ նաեւ, որ բերված փաստերի համար իրավաբանական հիմնավորումներ են պետք՝ նշված անօրինականությունների կատարման օրը, տեղը, ժամը եւ անձանց թվարկելու առումով, սակայն, կարծում եմ, հասկանալի է, որ իմ նպատակը ձեր եւ իրավասու պաշտոնյաների ուշադրությունը թերությունների վրա սեւեռելու միտում ունի եւ ոչ թե մեկ կամ մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած իրավախախտումների պարզունակ շարադրում։ Անկեղծորեն ասած, ձեր նկատմամբ ունեցած իմ մեծ հարգանքն ու վստահությունը ստիպեցին հրապարակայնորեն անդրադառնալ այս թեմային իմ աշխատանքային գործունեության ժամանակահատվածում, այլապես աշխատանքից ազատվելուց հետո գրված այս բաց նամակը, հավանաբար, ձեր եւ հանրության կողմից կդիտվեր իբրեւ նեղացած ու վիրավորված մարդու բամբասանք, որոնք մեր օրերում հաճախ ներկայանում են անստորագիր եւ կեղծանուն նամակներով։ Ուստի, ավարտելով նամակս, կոչ եմ անում. «Հարգելի պարոններ, սիրեք ձեր ժողովրդին, սիրեք ձեր նախագահին, սիրեք ձեր եկեղեցին, հայրենիքի բարգավաճման համար բոլորս պիտի պատասխանատու լինենք»։ (Շարունակելի) Հարգանքներով՝ ԳՐԻԳՈՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ «Զվարթնոց» մաքսատան մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման հարցերով մասնագետ, տեսուչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել