Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ

Նոյեմբեր 02,2001 00:00

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ «ԿՈՓՎՈՒՄ» 89 ԱՆՈՒՆ ԶԵՆՔԵՐԸ Ազատ Արշակյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է հոկտեմբերի 22-ին։ Քրգործի այլեւս գաղտնիք չհանդիսացող նյութերը հնարավորություն են ընձեռում ավելի որոշակի եւ փաստացի ապացույցների հիման վրա խոսել բավական չարչրկված այս պատմության մասին։ Եւ դարձյալ պարզվում է, որ «սատանան այնքան սարսափելի չէր, ինչպես նրան ներկայացնում էին»։ Սեպտեմբերի 14-ին Ազատ Արշակյանի ձերբակալությունից հետո իրավապահ մարմինները, իրար հերթ չտալով, պաշտոնական հաղորդագրություններ էին հրապարակում, որ հսկայական քանակի զենք ու զինամթերք է հայտնաբերվել՝ 89 անուն։ Այժմ արդեն մեր ձեռքի տակ է Ազատ Արշակյանին պատկանող սառնարան-պահեստի խուզարկության արձանագրությունը, որտեղ առանձին-առանձին նշվել են հայտնաբերված էլեկտրական տարբեր չափերի մարտկոցները, ռադիոկայանի մասերը եւ «Վիոլա» տիպի 3 ռադիոկայանները, զինվորական սաղավարտները, լիցքաթափող 2 ժիլետները, «2 հատ մետաղյա ձողերն՝ իրենց հենակներով», 2-ական տեսաժապավեններն ու ձայներիզները, 1 աուդիոփլեյերը, համակարգիչը եւ 5 դիսկետները, «Անկախության բանակ» հայրենասիրական միության կանոնադրության պատճենը եւ, որ ամենակարեւորն է՝ երկու պետհամարանիշներ։ Խուզարկությամբ հայտնաբերված զենքերի մեկ այլ խումբ էլ, ասենք այսպես՝ անլիարժեք է։ Առգրավվել են կրականետի դատարկ խողովակներ, «քիչ դեֆորմացված», ուսումնական, առանց բռնակի կամ պայթուցիչի բազմաթիվ նռնակներ, ականորսիչի ականջակալ (պարզվում է, դա էլ է զենք), ինքնաձիգի դատարկ պահունակներ, գազային մխոցներ ու լիցքավորման սարքեր, լուսարձակ եւ ազդանշանային փամփուշտներ, ատրճանակի 2 պատյաններ եւ ինքնաձիգ մաքրելու երկու ձողեր։ Լավ, կհարցնեք, բա էդ անտեր զինապահեստնում մի կարգին զենք չկա՞ր։ Չենք թաքցնի՝ կա՛ր։ Ուղղակի այդքան տարփողված 89 անուն զենքերից դատաձգաբանական փորձաքննությամբ միայն 23-ն են ճանաչվել ռազմամթերք։ Առանձին հրապարակման նյութ է փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այդ զենքերը հին են (առգրավվածների մեջ է 1945 թվականի արտադրության մի ինքնաձիգ), փոշեծածկ ու ժանգոտած։ Բայց այս անգամ անդրադառնանք ժամանակին «պոչով սուտ» որակված այն պնդմանը, թե իբր այդ զենքերը հաշվառված կամ համարակալված են եղել պաշտպանության նախարարությունում։ Վերջինս թեեւ նախապես հերքել էր այդ լուրը, բայց հոկտեմբերի 4-ին պաշտպանւթյան նախարարի սպառազինության գծով տեղակալ Յու. Խաչատուրովը Գլխավոր դատախազությանը հայտնել է. «Անկախության բանակ» ջոկատն իրոք ՀՀ ՊՆ-ից ստացել է զենք եւ զինամթերք՝ սահմանները պաշտպանելու նպատակով, որի մասին կան համապատասխան փաստաթղթեր»։ Եվ թվարկում է 9 անուն զինամթերք, որոնցից միայն երկու տեսակն է՝ այն էլ, ոչ լրիվ, վերադարձվել պաշտպանության նախարարության կենտրոնական պահեստ։ «Սակայն մենք չենք կարող վստահորեն պնդել, որ առգրավված զինամթերքը մեր մոտից ստացված զինամթերքն է, քանի որ ջոկատը մասնակցել է ռազմական գործողություններին եւ բնականորեն օգտագործել է զինամթերք, գրավել է թշնամուց ռազմավար եւ տեղում կցված շրջանների զորամասերից նույնպես ստացել է զինամթերք»,- գրել է գեներալ Խաչատուրովը։ Համեմատելով ՊՆ սպառազինության վարչության տվյալները Գորվետկա 4-ից առգրավված զինամթերքի ցանկի հետ, սակայն, մենք որոշ ընդհանրություններ նկատեցինք։ Ասենք, ՊՆ-ն «ՎՕԳ-17» կամ «Ֆ-1» տեսակի նռնակներ էր տրամադրել «Անկախության բանակին» եւ հենց այդ տեսակի նռնակներ էին սեպտեմբերի 14-ին հայտնաբերվել Ազատ Արշակյանին պատկանող, բայց «Անկախության բանակին» վարձակալության հանձնված պահեստում։ Իսկ այժմ գլխավոր հարցերը՝ ո՞վ է կուտակել այս զենքերը, արդյոք բավարար կերպով հիմնավորվա՞ծ է մեղադրական եզրակացության այն առանցքային պնդումը, թե Ազատ Արշակյանն է «1990 թ. սկզբներին ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվության ձեռք բերել» եւ պահել դրանք։ Իրավական թեմաներում հմտացած գործընկերս՝ Ռուզան Մինասյանն այս առնչությամբ նկատեց. «1990-ին զենքը խլում էին, իսկ խլված զենքերի համար «համապատասխան թույլտվություն» Բաքուն կամ Կրեմլը չէին տալու»։ Սեպտեմբերի 14-ին իբրեւ վկա հարցաքննության ընթացքում Ազատ Արշակյանն էլ է գրել. «Ես այդ բոլոր զենքերը ձեռք եմ բերել հակառակորդից, մարտական դաշտում՝ որպես ռազմավար Սովետական 7-րդ բանակի զինապահեստներից (տարբեր տեղերից)։ Օրինակ, կրականետերը՝ ուղղաթիռների զորամասից, որը տեղակայված էր Երեւանի փոքր օդանավակայանում, 1990-ին՝ ամիս-ամսաթիվը չեմ հիշում։ Ես տեղյակ եմ նաեւ Հայաստանի Քրեական օրենսգրքի զենք-զինամթերք հայթայթել-պահելու մասին համապատասխան հոդվածին։ Ես դա գիտեի սովետների ժամանակ էլ, երբ գրոհով զավթում էի այդ զենքերը»։ Սակայն Հայաստանի Հանրապետության դատախազության համար խորհրդային բանակից զենքեր խլելը դատապարտելի է եւ մեղադրական եզրակացության մեջ այդպես էլ գրել են. «Հանցագործությունը կատարվել է 1990-2001 թթ. ընթացքում»։ Իսկ հակասովետական քարոզչության համար դատապարտված եւ արդարացված Ազատ Արշակյանն այս եզրակացության մեջ այսպես է բնութագրվում. «նախկինում դատված, մարված»։ Ի դեպ, հենց վերոհիշյալ ցուցմունքն էլ հիմք է հանդիսացել Ազատ Արշակյանին մեղադրանք առաջադրելու։ Նրա մեղքը հաստատող այլ ապացույցներ մեղադրական եզրակացության մեջ, ըստ էության, թվարկված էլ չեն, բացի «Անկախության բանակ» կազմակերպության նախագահ Հայկ Գեւորգյանի ցուցմունքից, որը նշում է, թե զենքերը հայտնաբերելու օրն Ազատ Արշակյանն իրեն հայտնեց, որ այդ ռազմամթերքը պատկանում է իրեն։ Սակայն Հայկ Գեւորգյանն անգամ դատակոչի ենթակա վկա չի ճանաչվել։ Ուստի միակ ապացույցը մնում է Ազատ Արշակյանի այդ առաջին ցուցմունքը, որից հետո հրաժարվել է։ Իսկ նախաքննության մարմնին ինչպես չի մտահոգել, թե արդյոք մի անձնավորություն, եթե Ռեմբո կամ Սուպերմեն չէ, կարո՞ղ է միայնակ այդքան զենք հայթայթել, այնպես էլ չի փորձել տալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞վ են բացատրելի այդ նույն ցուցմունքում առկա բազմաթիվ հակասական եւ իրարամերժ պնդումները։ Շուրջ 7-ժամյա այդ հարցաքննության ընթացքում Ազատ Արշակյանը նախ ասել էր. «Զենքի եւ զինամթերքի առկայությունը մեր գրասենյակի տարածքում ինձ համար էլ անակնկալ էր։ Ես կարծում էի, որ այդ առանց պատուհանների փակ սենյակը հանգուցյալ հրամանատար Արթուր Մալխասյանի ֆոտոլաբորատորիան է, որտեղ նա մտադիր էր զբաղվել իր սիրած գործով՝ լուսանկարչությամբ»։ Հետո բողոքել էր. «Ես արդեն 24 ժամ է մասնակցում եմ խուզարկության, բերման, քննչական գործողություններին (ձերբակալման արձանագրության մեջ կա Ազատ Արշակյանի հայտարարությունը, ըստ որի՝ իր նկատմամբ 30 ժամ անընդմեջ կատարվել են քննչական գործողություններ.- Ա. Ի.), որի հետեւանքով շատ հոգնած եմ եւ անառողջ։ Ես զրկված եմ հանգստի հնարավորությունից, սննդից եւ տարրական սանիտարահիգիենիկ միջոցառումների հնարավորությունից. ենթադրում եմ, որ այդ վիճակում են նաեւ իմ ընկերները»։ Եվ անմիջապես դրան հետեւել է խոստովանությունը. «Ես անմիջական առնչություն եմ ունեցել մեր գրասենյակում հայտնաբերված եւ առգրավված զենքին եւ զինամթերքին. դրանք իմն են։ Իմն են՝ որպես «Անկախության բանակի» հիմնադիր մարտիկի»։ Այսքանը բավական էր, որ ազատ արձակվեին ձերբակալված նրա 15-20 ընկերները։ Թեեւ քննիչներին պիտի՛ մտահոգեր՝ ինչո՞ւ է ցուցմունքում մի դեպքում գրել, որ այդ զենքերը «միշտ ձեռքբերման ժամանակահատվածից մինչեւ դրանց առգրավելը գտնվել են այն տեղում, որտեղից որ հայտնաբերվել են», իսկ հետո պատմել, որ հրադադարից հետո՝ 1994-1995-ից մինչեւ 2000-ի աշունը կամ ձմեռը այդ զինամթերքը պահվել է «Անկախության բանակի» հրամանատար Արթուր Մալխասյանի մոտ. «Իսկ դրանից հետո տեղափոխվել եւ պահվել են սառնարան-պահեստի վարչական շենքի աջ թեւի փակ, առանց պատշգամբների սենյակում, որի բանալիները գտնվում էին Արթուր Մալխասյանի մոտ»։ Վերջինս մահացել էր 2001-ի մարտի 28-ին։ Իսկ Ազատ Արշակյանը հենց սեպտեմբերի 14-ի իր առաջին ցուցմունքում էր գրել, որ ինքը հայտարարել է, թե զենքերը պատկանում են իրեն, «որպեսզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իմանան, որ ես եմ պատասխանատու, եւ մեր տղաներին չանհանգստացնեն»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել