Ո՞ՒՄ ՄԱՏՆ Է ԽԱՌԸ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի՞, թե՞ անկախ ԶԼՄ-ների Արդեն 2 օր Վրաստանի մայրաքաղաքում ծավալված բազմահազարանոց ցույցերը, որոնք ծայր են առել «Ռուսթավի 2» անկախ հեռուստաընկերության դեմ այդ երկրի պետանվտանգության մարմինների կատարած ոտնձգություններից հետո, սպառնում են վերածվել ռազմական հեղաշրջման, թեեւ, ինչպես լրատվական գործակալություններն են տեղեկացնում, Վրաստանում ցուցարարների մի զգալի մասը կազմում են երիտասարդներն ու ուսանողները, որոնց միացել են նաեւ քաղաքական եւ պետական գործիչներ, մտավորականներ: Վրաստանի ուժայինների գործողությունները անկախ հեռուստաընկերության դեմ դիտարկվել է իբրեւ ազատ խոսքի ոտնահարման փաստ եւ հակաժողովրդական քաղաքականություն ու դարձել խորհրդարանի արտահերթ նիստի քննարկման առարկա: Երեկ, հետեւելով Վրաստանի պետանվտանգության նախարար Վախթանգ Կուտատելաձեի օրինակին, այդ երկրի խորհրդարանի հատուկ նիստում հրաժարական են ներկայացրել Վրաստանի ՆԳ նախարար Կախա Թարգամաձեն, խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան, ինչպես նաեւ՝ հանրապետության գլխավոր դատախազը: Ժվանիան հրաժարական է ներկայացրել, ինչպես ինքն է ասել՝ հերքելու լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների այն մեկնաբանությունները, թե ինքը երկրում ստեղծված վիճակն օգտագործում է իշխանության գալու համար: Նա պատգամավորներին առաջարկել է անհապաղ խորհրդակցություններ սկսել եւ առաջադրել խորհրդարանի նոր նախագահի թեկնածություն՝ խորհրդարանն անգործության չմատնելու համար: Երեկ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն իր հերթին ցրել է կառավարությունն իր ամբողջ կազմով: Նրա այդ հրամանը խորհրդարանում ընդունվել է մեծ խանդավառությամբ: Որոշ դիտորդներ սակայն արձանագրել են, թե Վրաստանի խորհրդարանում կառավարության պաշտոնանկության հարցը քննարկման առարկա է դարձել հատկապես Շեւարդնաձեին սատարող խորհրդարանական խմբակցության կողմից, ինչը նշանակում է, թե նախագահ Շեւարդնաձեն ամենեւին էլ դեմ չէր իրադարձությունների նման զարգացմանը: Վերջինիս համար, թերեւս, անակնկալ է եղել միայն այն, որ ՆԳ նախարարի եւ գլխավոր դատախազի հրաժարականը պահանջող ցուցարարներին չի բավարարել ոչ միայն նրանց պաշտոնանկությունը, այլեւ՝ ամբողջ կառավարության ցրումը: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր եւ արդարադատության նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլին՝ հանդես գալով խորհրդարանի դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ, հայտարարել է, թե կառավարության պաշտոնանկությունը «իշխանության լծակներին տիրապետող կոռումպացված անձանցից ազատելու ուղղությամբ առաջին քայլն է միայն»: Խորհրդարանի պատգամավոր Կոբա Դավիթաշվիլին՝ հանդես գալով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերով, հայտարարել է, թե ցույցի մասնակիցները պահանջում են նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ցուցարարներն այդ պահանջը պնդել են երեկ ողջ օրվա ընթացքում: Ի վերջո, նախագահ Շեւարդնաձեն հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե երկրի խորհրդարանն ընդունի ՆԳ նախարարի եւ գլխավոր դատախազի հրաժարականները: Սակայն մի քանի ժամ անց պարզվեց, որ դա ընդամենը ժամանակ շահելու միջոց էր: Երեկ երեկոյան կողմ նախագահ Շեւարդնաձեն՝ հանդես գալով Վրաստանի պետական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ երկրում ստեղծված այդ ծանր վիճակի պայմաններում եւ հասկացել է, որ պետք է մնա իր տեղում: Նա մասնավորապես ասել է. «Այսօր նախագահն անհրաժեշտ է մասնավորապես նոր կառավարություն ձեւավորելու համար»: Էդ.Շեւարդնաձեն Ռուսթավելու հրապարակում հավաքվածներին կոչ է արել ցրվել՝ նշելով, որ նրանց պահանջները՝ պաշտոնանկ անել ՆԳ նախարարին եւ գլխավոր դատախազին, կատարվել են: Նա անդրադառնալով երկու օր շարունակ Թբիլիսիի փողոցներում տեղի ունեցող ցույցերին ասել է, թե «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված պատմությունը նախագահին եւ կառավարությանն իշխանությունից հեռացնելու մտահղացման մի մասն է միայն: Դիտորդները միանշանակ դիրքորոշում չունեն այն հարցում, թե արդյոք Վրաստանում ստեղծված ապակայուն եւ պայթյունավտանգ իրավիճակը պայմանավորված է անկախ մամուլի դեմ իշխանությունների ոտնձգություններո՞վ, թե՞ իրականությունն ավելի խորն է, եւ այստեղ էլ Ռուսաստանի «մատը խառն» է: Ի դեպ, անդրադառնալով Վրաստանում ստեղծված իրավիճակին՝ ՌԴ Պետդումայի «Միասնություն» խմբակցության ղեկավար Վլադիսլավ Ռեզնիկն ասել է, թե վերջին օրերին կատարվող իրադարձությունները վկայում են հանրապետության իշխանությունների կաթվածահար վիճակի մասին: Նրա խոսքերով՝ «եթե Վրաստանի նախագահն ի վիճակի չէ վերահսկել իր ուժայինների գործողությունները, ապա Վրաստանի տարածքում ահաբեկիչների հետ հարցերը լուծելու նրա անկարողությունը կասկած չի հարուցում»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ